Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ «ԿՈՏՐՎԵԼ»

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Երեկ հայտարարեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Հայացք» ակումբի երեկվա հյուրը ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանն էր, թեման՝ քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածության աստիճանը: Ն. Գալստյանի փոխանցմամբ, այսօր երիտասարդության 70-80%-ը հասարակական-քաղաքական կյանքում որեւէ դերակատարություն չունի. «Կարծում եմ՝ այն իրականության մեջ, որում մենք ապրում ենք, դա նորմալ է եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Ինչ վերաբերում է երիտասարդության ձայնի լսելիությանը, կարծում եմ՝ այն երիտասարդական ուժը կամ կազմակերպությունը, որը ցանկանում է իր ձայնը լսելի դառնա, անպայման հասնում է ուզածին: Օրինակ, հիմա՝ ոչ միայն մեր, այլեւ շատ քաղաքական կազմակերպությունների երիտասարդների ձայնը լսելի է: Ցավոք, կեղտոտ աշխատանքը մշտապես տրվում է երիտասարդությանը: Այսինքն, քաղաքական գործիչները, որոնք մեր ավագ ընկերներն են՝ ընդունում են որոշումներ, իսկ դրանց ընդունման կատարումը հանձնարարվում է երիտասարդներին կամ էլ քաղաքականության մեջ քիչ փորձ ունեցողներին, իսկ դա իր մեջ ներառում է հնարավոր ամեն ինչ՝ թռուցիկ փակցնելուց մինչեւ բանակումների կազմակերպում»:

«Առավոտի» հարցին՝ արդյոք Ն. Գալստյանը չի՞ «կոտրվել» իր հետ պատահած վերջին դեպքերից հետո եւ շարունակելո՞ւ է նախկինի պես ազատ արտահայտել կարծիքն ու տեսակետները, բանախոսը պատասխանեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ՝ պաշտպանված ՀՀ սահմանադրությամբ, որը ինձ համար գերակա արժեք է, ազգային գաղափարախոսություն եւ հնարավոր ամեն ինչ: Բնականաբար, կոտրվելու ոչ մի խնդիր չկա: Եվ եթե «կոտրվել» ասելով նկատի ունեք իշխանություններին ոչ հաճո արտահայտություններ ու գործեր անելը, ապա ասեմ, որ ամեն ինչ նորմալ է եւ մեր գործը նախկինի պես շարունակում ենք: Վերջին դեպքերի հետ կապված էլ ասեմ, որ նախաքննություն է ընթանում, վստահում ենք մեր իրավապահներին: Հիմա ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում անել, որպեսզի ավելորդ անգամ չշահարկվի: Հավատում եմ, որ գործը կբացվի: Չգիտեմ, թե դա ում էր ձեռնտու, երեւի անձնավորված քաղաքական հաշվեհարդար էր»:

Դառնալով մյուս կուսակցական երիտասարդների հետ «Սարգիս Տխրունի» միության համագործակցությանը, նա ասաց, որ իրենք համագործակցում են միայն ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւերի հետ: Ն. Գալստյանը երեկ կրկին հիշեցրեց, որ «Սարգիս Տխրունի» երիտասարդական-ուսանողական միությունը կանգնած է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:

Ն. Գալստյանը երեկ հիշեց. «Մեկ ու կես տարի առաջ ԱԺ-ում երիտասարդ պատգամավորներից մեկը ԱՄ կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի նկատմամբ մի քանի ոչ պարկեշտ արտահայտություններ արեց, ես մտածեցի, որ ինչքան էլ քաղաքական հակասություններ գոյություն ունենան, ի վերջո, պետք է հարգել այդ մարդու տարիքն ու ամաչել գոնե նրա սպիտակ մազերից: Սակայն հաշվի առնելով այս օրերին Արտաշես Գեղամյանի տված «համերգները» (նկատի ունի ՀՀ առաջին նախագահի հասցեին նրա արած տգեղ արտահայտությունները- Ե. Հ.), ես սկսեցի հասկանալ այն պատգամավորին»: Անդրադառնալով նախագահական ընտրություններին էլ, երիտասարդ հնչակն ասաց, որ ինքը համոզված է՝ եթե լինի երկրորդ փուլ, ապա այդ փուլում անպայման կհայտնվեն ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ ընտրությունների թափանցիկությունն էլ, ըստ բանախոսի, կախված է ընդդիմությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել