Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ «ԱՍՏԾՈ ՄԱՐԴ»

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Փախստական կինը տուն ստանալու հարցում անգամ կաթողիկոսին է դիմել \"\"

«Շուտով 20 տարին կլրանա, որ տուն-տեղս թողեցի եւ միայն վրայիս հագուստով Բաքվից փախանք-եկանք Հայաստան, բայց մինչեւ հիմա անտուն եմ, դռնեդուռ ընկած: Ում դիմում եմ ու խնդրում, որ մի բանով օգնեն, ոչ ոք բանի տեղ չի դնում: Ես միայնակ թոշակառու եմ, ինչքա՞ն կարամ անտեր ու անտուն ապրեմ, գոնե սեփական 10 քմ էլ չունենա՞մ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 65-ամյա փախստական, Մասիս քաղաքի բնակիչ Եվգենյա Գաբրիելյանը: Ձմռան գալուն պես Ե. Գաբրիելյանի «սեւ օրերը» սկսվում են: Նա ստիպված է լինում օրերով անկողնուց դուրս չգալ, քանի որ մեկ սենյականոց բնակարանում սարսափելի ցուրտ է: Անգամ ամենաարեւոտ օրերին տիկնոջ սենյակում ջերմաստիճանը 7-8 աստիճանից չի բարձրանում. «Հագուստով եմ անկողին մտնում, որ գոնե մի քիչ տաքանամ: Շաբաթը մեկ գազի բալոնը լցնում եմ: Օրվա մեջ մի քանի ժամ վառում եմ, որ ջերմաստիճանը գոնե պլյուս դառնա: Էդ գազն էլ որ չվառեմ՝ ցրտից կմեռնեմ: Մի քանի հազար դրամ թոշակով ու նպաստով հասցնում եմ ամսական տանս վարձը տալ, անգամ սնվելու համար գումար չեմ ունենում, էլ ուր մնաց կարողանամ բնակարանս հոսանքով ջեռուցել: Ամսական 1500 դրամի լույս եմ վառում: Ընդամենը մի հատ լամպ ու հեռուստացույց եմ միացնում»:

Տիկին Եվգենյան սնվելու համար օրը մեկ անգամ, բացի շաբաթ- կիրակի օրերից, այցելում է բարեգործական ճաշարան. «Բախտս բերել է, որ այդ ճաշարանն էլ կա: Գոնե որոշ չափով սնվելուս հարցը լուծվում է»: Նրա պատմելով, որ օրը ճաշարանից չի օգտվում՝ ցամաք հաց ու կարտոֆիլ է ուտում:

Ժենյա տատը, ինչպես նրան հարեւաններն են կոչում, ոչ մի խնամող չունի: Նրա քույրը վերջերս է մահացել, իսկ եղբայրներն էլ արդեն շատ մեծ են եւ ի վիճակի չեն տարին գոնե մեկ անգամ իրենց քրոջն այցելել: Նրա միակ խնամակալը տարիներ առաջ եղել է եղբորորդին՝ Արսենը, որն էլ արցախյան պատերազմի ժամանակ զոհվել է: Մեր այցելության ժամանակ էլ Ժենյա տատն անկողնում էր. «Գազը վերջացել է, պառկել եմ, որ մի քիչ տաքանամ»: Նրա սենյակի պատերը խոնավությունից ճաքճքել էին, ինչի հետեւանքով ծեփը թափվել էր, իսկ հոսանքալարերը՝ պատի միջից դուրս եկել: Իսկ բնակարանի տանիքն այնքան էր վնասված, որ ձյուն կամ անձրեւ գալու դեպքում Ե. Գաբրիելյանը տնով մեկ դույլեր է շարում:

«Ընտրությունները հենց մոտենում են՝ պաշտոնյաներն այդ ժամանակ են մեզ հիշում, խոստանում են օգնել, բնակարան հատկացնել, բայց հենց ընտրվում են՝ մեր մասին մոռանում են: Նախագահական ընտրությունների ժամանակ ինձ շատ օպերատիվ անձնագիր ու գրանցում տվեցին, ինչ է թե՝ գնամ ու իրենց ուզած թեկնածուին ընտրեմ, բայց ընտրվելուց հետո ինչքան նամակ գրեցի նախագահին ու վարչապետին, մնաց անպատասխան, նույնիսկ Վեհափառին եմ գրել, մտածելով՝ Աստծու մարդ է, մի բանով կօգնի»,- ասաց տիկին Ժենյան: 2005 թվականին միգրացիայի վարչությունը եւ քաղաքաշինության նախարարությունը Ե. Գաբրիելյանին բնակարան գնելու համար 4000 դոլար արժողությամբ վկայագիր են հատկացրել, սակայն փախստական կինն անգամ գյուղերում տուն չի կարողացել գնել: Այդ ժամանակահատվածում Մասիս քաղաքում մեկ սենյականոց բնակարանի գինը մոտ 7000 դոլար էր: Նկատենք, որ բնակարան գնելու վկայագրի գինը սահմանել է Կադաստրի պետական կոմիտեն, որն էլ հաշվում է բնակարանի շուկայական եւ կադաստրային արժեքի միջին գնով:

Այս առնչությամբ Միգրացիայի վարչության փախստականների հարցերի բաժնի պետ Արայիկ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ վկայագիր ստացած շատ քաղաքացիներ վերադարձրել են բնակարան գնելու վկայագրերը. «Մենք կառավարությանը նամակ ենք գրել եւ տեղեկացրել, որ շատ փախստականներ ընդգրկվել են բնակարան գնելու ծրագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել գնել եւ վկայագիրը վերադարձրել են, քանի որ ժամկետը 6 ամիս է: Խնդրել ենք, որ կրկին վերանայեն նրանց հարցը, որովհետեւ նրանք դեռեւս մնում են բնակարանի շահառու»: Ըստ Ա. Հարությունյանի, կառավարության որոշմամբ, բնակարան գնելու գումարները պետբյուջեից փոխանցվում են քաղաքաշինության նախարարություն, որտեղից էլ մեր ներկայացրած ցուցակների հիման վրա մարդկանց տրվում են այդ վկայագրերը: Քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից էլ պարզաբանեցին, որ եթե տիկին Եվգենյան դիմի մարզպետարան եւ հիմնավորի, թե ինչու չի կարողացել գնել բնակարան, կառավարությունը կորոշի՝ նրան տրամադրե՞լ նոր վկայական, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել