Լրահոս
Օրվա լրահոսը

«Քահանաներն աշխատավարձ չեն ստանում»

Դեկտեմբեր 15,2007 00:00

Երեկ բանավեճի ժամանակ ասաց տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, երբ հոգեւորականներին մեղադրեցին զանազան արարողությունների համար գումար պահանջելու մեջ:

Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Կրոնական հանդուրժողականություն» թեմայով բանավեճ: Հյուրերն էին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը եւ ԵՊՀ դասախոս, քաղաքագետ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: Քանի դեռ բանավեճը չէր թեժացել, տեր Շմավոնը միանգամից ապահովագրեց Հայ առաքելական եկեղեցուն եւ որպես հանդուրժողականության նշան, փաստեց. «Հայաստանում գործում են ռուս եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ, հայ կաթոլիկ եկեղեցու թեմը»: Վերլուծաբանը կրոնական հանդուրժողականության էությունը բացահայտեց հասարակական մակարդակով. «Հանդուրժողականություն եւ ազատություն հասկացությունները մեր հասարակության տարբեր մակարդակներում այլասերվում են, օրինակ՝ քաղաքական ազատությունը մարդկանց համար արգելված ճանապարհ է, տնտեսական եւ գաղափարական ազատություններն էլ՝ մոնոպոլիզացված»: Ա. Սեդրակյանը իր ասածին հավելեց. «Աղանդ բառը շրջանառվում է միայն նախկին Խորհրդային Միության երկրներում, այլ երկրներում դա համարվում է վիրավորանք»:

Տեր Շմավոնը ճիշտ չընկալեց եւ հերքեց. «Աղանդ բառն ամենեւին էլ հայկական ծագում չունի: Աղանդներ կան այն երկրներում, որտեղ գոյություն չունի ավանդական եկեղեցի»: Այս խոսակցությունից վրդովված, քահանան սկսեց մի շարք հարցեր հնչեցնել. «Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ առավոտից երեկո բազում աղանդավորներ թակում են բնակիչների դռները, ինչո՞ւ չեք փաստում հաճախակի դարձող ինքնասպանությունները»: Իսկ քաղաքագետը հոգեւորականի հարցը տողադարձեց հարցով. «Ո՞ւր են Հայ առաքելական եկեղեցու այն սպասավորները, որ թակեն մարդկանց դռները եւ թշվառության մեջ գտնվողներին օգնեն: Ո՞ւր է հայ եկեղեցու հասարակական գործառույթը, որն ունի, օրինակ, Ռուս ուղղափառ եկեղեցին»: Ա. Սեդրակյանի հարցին տեր Շմավոնը պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք, թե Հայ առաքելական եկեղեցին քանի բարեգործական ճաշարան է հիմնել, որքան մարդ է օրը մի քանի անգամ տաք սնունդ ստանում»: Քաղաքագետն էլ պահը բաց չթողնելով՝ հարցրեց զրուցակցին. «Քանի՜-քանի նվիրատվություններ է ստանում եկեղեցին եւ ո՞ւր է այն թափանցիկ հաշվետվությունը, որը պետք է ստանա հասարակությունը»: «Եկեղեցու եկամուտները ստուգվում է աուդիտի միջոցով»,- կարճ պատասխանեց հոգեւոր սպասավորը:

Կրկին անդրադառնալով կրոնական հանդուրժողականության եւ աղանդների թեմային, Ա. Սեդրակյանը նկատեց. «Եթե մարդն այլընտրանք է ուզում, ուրեմն թափուր տեղ կա: Իսկ եթե այդ տեղը դատարկ է թողնված, նշանակում է Հայ առաքելական եկեղեցին բացթողումներ ունի»: Հոգեւորականը այդ «բացը» պայմանավորեց իր գործընկերների «կոտորածով». «1917-40 թթ. շուրջ 400 հոգեւորական է աքսորվել եւ գնդակահարվել, որոնց պակասը չի լրացվել»:

Ա. Սեդրակյանը կարծում է, որ կաշառակեր, ոչ բարոյական, եկեղեցու շահերը քամահրող սպասավորները՝ արատավորելով հայ եկեղեցու պատիվը, շատ մարդկանց դրդում են այլ կրոնական ուղղություններ դավանել: Տեր Շմավոնը պահանջեց հնչեցված կարծիքը հավաստել փաստերով: Իսկ քաղաքագետը փաստեց հարսանիքների եւ հուղարկավորությունների ժամանակ հոգեւորականներին գումար տալը: «Քահանան աշխատավարձ չունի, միայն վանքում աշխատող կուսակրոններն են աշխատավարձ ստանում: Ուստի ինչո՞վ ապրի այդ մարդը, ինչպե՞ս ընտանիք պահի: Հետեւաբար, որեւէ աննորմալ բան չկա, երբ մարդը խաչը համբուրում եւ նվիրատվություն է անում եկեղեցուն»,- պատասխանեց տեր Շմավոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել