Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ներդրումներ՝ «Հայէկոնոմբանկում»

Դեկտեմբեր 15,2007 00:00

Շատ ճանաչված ավանդատուներ ու ներդրողներ շարունակում են վստահել հենց այդ բանկին

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով՝ համաշխարհային ճանաչում ունեցող 6 ֆինանսական կառույց երեկ «Հայէկոնոմբանկին» 15 միլիոն դոլարի սինդիկացված վարկ տրամադրեց: Չնայած վերջին շրջանում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ձեռնարկությունների հանդեպ ՀՀ իշխանությունների ցուցաբերած բացառիկ «հետաքրքրությանը», այն որեւէ կերպ չի անդրադառնում բանկի վարկանիշի վրա: «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի հավաստմամբ՝ իրենց հաճախորդների քանակը չի նվազել, ավանդատուներն ու գումար ներդնողները շարունակում են վստահել բանկի գործարար համբավին:

Միջազգային 6 բանկեր՝ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը» (ՎԶԵԲ), գերմանական, հնդկական, անգլիական եւ երկու ավստրիական բանկեր ի սկզբանե առաջարկել են «Հայէկոնոմբանկին» տրամադրել 18 միլիոն դոլարի վարկ, բայց քանի որ պահանջարկը եղել է 15 միլիոնի, ապա բանկի խորհուրդը ստորագրեց հենց այդքան գումարի պայմանագիր: Ըստ Դ. Սուքիասյանի, վարկը կտրամադրվի 14-16% տարեկան տոկոսադրույքով, իսկ մեկ գործարարին կտրամադրվի 400 հազար դոլար վարկ: Բանկի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ ընդհանուր գումարից 5 միլիոնը տրամադրվում է ՎԶԵԲ-ի, իսկ մնացած 10 միլիոնը՝ մասնակից 5 բանկերի կողմից: Այն հարցին, թե հարկային մարմինների կողմից վերջին օրերին «Հայէկոնոմբանկի» հանդեպ ցուցաբերած ակնհայտ հետաքրքրության պարագայում, երբ խոսակցություններ կան անգամ բանկի սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ, այս ամենը որեւէ կերպ չի՞ խոչընդոտել ներդրումներ կատարելուն, ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնշթեյնը պատասխանեց. «Ես հայկական մամուլին չեմ հետեւում, եւ այդ խոսակցություններից տեղեկություն չունեմ: Մեր որոշումները կայացրել ենք միայն օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա»: Ըստ Մ. Վայնշթեյնի, բանկը շատ վստահելի գործընկեր է եւ անընդհատ զարգանալու միտում ունի: Իսկ Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացման վերաբերյալ նա իր դիտարկումներն ունի ու կարծում է, որ մեր երկրի ֆինանսները կենտրոնացված են միայն շինարարության ոլորտում ու որպեսզի տնտեսությունը ներդաշնակ զարգանա, պետք է ֆինանսները բաշխել համամասնորեն: Մ. Վայնշթեյնի կարծիքով՝ Հայաստանում դոլարի կուրսի անկումը իրենց բանկի գործունեության եւ մեր տնտեսության վրա որեւէ կերպ չի անդրադառնում: Նրա խոսքերով՝ «Դոլարի արժեզրկումից տուժում ենք միայն մենք, քանի որ գնալով նվազում են մեր աշխատավարձերը»: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանի ներկայացմամբ էլ՝ բանկի վարկավորումը շատ կարեւոր ու նշանակալից իրադարձություն է. «Զուտ կոմերցիոն հիմունքներով տրամադրվող այս վարկի փողերը նպատակային են ու մեր տնտեսության զարգացման համար շատ կարեւոր նշանակություն ունեն: Այս իրադարձությունը խիստ նշանակալից է, քանի որ մեկ անգամ եւս հավաստում է, որ մեր բանկային համակարգը շատ զարգացած է եւ մենք կայուն գործընկերոջ համբավ ենք վայելում»: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնշթեյնը տեղեկացրեց նաեւ, որ բանկում իրենց կատարած ներդրումները հաջորդ տարի կհասնեն մոտ 100 միլիոն եվրոյի: Հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 25+1 բաժնեմասով հանդիսանում է «Հայէկոնոմբանկի» բաժնետեր:

Ի դեպ, Դավիթ Սուքիասյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մարդիկ սկսել են բանկերում իրենց ավանդը հիմնականում պահել դրամով: Նա նաեւ կանխատեսեց, որ այս տարի մինչեւ Ամանոր՝ դոլարի կուրսը շատ չի իջնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել