Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Դեկտեմբեր 15,2007 00:00

Խոսքը ոչ թե օլիգարխի, այլ նրա անվանակից աշխարհահռչակ դաշնակահարի մասին է

Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ՝ «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը արդեն 8-րդ տարին է, որ հայ հանդիսատեսին ներկայացնում է միայն աշխարհահռչակ երաժիշտներ եւ կոլեկտիվներ: Հերթական աստղը, արտերկրի մամուլի ներկայացմամբ՝ «երաժշտական օլիգարխ», ռուս դաշնակահար Բորիս Բերեզովսկին է, որի համերգը կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 19-ին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ եւ մենահամերգը դեկտեմբերի 20-ին՝ Ազգային օպերային թատրոնում:

«Ժամանակին հայտնի ալտահար Յուրի Բաշմետն ասաց, որ եթե փառատոնային համերգների շրջանակներում հաջողվի հրավիրել նաեւ Բերեզովսկուն, ապա կարող եք հպարտանալ, որ «21-ի հեռանկարներ» փառատոնը հասել է ամենաբարձր մակարդակին»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Նա ավելացրեց նաեւ, որ դաշնակահարի հայաստանյան համերգների կազմակերպումը տեւել է շուրջ 2 տարի: Տեղեկացնենք, որ Բ. Բերեզովսկին 1987թ. շահել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը: 1988-ին նրա եւ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի Wigmore hall-ում կայացած համերգից հետո, տեղի հեղինակավոր թերթերից «Թայմսը» երաժշտի մասին գրել է, որ նրանից ավելի վիրտուոզ կատարող հնարավոր չէ պատկերացնել: Դաշնակահարը ելույթներ է ունեցել աշխարհի հեղինակավոր սրահներում, ճանաչված նվագախմբերի հետ, համագործակցել մեծանուն դիրիժորներ Կուլտ Մազուրի, Չարլզ Դյութոյի, Վլադիմիր Աշկենազիի եւ այլոց հետ:

«Առավոտի» դիտարկմանը, թե ժամանակին ասվում էր, որ փառատոնը Հայաստանում, բացի հայտնի արվեստագետներ ներկայացնելուց, կնպաստի նաեւ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործական կյանքի խթանմանը, ինչպես նաեւ կօգնի երիտասարդ երաժիշտներին, փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը հայտնեց, որ 8 տարիների ընթացքում մեր կոմպոզիտորներն արտերկրի երաժիշտների կողմից արդեն ստացել են տարբեր ծավալի ստեղծագործությունների պատվերներ, իսկ Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող Անուշ Նիկողոսյանը փառատոնի կազմակերպիչների շնորհիվ այսօր ուսանում է Մյունխենում՝ անվանի ջութակահար Քրիստո Պոպենի դասարանում. «Փառատոնային համերգներում ներգրավում ենք նաեւ հայաստանյան կոլեկտիվներին, ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերին, «Կոմիտաս» քառյակին եւ այլն»:

Հաջորդ դիտարկմանն էլ, թե «21-ի հեռանկարների» համերգներին կազմակերպիչները հաճախ հանդիսատես են «ապահովում» հրավիրատոմսերի միջոցով, Ս. Ռոստոմյանը համակարծիք լինելով՝ նախ հայտնեց, որ Բերեզովսկու համերգներին հրավիրատոմսեր են հատկացրել կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի դասախոսներին եւ ուսանողներին, հետո հավելեց հայտնի գեղանկարիչ ու քանդակագործ Արտո Չաքմաքչյանի պատմածը. «Ժամանակին, երբ Արկադի Ռայկինը եկել է Երեւան, Արտոյից երկու նկար է գնել: «Վերեւները» տեղեկանալով, որ դրանք բարձր արժեք ունեն, գեղանկարչին ասել են՝ հնարավոր չէ՞ր պարզապես նվիրել: Չաքմաքչյանն էլ պատասխանել է՝ եթե նվիրեի, Ռայկինը կտաներ ու մյուս հուշանվերների կողքին կդներ: Եթե գումար է վճարել, ուրեմն նկարներս տեղ կգտնեն Ռայկինի տան ամենապատվավոր տեղում: Ճիշտ եք, փառատոնային համերգների հրավիրատոմսերի շռայլությունը մի տեսակ գցում է աստղի վարկը: Բայց հուսով եմ, որ ժամանակին այս հարցն էլ կկարգավորվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել