Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում է մեկ սենյակ՝ ամենափլված հանրակացարանում

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Հաշմանդամ կինը բնակվելու տեղ չունի

Երկրորդ կարգի հաշմանդամ Ռոզա Շահազիզյանը, իր խոսքերով՝ ներկայումս ապրում է «բոմժի» կարգավիճակում. ոչ տուն ունի, ոչ էլ հիմնական ապրելատեղ: Նա ամեն անգամ ստիպված է լինում կացարան խնդրել իր այս կամ այն ընկերուհուց: Այդպես ապրում է արդեն 8 տարի: «Շաբաթվա մի քանի օրը մեկի տանն եմ, մի քան օրը՝ մյուսի, չեմ կարող անընդհատ մեկի վրա բեռ լինել: Ամեն անգամ չեմ ուզում նրանց նեղություն տալ, բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ: Ինձ հարազատ միայն իրենք են մնացել: Ես նրանց շատ շնորհակալ եմ ինձ օգնելու համար, բայց մինչեւ ե՞րբ կարող է այսպես շարունակվել: Հիվանդ կին եմ, հատուկ խնամքի կարիք ունեմ, դեղեր պետք է խմեմ, այդ ամենը գումար արժե, չէ՞: Բացի դրանից, աղերի կուտակում ունեմ, մի ոտքիս էլ՝ երակների խցանում: Իսկ իմ ընկերուհիները հազիվ են կարողանում իրենց ընտանիքի անդամներին ապահովել սնունդով ու հագուստով: Ինձ էլ բաժին են հասնում իրենց նվիրած շորերը: Ես անգամ չեմ կարող աշխատել, որ վարձով ապրեմ կամ մի քիչ գումար տամ ընկերուհիներիս՝ ինձ խնամելու ու դեղերիս ծախսը փակելու համար: Մեր պետությունից էլ մեծ գումարներ չեմ ստանում՝ 5 հազար 800 դրամ, դրանով մեկ ամսվա ընթացքում միայն ցամաք հաց կարելի է առնել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Ռոզան:

Նա բազմիցս դիմել է տարբեր պաշտոնյաների, բայց՝ անօգուտ: Միակ բանը, որ խնդրում է տարեց կինը կառավարությունից, այն է, որ իրեն ճանաչեն սոցիալապես անապահով եւ որպես հաշմանդամ ներառեն «Փարոս» ծրագրում: Տիկին Ռոզան կառավարությունից խնդրում է նաեւ իրեն հատկացնել ժամանակավոր կացարան. «Այնքան շատ հանրակացարաններ կան, դրանք այնքան էլ լավ վիճակում չեն, հին են ու գրեթե փլվում են, սակայն ես համաձայն եմ ամենավատ հանրակացարանում ինձ գոնե մեկ սենյակ տրամադրեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել