Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 15,2007 00:00

Շարունակությունը

Եվ այս օրերին մենք վերստին համոզվում ենք, որ, ի դեմս նախկին իշխանությունների, ունենք վրեժխնդրությամբ լցված մարդկանց: Մարդկանց, ովքեր խոսքով ժողովրդավարություն են քարոզում, իսկ գործով անում են ճիշտ հակառակ գործողություններ: Ինչո՞վ բացատրել, որ ՀՀՇ-ն, խոսելով արդարության, ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում անցկացնելու մասին, դեռ մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, սկսել է լրատվական սանձարձակ շանտաժ: Բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր չեն բաժանում Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները, շտապում են պիտակավորել, դավաճանության մեջ մեղադրել: Եվ, վերջապես, խոսք է գնում ծախվածության մասին: ՀՀՇ-ական պարագլուխների տրամաբանության համաձայն՝ քաղաքական այն գործիչը, որը շարունակաբար պնդում է իր սկզբունքային տեսակետները եւ ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր, չգիտես ինչու, նրանց կողմից հանկարծ ճանաչվում է ծախված: Եվ դա հասարակությանը հրամցվում է այն դեպքում, երբ այսօր Լեւոնին սատարող քաղաքական գործիչներից շատերն անցած տարիների ընթացքում 2-3 անգամ ճամբարափոխության մեջ են նկատվել եւ ոչ միան ճամբարափոխության, այլ նաեւ տրամագծորեն իրարամերժ կարծիքներ են հայտնել թե՛ գործող իշխանությունների, թե՛ նախորդների հասցեին: Մեկ էլ տեսնում ես, որ ՀՀՇ-ական մամուլի էջերում սրանք հանկարծ դառնում են նվիրված ու հավատարիմ, իսկ մյուսները՝ ծախված: Եվ վերջապես. մարդ պետք է տարրական բարոյականություն ունենա, երբ հարեւան Թուրքիայի մամուլը հեղեղված է հոդվածներով, ուր ուղղակիորեն գրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավը ֆինանսավորելու նպատակահարմարության մասին ու դա արվում է անթաքույց, լկտիություն ունենա եւ ասի՝ ծախվածը «Ազգային Միաբանությունն» է: Եվ այս հարցում, ի՞նչ եք կարծում, ո՞վ է առավել աչքի ընկնում. Հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Ալիկ Արզումանյանը: Բա եղա՞վ, Ալիկ, վերջ տուր չարաճճիությանդ, քո սիրած թուրքերի խոսքով ասած՝ քյալագյոզությանդ: Ծախվածության թեման բարձրացնողներին ասեմ. այդ գործում ձեր փեշերը վաղուց են այրված, եւ երիցս տեղին ու ճիշտ է հայտնի ասացվածքը, երբ գողը բղավում է՝ բռնի՛ր գողին:

– Ձեր հանդիպումները հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ հետագայում Ձեր առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀՇ-ական քարոզչամեքենան որակեց որպես «ծախվածության դրսեւորում»: Ինչպե՞ս կարձագանքեք այդ «մեղադրանքներին»:

– Այս տարվա սեպտեմբերի 7-ին «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ կարեւորելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած թե՛ ներքին եւ թե՛ արտաքին մարտահրավերները, նաեւ խնդիր ունենալով բացառել արտաքին ուժերի միջամտությունը նախագահական առաջիկա ընտրությունների ժամանակ, նպատակահարմար էր գտել նախաձեռնել հանդիպումներ քաղաքական ազդեցիկ բոլոր ուժերի հետ: Այդ հայտարարության ոգուն հարազատ մնալով՝ ես հանդիպումներ եմ ունեցել ՀՀՇ-ականներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արարատ Զուրաբյանի, ԱԻՄ-ի անփոփոխ նախագահ Պարույր Հայրիկյանի, ինչպես եւ Շավարշ Քոչարյանի, Արթուր Բաղդասարյանի եւ այլոց հետ:

Մեր կոչում նշված էր, որ անհրաժեշտ է այդ հանդիպումներին մասնակից դարձնել հանրապետության իշխանական թեւի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Դրա շրջանակում հանդիպել եմ նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ որում, հետաքրքրականն այն է, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր մասնակիցներն արձանագրել են երկրում ծավալվող գործընթացների կարեւորությունը եւ դրանց վտանգավորությունը՝ անհրաժեշտ համարելով ձեռնարկել ամենը, ինչը զերծ կպահի հանրապետությունը անցանկալի զարգացումներից:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը», մանրամասն վերլուծելով Հայաստանի քաղաքական դաշտում ծավալվող զարգացումները, եկել է այն եզրահանգման, որ հին ու գործող իշխանությունների առճակատումը գնալով ահագնացող բնույթ է կրում եւ հղի է հետագայում քաղաքացիական բախումների վերաճելու վտանգով: Դա անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում, դա անթույլատրելի է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից: Այս ամենը նկատի ունենալով, մենք արձանագրել ենք. երբ կուսակցությունը մերժում եւ դատապարտում է թե՛ նախորդ իշխանություններին եւ թե՛ գործողներին, ապա միայն եւ միայն երկու կողմերին մերժելով, սակայն սեփական ճանապարհը, սեփական մոտեցումները չհրապարակելով, քաղաքական ուժը դադարում է կուսակցություն կոչվելու իրավունքից: Կուսակցությունը կայացած է համարվում, երբ տվյալ երկրի, հատկապես շրջադարձային փուլերում, հանդես է գալիս հստակ ձեւակերպումներով եւ ժողովրդին առաջարկում է քաղաքական իր գիծը: Ահա այս ամենը հաշվի առնելով, հաշվի առնելով դեռ 1997թ. հոկտեմբերի 17-ին նախորդ իշխանություններին տված գնահատականները, հաշվի առնելով իմ «Հակաճգնաժամային ծրագրում» տեղ գտած գնահատականները՝ գործող իշխանություններին, ինչպես նաեւ այն փաստարկները, որոնք բերվեցին մեր կուսակցության նախագահության նիստի ժամանակ, ինձ համոզեցին, որ ստեղծված իրավիճակում եզակի ճշմարիտ ճանապարհն է հանդես գալ ինքնուրույն թեկնածությամբ: Հանդես գալ ինքնուրույն ծրագրով եւ փորձել այդ ծրագրի մասնակիցն ու սեփականատերը դարձնել մեր ժողովրդին:

Բերված փաստարկները հանգեցրին մեր հայտնի որոշմանը: Հետաքրքրականն այն էր, որ մինչեւ կուսակցության նախագահության կողմից այդ որոշման ընդունումը, մենք քանիցս զգուշացրել ենք ՀՀՇ-ական պարագլուխներին, որ մամուլի միջոցով քաղաքական գործիչներին շանտաժի ենթարկելու իրենց որդեգրած քաղաքականությունը մերժում ենք: Մինչդեռ Տեր-Պետրոսյանին սպասարկող լրատվամիջոցները թիրախ են դարձնում բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք սեփական ծրագրերն ունեն եւ սեփական թեկնածությամբ են հանդես գալու նախագահական առաջիկա ընտրություններին: Լեւոնականների քարոզչության հիմքում դրված է պիտակավորումը, անձնական վիրավորանքներ հասցնելը:

Մենք մեր ժողովրդին հին ու գործող իշխանությունների մասին ասելիք շատ ունենք, փաստարկված եւ հիմնավոր շատ գնահատականներ կարող ենք տալ նրանց, սակայն մենք կրկին կոռեկտություն պահպանելու կոչ ենք անում: Մենք կրկին կոչ ենք անում, որ քաղաքական պայքարն ընթանա Հայաստանի ապագայի տեսլականի քննարկումների տիրույթում: Այո, քաղաքական պայքարը ծավալվի քաղաքական տարբեր մոտեցումների վերլուծությունների շրջանակում եւ գնահատվի, թե դրա արդյունքում հաղթող տեսակետի կենսագործումն որքան բարիք է բերելու եւ որքան բարիք է խոստանում մեր ժողովրդին, եւ, վերջին հաշվով, ազգային միաբանության հասնելու ճանապարհին որքանով են ծառայելու ազգային անվտանգության խնդիրների լուծմանը:

– Այնուամենայնիվ, որո՞նք էին այն գլխավոր դրդապատճառները, որ համոզեցին Ձեզ տալ համաձայնություն նախագահական առաջիկա ընտրություններում առաջադրվելու որպես նախագահի թեկնածու:

– Երբ ուշադրությամբ հետեւում ես Հայաստանի Հանրապետությունում ծավալվող գործընթացներին, ինչպես նաեւ վերլուծության ես ենթարկում Հայաստանի շուրջ ընթացող զարգացումները, ապա տեսնում ես այն վտանգները, որոնք դարանակալել են Հայոց պետականության առջեւ: Հարցեր, որոնց ես առիթ ունեցել եմ անդրադառնալու: Սակայն այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր ինքնուրույն բեւեռ ինքնահռչակվածները իրենց ողջ քաղաքականությունը նպատակաուղղել են երկիրը ապակայունացնելու գործին: Իշխանություններն էլ իրենց հերթին ամենն անում են, որ ինքնահռչակ ընդդիմադիր բեւեռին հակադրեն բիրտ ուժ: Դրանով իսկ հուժկու հարված է հասցվում մարդկանց գիտակցությանը, հարված, որն էլ ավելի է հիասթափեցնում ժողովրդին, որն էլ ավելի է հուսահատեցնում հասարակությանը: Ի դեմս գործող իշխանությունների եւ ինքնահռչակ ընդդիմադիր բեւեռի՝ ժողովուրդը տեսնում է, որ ազգի ճակատագիրը հավակնում են տնօրինել այնպիսի ուժեր, որոնք իրենց գործողություններով Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին չեն խոստանում խաղաղություն, որոնք մեր երկրին զարգացում չեն խոստանում: Այդ ուժերը ազգին զրկում են ապագայի տեսլականից, ապագայի նկատմամբ վստահության զգացումից: Սակայն ինքնին հասկանալի է, որ դրա տեսլականի առկայությունը հնարավոր կդարձնի Հայաստանը լքած հարյուր հազարավոր մարդկանց հետդարձը հայրենիք: Հնարավոր կդարձնի առնվազն մինչեւ 2015-2020 թթ. մեր երկրի ապագայի, արարման ճանապարհները տեսնել: Իսկ դրանց բացակայությունը, բնականաբար, կարող է բերել համազգային ապատիայի, անտարբերության, անհաղորդության, ապատիայի գիրկը նետված ժողովուրդն էլ չի կարող ազգային եւ ոչ մի լուրջ խնդիր լուծել: Չի կարող դիմակայել մարտահրավերներին, որոնք ծառացած են երկրի, պետականության առաջ, իսկ, որն ամենավտանգավորն է, չի կարող հաղթական ավարտի հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հայանպաստ լուծումը: Ահա, երբ այս իրավիճակում ճիգեր են գործադրվում, որ քաղաքական ամբողջ ներկապնակը բաժանվի սեւ ու սպիտակ գույների, երբ կարգախոս են ընտրել՝ «Ով մեզ հետ չէ, նա դավաճան է», ապա այստեղ է, որ կորչում է հայ մարդը, հայ քաղաքացին: Տպավորություն է ստեղծվում, որ նա այլեւս ոչ մեկին չի հետաքրքրում եւ ոչ մի գործչի ծրագրերում, որպես որոշիչ գործոն, դեր չի խաղում:

Ստեղծված պայմաններում, գիտակցելով սեփական պատասխանատվությունը մեր ժողովրդի, մեր նորանկախ պետականության եւ պատմության առաջ, մենք չէինք կարող մնալ դիտորդի կարգավիճակում եւ դա էր, թերեւս, որպես նախագահի թեկնածու իմ առաջադրման ամենակարեւոր դրդապատճառներից մեկը: Արդեն 11-րդ տարին է, ինչ «Ազգային Միաբանություն կուսակցությունը», լինելով ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժ, երբեք չի խուսափել պատասխանատվության իր բաժնից: Մենք երբեք չենք առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե իշխանության մեջ չենք, ապա պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքական հակառակորդները պարտադիր տապալվեն, թեկուզ եւ պետության կործանման գնով: Իսկ մենք էլ այդ ողբերգական զարգացումների արդյունքում սեփական դիրքորոշումների արդարացիությունը հաստատած լինենք: Ինչ խոսք, դա մեզ համար անընդունելի է: Ամեն կորուստ, որը կրում է մեր պետականությունը, մենք վերագրում ենք նաեւ մեզ, որ չենք կարողացել պատշաճ չափով ներազդել իշխանությունների վրա, որ նրանք կարողանային երկիրը զերծ պահել կորուստներից: Ահա, վերոհիշյալ այս դրդապատճառներից ելնելով, նաեւ տեսնելով տագնապահարույց բազում այլ խնդիրների առկայությունը, «Ազգային Միաբանություն կուսակցությունը» նպատակահարմար գտավ հանդես գալ սեփական թեկնածուով:

– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը 2008 թ. նախագահական ընտրություններից հետո: Ո՞րն է լինելու ապագայում Ձեր եւ «Ազգային Միաբանություն կուսակցության» անելիքը:

– «Ազգային Միաբանություն կուսակցությունն» այսօր իր հիմնական խնդիրներից մեկը համարում է մեր ժողովրդին բացատրել եւ ապացուցել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում արդեն իսկ գործում է քաղաքական երրորդ ուժը, ձեւավորվել է քաղաքական երրորդ բեւեռը, որը մերժում է առճակատմամբ հղի այն զարգացումները, որոնք դրվել են թե՛ գործող, թե՛ նախորդ իշխանությունների գործունեության հիմքում: «Ազգային Միաբանությունը» ամենն անելու է, որ մեր կողմից առաջարկվող ծրագրերում ժողովուրդը տեսնի սեփական դերակատարությունը, որ գիտակցի՝ իշխանության բերելով «Ազգային Միաբանություն կուսակցության» թեկնածուին, նա ինքն է գալիս իշխանության, նա ինքն է գալիս արարելու սեփական ճակատագիրը: Նա ինքն է գալիս ասելու ո՛չ՝ կլանային, օլիգարխիկ այն համակարգին, որը ձեւավորվել է դեռ նախորդ իշխանությունների ժամանակ եւ, ավա՜ղ, շարունակում է գործել ներկա իշխանությունների պարագայում: Որ ժողովուրդը հասկանա ու գիտակցի, որ դրական իմաստով այն փոփոխությունները, ինչն արձանագրվել է գործող իշխանությունների կողմից առաջարկվող 2008 թ. բյուջեում, անշրջելի կլինեն միայն եւ միայն այն պայմաններում, երբ հզորանա ուժի երրորդ բեւեռը, ուժի երրորդ կենտրոնը: Բեւեռ, որը թույլ չի տա այդ նույն կլաններին, օլիգարխներին, ովքեր տարիներ շարունակ թալանել են բյուջեն, հանկարծ չխոչընդոտեն 2008 թ. բյուջեի կատարմանը: «Ազգային Միաբանություն կուսակցությունը» ազատ է հակակոռուպցիոն ցանկացած գործողություններ իրականացնելու հարցում, քանզի մենք անկախ ենք թե՛ նախորդ իշխանություններից, թե՛ գործող իշխանություններից եւ թե՛ նրանց հովանավորությունը վայելող կլաններից: «Ազգային Միաբանություն կուսակցությունը» պատրաստ է սատարել երկրի ներսում ծավալվող ցանկացած դրական գործընթացին, ում կողմից էլ որ դա նախաձեռնվի: Կա մի պարզ ճշմարտություն. եթե դու իսկապես երկրիդ պատրիոտն ես, եթե դու, իրոք, ապրում ես ժողովրդիդ հոգսերով, ապա քո կողմից թեկուզեւ չընդունված քաղաքական ուժը եթե դրական գործողություն է կատարում, դու պարտավոր ես հանուն քո երկրի ապագայի համագործակցել այդ ուժի հետ: Համագործակցել, բնականաբար, միայն եւ միայն հայրենիքումդ իրականացվող դրական փոփոխությունների տիրույթում: Եվ եթե դրա գիտակցումը դարձնենք մեր ժողովրդի սեփականությունը, անտարակույս, 2008թ. նախագահական ընտրություններին մենք կունենանք մեծագույն հաջողություն: Եվ, կարծում եմ, այս տեսանկյունից եթե գնահատելու լինենք մեր գործերը, ապա մեր հաջողությունը կլինի, այո, ինչու չէ, նաեւ իշխանության ղեկը ստանձնած կուսակցությունների հաջողությունը: Որովհետեւ ես չեմ ուզում հավատալ, թե բոլոր իշխանավորներն էլ առաջնորդվում են գեթ մեկ գաղափարով, այն է՝ օրինականացնել սեփական անօրինական գործողությունների արդյունքում կուտակված հարստությունը կամ էլ՝ շարունակել կեղեքել բյուջեն, այն է՝ շարունակել գործել ստվերում: Համոզված եմ, որ այս ամենի առաջն ի զորու է առնել քաղաքական այն ուժը, որը բացարձակապես եւ ոչ մի կապանքով շղթայված չէ այս իշխանությունների ստվերային հատվածը կազմող մարդկանց հետ:

– Ձեր ընդդիմախոսներն ասես թե նպատակ են դրել Արտաշես Գեղամյան-Սերժ Սարգսյան մինչեւ մեկ տարի առաջ շարունակվող հեռակա բանավեճը վերակենդանացնել եւ տեղափոխել միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելու ոլորտ. ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

– Դա երկու բացատրություն ունի: Առաջին բացատրությունը, թերեւս, այն է, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության նոյեմբերի 27-ին կայացած նիստի ժամանակ իմ գործընկերների, նաեւ իմ կողմից անողոք գնահատականներ տրվեցին նախորդ իշխանությունների, ինչու չէ՝ նաեւ գործող իշխանությունների հասցեին: Այդ ամենը տպագրվեց հայաստանյան 3 լրատվամիջոցներում՝ թե՛ հայերեն լեզվով եւ թե՛ ռուսերեն լեզվով: Հետաքրքրվողներն այդ նյութերին կարող են ծանոթանալ, մասնավորապես, «Փակագիծ», «168 ժամ» եւ «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» թերթերում: Այնտեղ սեւը սպիտակի վրա տրված են գնահատականներ, կրկնում եմ, թե՛ նախորդ իշխանությունների գործունեությանը եւ թե՛ գործող իշխանություններին: Անցած օրերի ընթացքում բացարձակապես եւ ոչ մի փաստարկ չգտնելով մեր կողմից բերված հիմնավորումները հերքելու օգտին, նախորդ իշխանությունները կրկին գործի դրեցին ընդդիմախոսներին շանտաժի ենթարկելու իրենց ներհատուկ ծրագրերը, ուր պիտակավորում էին թե՛ կուսակցությանը եւ թե՛ անձիս: Անպտուղ փորձ կատարվեց լարվածություն ստեղծել կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարների շրջանում: Փորձ կատարվեց նաեւ նեղացածության մթնոլորտ ձեւավորել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության կազմում: Սեւ PR-ի ՀՀՇ-ական մասնագետները գործընկերներիս անաչառ եւ սկզբունքային ելույթները փորձեցին վերագրել ինձ՝ սին հույսեր տածելով, որ մերոնք դրանից կնեղվեն: Բնականաբար, նրանց նկրտումները ձախողվեցին: Բայց փոխարենը նրանք պետք է ինչ-որ կերպ արձագանքեին մեր սուր քննադատությանը եւ մեղադրանքներին: Սեփական զինանոցում չունենալով եւ ոչ մի հակափաստարկ՝ մեր միջեւ սպասվող բանավեճը տեղափոխեցին անձնական հարաբերությունների ոլորտ: Ըստ որում, այստեղ տեղին է նշել իշխանությունների կողմից դրսեւորած մի հետաքրքիր փաստ. ՀՀՇ-ական մամուլում իմ հասցեին ուղղված ողջ սուտը, զրպարտությունները, մեղադրանքները մեկ էլ հանկարծ այս կամ այն «պատասխանատու» հեռուստաալիքների կողմից մամուլի տեսության հաղորդման ժամանակ լսեցնել էին տալիս ժողովրդին, էլ չեմ խոսում «Ազատություն» ռադիոկայանի առանձին թղթակիցների մեկնաբանությունների մասին: Երբ նրանցից ոմանց հարցազրույց էիր տալիս, քեզ թվում էր, որ հարցազրույց վարողը ՀՀՇ-ական «Հայք» պաշտոնաթերթի թղթակից է եւ ոչ թե «Ազատություն» ռադիոկայանի: Ահա, տեսնելով, որ այս հնարքներն իրենց ազդեցությունը բացարձակապես չեն թողնում «Ազգային Միաբանություն կուսակցության» հետեւողական դիրքորոշումների վրա, տղերքը բանավեճը տեղափոխեցին անձնական հարաբերությունների դաշտ: Որպես դասականի՝ մեծագույն հրճվանքով եւ հաճույքով սկսեցին ցիտել Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով իմ անհապաղ պատասխանը: Ժողովրդական լեզվով ասած՝ տղերքը շիրա էին տալիս: Այդ մարդկանց հիասթափեցնեմ. Սերժ Սարգսյանի հետ ես անձնական խնդիրներ չունեմ: Վերջինիս կողմից իմ հասցեին ասված քաղաքական գնահատականների մասին ուզում եմ հիշեցնել «Ազգային Միաբանության» ընդդիմախոսներին, մասնավորապես՝ ՀՀՇ-ականներին: Այսպես, 2004թ. դեկտեմբերի վերջին տասնօրյակում էր, երբ Ազգային ժողովի փակ նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետությունից Իրաք հայ զինվորականներ գործուղելու հարցը: Այդ օրը ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը ԱԺ-ում երկու ելույթ ունեցավ: Ըստ որում, գործող իշխանություններին սատարողները, ասես թե, պապանձվել կամ լռում էին, կամ էլ պետության շահին հակառակ մոտեցումներով էին հանդես գալիս: Իմ այդ երկու ելույթներից հետո Ազգային ժողովում հարցը ներկայացնող այն ժամանակվա պաշտպանության նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Արտաշես Գեղամյանի փաստարկված ելույթներից հետո այլեւս կարելի էր դադարեցնել քննարկումները, քանի որ բոլոր հարցերի համոզիչ պատասխանները տրված էին եւ դժվար թե գտնվեր որեւէ մեկը, որը կարողանար հակափաստարկներ բերել: Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը, որը հրապարակավ, այն էլ Ազգային ժողովի ամբիոնից նման գնահատականի է արժանացրել ինձ՝ Արտաշես Գեղամյանիս (ինչն ամենեւին ինձ ոչ ոգեւորում է, ոչ էլ տխրեցնում է. ես պարզապես փաստն եմ արձանագրում), հանկարծ ինքն իրեն հակասեր քաղաքական մի այլ գնահատական տալով անձիս: Քաղաքական ուրիշ գնահատական, կրկնում եմ, քաղաքական գնահատական՝ ես նրանից չեմ լսել: Իսկ արտահայտած անձնական կարծիքներին արձագանքելն անիմաստ եմ համարել եւ համարում: Հակառակ դեպքում դա, բնականաբար, չէր խոսի թե Ս. Սարգսյանի եւ թե իմ օգտին: Այնպես որ, այս մարդկանց հիասթափեցնեմ. պատմության մեջ մնում են միայն քաղաքական գնահատականները, իսկ քաղաքական գնահատականները, որոնք տրվել են Գեղամյան քաղաքական գործչին, թող անհամեստություն չհնչի, արձանագրված են ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովներում իմ ունեցած 21 ելույթների արձագանքներում, որոնք արձանագրված են այդ կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում եւ այլեւս դարձել են եվրոպական նորագույն պատմության սեփականությունը: Այստեղ ես մտածելու խնդիր չունեմ: Սակայն ակնհայտ է, որ խնդիր ունեն ընդդիմախոսներս: Դրանց ամբողջ քարոզչական մեքենան հայտնվել է ողորմելի վիճակում: Այդ ի՞նչ օրն եք ընկել, պարոնայք ՀՀՇ-ականներ, որ ձեր քաղաքական հակառակորդին վարկաբեկելու նպատակով մեջբերումներ, ցիտատներ եք անում, ձեր իսկ բնութագրությամբ՝ ձեր մյուս քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանից: Կարծում եմ, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:

Եթե ուշադրությամբ վերլուծում ես ընթացող զարգացումները, ապա չես կարող չգալ մի եզրակացության: Ո՞րն է դա: Իմ համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենեւին էլ խնդիր չունի հանրապետության նախագահ դառնալ: Հանրապետության նախագահը, այն էլ այս բախտորոշ շրջանում, կարծում եմ, իրենից կախված ամենը պետք է աներ ազգը կոնսոլիդացնելու, ազգը միաբանելու ուղղությամբ, երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների լուծման համար, այլ ոչ թե սկսեր վնասակար աշխատանք՝ ազգը բաժանելով իմի ու քոնի: Մինչդեռ Լեւոնի պարագայում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Տպավորություն է ստեղծվում, որ հերթական անգամ փորձ է կատարվում ամայացնել ընդդիմադիր դաշտը: ՀՀՇ-ական մամուլն այսօր ավելի շատ քննադատության է ենթարկում ընդդիմադիր գործիչներին, քան իշխանություններին: Նրանք փորձում են ամլացնել ընդդիմադիր դաշտը՝ խնդիր ունենալով դրսի ուժերին, այո, ես չսխալվեցի, դրսի ուժերին ապացուցել, որ կա գործող իշխանություն եւ կա միայն ու միայն նրանց հակազդող քաղաքական մի ուժ՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Եվ նպատակ է դրված ոչ թե երկրի վիճակը բարելավել, այլ խնդիր է դրված երկիրն ապակայունացնել: Այլապես չի կարելի քաղաքական այնպիսի հայտարարություններով հանդես գալ, որոնք ի սկզբանե ուղղված են երկիրն ապակայունացնելու գործին: Մի՞թե ակնհայտ չէ, որ գործող Սահմանադրության պայմաններում Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժերն են ձեւավորում կառավարություն եւ առաջարկում վարչապետի թեկնածությունը: Եվ մի՞թե արկածախնդրություն չէ այն հայտարարությունը, որ երկրի նախագահ դառնալով՝ Լեւոնը կփոխի վարչապետին: Ի՞նչ ճանապարհով, ի՞նչ գնով: Միգուցե՞ ուզում են կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1998 թ., երբ գրեթե մի գիշերվա ընթացքում ներսից պայթեցվեց այն ժամանակ մեծամասնություն կազմող խորհրդարանական դաշինքը: Միգուցե՞ խնդիր է դրված, որ 2008 թ. Հայաստանի իշխանությունները պետք է ձեւավորվեն առնետավազքի արդյունքում առաջացած քաղաքական ուժերով: Եթե նման հեռանկար է խոստանում Լեւոն Տեր-Պետրոսյանական բեւեռը, բնականաբար, մենք դա մերժում ենք, ինչպես նաեւ մերժում ենք գործող իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ, վերջապես, մի կարեւոր հանգամանք. ինչպե՞ս կարելի է դեռ քարոզարշավը չսկսած, քաղաքական բոլոր կուսակցություններին, ովքեր առաջադրել են իրենց թեկնածուներին նախագահական առաջիկա ընտրություններին, սեւացնել, վարկաբեկել, զրպարտել միջազգային հանրության առաջ: Մի՞թե չեն գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ երբ ընտրությունների արդյունքում Լեւոնից բացի ցանկացած թեկնածու, եթե ընտրվում է երկրի նախագահ, ի սկզբանե, դրսի ուժերի համար հայտնվում է խոցելի վիճակում: Չէ՞ որ արդեն իսկ այնքան վիրավորական, այնքան վարկաբեկիչ մեղադրանքներ են հնչեցրել ՀՀՇ-ական, ինչու չէ, նաեւ իշխանական մամուլով նախագահի բոլոր թեկնածուների հասցեին, որ միջազգային հանրությունը կասի. տեսեք, թե այսօր հայ ժողովուրդը ո՞ւմ միջեւ է դատապարտված նախագահի ընտրություն կատարել: Ինչպիսի՞ հանցավոր տարրերի միջեւ: Վերջին հաշվով եկել է այն ժամանակը, որ հարկ է գիտակցել՝ նախագահական ընտրություններն այս կամ այն կուսակցության մենաշնորհը չէ, այլ ազգային արժանապատվության հաստատման գործառույթ է:

Նախագահական ընտրություններն ուղղակիորեն կախված եւ պայմանավորված են ազգային արժանապատվության հաստատման հետ: Դա ինձ ստիպում է հորդորով դիմել նախագահի բոլոր թեկնածուներին ու նրանց թիկունքում կանգնած քաղաքական ուժերին. ժամանակն է վեր կանգնել կուսակցական, շահադիտական նեղ նկրտումներից եւ չփորձել սեփական գործողություններով որպես զենք ծառայել միջազգային ուժի կենտրոնների համար, ինչքան էլ վերջիններս հրապուրիչ խոստումներ շռայլեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել