Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Վարդան Ղուկասյանի թիկնապահի զենքը պատահաբար կրակել է

Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանին գյումրեցիները ընդունեցին նույն սցենարով, որով սովորաբար շարժվում են երկրի նախագահի այցերի ժամանակ: Այս անգամ էլ վաղ առավոտից մարզի չինովնիկներն ու բողոք ունեցող գյումրեցիները Ամենափրկիչ եկեղեցու կողքին ցրտահարված սպասում էին վարչապետին: Նրա պատվին մաքրել էին անգամ մարզպետարանի սառցակալված մուտքը:

Սերժ Սարգսյանն այս անգամ Գյումրի էր եկել՝ որպես երկրաշարժի 20- ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է վերջերս՝ նախագահի հատուկ հանձնարարությամբ: Սերժ Սարգսյանը ծրագիր ունի Գյումրիում տեղադրել քանդակագործ Ֆրիդ Սողոյանի՝ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանը:

Ու չնայած վարչապետի այցի նպատակը Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ Մոսկվայում ստեղծված հոգաբարձուների խորհրդի կողմից ֆինանսավորվող հուշարձանի հարցերը լուծելն էր, սակայն նախքան մարզպետարան մտնելն ու բուն թեմային անցնելը, անօթեւան գյումրեցիները վարչապետին շուրջկալեցին՝ նրան հիշեցնելով, որ արձաններից բացի, մի քիչ էլ իրենց մասին մտածի: Մարզպետարանի հենց մուտքի հարեւանությամբ գտնվող Գյումրիի համարյա փլատակ դարձած Իսահակյան 9 ա շենքի բնակիչները վարչապետին բողոքեցին, թե մինչեւ ե՞րբ պետք է իրենք վայրի կյանքով ապրեն: Սերժ Սարգսյանը տվեց ընդհանուր բնույթի պատասխաններ պատասխան չտվեց: Փոխարենը՝ հուշարձանի հեղինակ Ֆրիդ Սողոյանն էր Ռիժկովի անունից հուսադրում, որ վերջինս նպատակ ունի հայերի համար մեկ այլ բարի գործ եւս կատարել. նա մասնավորապես նպատակադրված է շարժել աշխարհի գութը հայերի նկատմամբ, երկրաշարժից հետո հայերին օգնած 64 երկրների ներկայացուցիչներին ուզում է Հայաստան հրավիրել ու խեղճուկրակ մարդկանց առօրյան ցուցադրել: Փաստորեն, դեռ օգնություն են ակնկալում դրսերից: Մինչդեռ, երբ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անցկացված բազմաթիվ քննարկումների ժամանակ մասնագետ-շինարարները անընդմեջ պնդում էին, որ եթե կառավարությունը սխալվի ու բյուջեից չորս տոկոս հատկացնի գյումրեցի անօթեւաններին, անօթեւան բառը գյումրվա «բառապաշարից» իսպառ կչքվի:

Երեկ վարչապետի՝ մարզպետարանի շենք մտնելն ու «պայթյուն» լսվելը մեկ եղավ: Չնայած վարչապետին ուղեկցողներին ու լրագրողներին թվաց, որ դա պայթուցիկով խաղացող երեխաների ձեռքի գործն էր, սակայն ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդմամբ՝ դա եղել է կրակոց. գրպանից պատահաբար ընկել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկի զենքը՝ ինքնաբերաբար կրակոց արձակելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել