Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Վերջին շրջանում ընդդիմադիր բեւեռ ինքնահռչակված ուժերը զրպարտության, ապատեղեկատվության քարոզարշավ են սկսել նախագահական առաջիկա ընտրություններին մասնակցության մասին հայտարարած գրեթե բոլոր թեկնածուների դեմ: Առավել ջանադրաբար են մրոտում «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արտաշես Գեղամյանին: Նրա հասցեին ուղղված «մեղադրանքներին» ու թղթակցի տված հարցերին պատասխանում է հենց ինքը՝ պարոն Գեղամյանը:

– Պարոն Գեղամյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀՇ-ական գործիչները առանձնակի կատաղությամբ է հարձակվում թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցության» ընտրանու, թե՛ Ձեզ վրա: Մասնավորապես, Ձեզ մեղադրում են, որ դեռ 1998 թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Դուք չպաշտպանեցիք Կարեն Դեմիրճյանին, իսկ 2003թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլում նրա որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին: Հիմա էլ չեք սատարում Լեւոն Տեր-Պետրոսյանին:

– Ձեր դիտարկումը միանգամայն տեղին է, ուստի հերթով անդրադառնամ վերը նշված հարցերին: Դեռ 1997 թ. հոկտեմբերի 17-ին «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հանդես եկավ համայն հայությանն ուղղված՝ կոչ ընդունելու նախաձեռնությամբ, որտեղ, մասնավորապես, տրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի գործունեության սկզբունքային եւ խիստ գնահատականը: Մեր այդ նախաձեռնությունը պաշտպանեցին, ավելին, արժեքավոր առաջարկություններ, լրացումներ կատարեցին հանրապետության, բառիս իսկական առումով, խիղճը հանդիսացող այնպիսի մեծություններ, ինչպիսիք են՝ ակադեմիկոսներ Սիլվա Կապուտիկյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Սերգեյ Աբրահամյանը, Վլադիմիր Խոջաբեկյանը, Լենսեր Աղալովյանը, Ռաֆայել Ղազարյանը, Դավիթ Սեդրակյանը, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը, վաստակաշատ արձակագիրներ Պերճ Զեյթունցյանը, Անահիտ Սահինյանը, Ալվարդ Պետրոսյանը, նշանավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, արձակագիր եւ կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանը, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը… Բոլորին չթվարկեմ, մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքով ապացուցել են սեփական ժողովրդին, հայրենիքին անբասիր ծառայելու եւ անմնացորդ նվիրված լինելու փաստը: Կոչում տրված գնահատականները մեկնաբանելու փոխարեն, ես այդ ընդունված փաստաթղթից մեջբերումներ ներկայացնեմ ընթերցողներին, որպեսզի ժողովուրդը մեկ անգամ եւս ծանոթանա ուղերձում տրված գնահատականներին, որոնք հիմնավոր եւ ոչ մի հակափաստարկված նյութերով չհերքվեցին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1997թ. հոկտեմբերի 18-ին «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված կոչի տեքստը (կրճատումներով).

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոչ համայն հայությանը

Հայրենակիցնե՛ր, մեր Հայրենիքը կանգնած է աղետի եզրին, ինչը օբյեկտիվ իրողություն է դարձել Հայաստանի Հանրապետության ղեկավարության հանցավոր գործունեության հետեւանքով: Մի խումբ ամբոխավարներ, որոնք իրենց տվել են հավակնոտ «Հայոց համազգային շարժում» անունը, բռնազավթելով Արցախը Հայաստանի հետ միավորելու հայ ժողովրդի փայփայած նվիրական երազանքը եւ այդ ալիքի վրա գալով իշխանության, կարճ ժամանակ անց դեն նետեցին ազգային-ազատագրական գաղափարները, ի չիք դարձրին համայն հայության սրբազան սպասումները, ի վիճակի չեղան մշակել ու իրականացնել, իրոք, համազգային ծրագրեր:

Ավելին, ՀՀՇ-ական ղեկավարների եւ նրանց կցված նախկին ռեժիմի շողոքորթ ու անտաղանդ պաշտոնամոլների 6-ամյա կառավարումը երկրին բերեց անդառնալի կորուստներ: Կենսագործունեության բոլոր ոլորտներում փոշիացված է նախորդ սերունդների ջանքերով կուտակված մեր վիթխարի ժառանգությունը: Շուկայական հարաբերությունների անցման քողի տակ քարուքանդ արվեց եւ թալանվեց մեր հզոր արդյունաբերությունը: Դեռեւս պահպանված արտադրական եւ գիտատեխնիկական ներուժին սպառնում է վերջնական կործանում: Արտասահմանյան տարբեր աղբյուրների կողմից տրամադրված միջոցները հիմնականում վատնված եւ թալանված են: Երկիրը դատապարտված է դառնալ էժան աշխատուժ մատակարարող կիսագաղութային կցորդ, ստացված վարկերը նյութական եւ հոգեբանական ծանր բեռ են դարձել ներկա ու ապագա սերունդների համար:

Քաղաքական շահարկումների զոհ է դարձել գյուղատնտեսությունը: Հողի սեփականաշնորհման արդար եւ հուսադրող գաղափարը փոխարինվել է արկածախնդրությամբ: Արդյունքում՝ խոշոր ապրանքային տնտեսությունը վերածվեց բնատնտեսության, թալանվել եւ վերացվել են հիմնական ֆոնդերը: Գյուղացին զրկվել է արտադրության միջոցներից: Վերացվել են բարձրապրանքային տնտեսությունները, ավերվում են խաղողի եւ պտղատու այգիների հսկայական զանգվածներ: Գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է մնացել հողային մակերեւույթների հսկայական քանակություն:

Քայքայման են հասցված կրթության եւ առողջապահության համակարգերը, մշակույթի օջախները, երբեմնի համաշխարհային հռչակ ունեցող մեր գիտությունը: Սրընթացորեն փոխվում է հանրապետության ժողովրդագրական տեսքը: Մեր երկիրը դատարկվում է՝ հուրախություն թշնամու, որը հենց այդ նպատակն է հետապնդում: Բնակչության գրեթե 1/3-րդը ժամանակավոր կամ վերջնականապես հեռացել է երկրից՝ արտասահմանում ենթարկվելով բարոյական եւ հոգեկան աննկարագրելի նվաստացումների: Սկսվել է գիտատեխնիկական ընտրանու արտահոսքը: Այդպես էլ չեն բուժվել աղետի գոտու վերքերը:

Բնակչությունը հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում: Աննախադեպ բեւեռացումը ակնհայտ փաստ է. ՄԱԿ-ի «1996 թ. ընթացքում մարդու զարգացման մասին» զեկույցի համաձայն՝ Հայաստանի բնակչության շուրջ 85%-ը ապրում է աղքատության մեջ կամ աղքատության սահմանից ցածր: Ազգային հարստության 75%-ը կուտակված է 7-8% ճարպիկների՝ հիմնականում հանրապետության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց բարեկամների եւ մերձավորների ձեռքում:

Մի բեւեռում ծայրահեղ աղքատություն է, մուրացկանություն եւ գործազրկություն, մյուսում՝ հարստության անօրինական կուտակում, անբարոյականություն, անամոթություն: Բացահայտ մեծամտությամբ արհամարհելով հասարակական կարծիքը, իշխանավորները զբաղված են թալանով, գանձագողությամբ, շքեղ առանձնատների կառուցմամբ, հասարակական նշանակության շենքերի, նույնիսկ՝ ուսումնական հաստատությունների զավթումով: Կաշառակերությունն աներեւակայելի չափերի է հասել: Հանրապետությունը հայտնվել է իշխանության հետ սերտաճած մաֆիոզ տնտեսական կլանների աքցաններում, ինչը ձախողում է իրական շուկայական հարաբերությունների եւ ազատ ձեռներեցության արմատավորումը:

Ղեկավարության անհանդուրժողականությունը, ջղաձիգ ձգտումը միանձնյա եւ հավերժ իշխանության՝ ծայրահեղորեն սրել է քաղաքական հակամարտությունը, գործը հասցնելով անթաքույց թշնամանքի: Փոխանակ ապահովեն ժողովրդի բոլոր ուժերի միասնականությունը, ինչը հրամայական պահանջ է մեր փոխվող հայրենիքի պետականության կայացման եւ կայունության գործում, Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման պայքարում, իշխանություններն ընտրել են քայքայման, ազգային ուժերին իրար հակադրելու քաղաքականություն, հրաժարվել են «Մեկ ազգ, մեկ հայրենիք» նվիրական գաղափարից, օտարելով սփյուռքը՝ զրկել են նրան ողջ հայ ազգի ճակատագրի համատեղ կերտմանը մասնակցելու առաքելությունից: Նախաձեռնվում են վտանգավոր փորձեր՝ անդունդ բացել Արցախի եւ Հայաստանի հայության միջեւ: Պատվիրված քաղաքական դատական պրոցեսները, չբացահայտված հանելուկային սպանությունները, գործող վարչակարգի ամեն մի լուրջ քննադատության պարագայում՝ պատերազմի ուրվականի մշտական շահարկումը ուժեղացնում են վախի, սոցիալական անելանելիության զգացումը ժողովրդի գիտակցության մեջ, որն առանց այն էլ ապրում է ծանր կյանքով:

Խոր մտահոգություն են առաջացնում զինված գաղտնի խմբավորումների կողմից սանձազերծված ինքնակամ գործողությունները, որոնք ոչ միայն չեն պատժվում, այլ նաեւ հովանավորվում են իշխանությունների կողմից:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտման խայտառակ օրինակ էր բիրտ ուժի կիրառումը 1996 թ. սեպտեմբերին կայացած ընտրությունների կեղծումից վրդովված ժողովրդական բազմահազարանոց զանգվածի հանդեպ՝ օգտագործելով բանակի, ինչպես նաեւ Արցախում կռված երկրապահ ջոկատների ուժերը: Դա անթաքույց սադրանք էր, որի իրական հեղինակը վաղ թե ուշ կկանգնի ժողովրդի եւ պատմության դատաստանի առջեւ:

Մենք խորապես ցավում ենք, որ իշխանությունների բաժանարար քաղաքականության արդյունքում մեզանում այդպես էլ չձեւավորվեց քաղաքական լուրջ ընդդիմություն: Իսկ ներկայիս ընդդիմության որոշ ղեկավարներ ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում են որպես մարդիկ, ովքեր ծառայել են ՀՀՇ-ի գաղափարախոսությանը եւ սերվել են նրա տարբեր խմբավորումներից, որոնց ժամանակ եւ որոնց անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել այսօրվա բացասական երեւույթներին ու դրանց հետեւանքներին:

Սեպտեմբերյան մամլո ասուլիսում Հանրապետության նախագահի հայտարարությունները վերջնականապես բացահայտեցին երկրի ղեկավարության անճարակությունը նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում: Տապալված է դիվանագիտական ճանապարհով Արցախի անկախության ճանաչման գործի պաշտպանության փորձը: Սեփական ժողովրդին սպառնալ արտաքին ռազմական միջամտությամբ, թշնամու առջեւ բացել բոլոր խաղաքարտերը բանակցություններից առաջ, ակնհայտորեն ցուցադրել մեր դիրքորոշման հնարավոր ուժեղ եւ թույլ կողմերը՝ այս ամբողջը աննախադեպ բան է ցանկացած պետության ղեկավարի համար: Դա հավասարազոր է հանձնվելուն՝ առանց նախնական պայմանների: Դա անհարգալից վերաբերմունք է հազարավոր հայ հերոսների հիշատակի հանդեպ, ովքեր պատերազմի դաշտում զոհաբերած իրենց կյանքի գնով ապահովեցին Արցախի հաղթանակը:

Հանրապետության տխուր իրավիճակը բացատրել միայն Արցախի հիմնախնդրով եւ Հայաստանի շրջափակումով, ավելին՝ սպառնալ, որ այս իրավիճակը շարունակվելու է, եթե ժողովուրդը շարունակի մնալ «ոչ իրատես», ինչպես արեց Հանրապետության նախագահը, դա փորձ է սեփական վարչակազմը հեռացնել համընդհանուր աղետի պատասխանատվությունից: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կամակատարներն այդպես էլ չստեղծեցին ճգնաժամից դուրս գալու իրական ծրագիր: Մարդ, որն ունի փոփոխական հայացքներ եւ պարտվողական ոգի, երբեք ու երբեք չի կարող լինել ժողովրդի մեծամասնության երազանքների ու վճռականության արտահայտողը: Նրա մամլո ասուլիսը եւս մեկ փորձ է դուր գալ վերջին շրջանում իրենից երես թեքած Արեւմուտքին՝ հույս ունենալով շարունակել պահպանել սեփական՝ սվինների միջոցով պահպանվող աթոռը:

Նախագահի պարտվողական կոչերն էլ ավելի են բարոյազրկում բնակչությանը, նրա մեջ սերմանում հուսահատություն եւ զրկում ժողովրդին լավատեսությունից ու ազգային հեռանկարից:

Այսուհետեւ ակնհայտ է, որ իշխանությունները վերածվել են հակաազգային ուժի, եւ վարչակազմի գոյատեւման յուրաքանչյուր օրը սպառնում է երկրի անվտանգությանը ու կարող է կործանարար լինել մեր անկախ պետականության ապագայի համար:

Հայաստանում մենք ունենք կաթվածահար եղած գործադիր իշխանություն, խամաճիկային Ազգային ժողով եւ ցուցադրական Սահմանադրական դատարան, որոնք ի վիճակի չեն ղեկավարել ազգային կյանքը…»:

Սիրելի՛ ընթերցող, ծանոթանալով մեր գնահատականների հետ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող էի ես 1998թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլում պաշտպանել, այո, իմ կողմից շատ հարգված Կարեն Սերոբի Դեմիրճյանի թեկնածությունը: Գործիչ, որը, անտարակույս, մեծագույն ծառայություններ ունենալով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ, 1996թ. նախագահական խայտառակ ընտրությունների ժամանակ սատարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ոչ միայն սատարել էր, այլեւ ընտրություններից 3-4 օր առաջ գրավոր հանդես էր եկել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի սեպտեմբերի 21-ի համարում՝ «Ղարաբաղի հարցը գլխավորն է, մնացածը ժամանակի հետ կլուծվի» վերտառությամբ հարցազրույցով: Հարկադրված եմ պարոն Դեմիրճյանի հարցազրույցից՝ ի սատարումն Լեւոն Տեր-Պետրոսյանի, առանց մեկնաբանությունների մեջբերումներ անել: Եվ այսպես, լրագրողի այն հարցին՝ «Պարոն Դեմիրճյան, առաջիկա նախագահական ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը», հարգելի Կարեն Սերոբիչը պատասխանել էր. «Բարձր: Նախ, նախագահի ընտրական ծրագիրը իրատեսական է, համապարփակ եւ, որ շատ կարեւոր է, արտացոլում է նախագահի վճռականությունը հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում դրությունը բարելավելու, սոցիալական հարցերը հնարավորին չափ արագ լուծելու: Այնուհետեւ, ինձ թվում է, թե նախագահը, հենվելով կառավարման արդեն իր կուտակած փորձի վրա, արել է ճիշտ եզրահանգումներ, որոնք կերաշխավորեն նրա առավել արդյունավետ գործունեությունը:

Հին համակարգը վերացնելու համախոհների ժամանակն անցել է, այժմ ստեղծագործ աշխատանքի ժամանակն է: Առհասարակ, ինչպես ցույց է տալիս կյանքը, յուրաքանչյուր ղեկավար իր կառավարման հաջորդ փուլում առավել արդյունավետ է գործում:

Ես լիովին համաձայն եմ նախագահի այն արտահայտության հետ, թե ազատ եւ արդար ընտրությունների ապահովումն արդեն իսկ իր հաղթանակն է»:

Սրանից հետո, եթե 1998 թ. ես անգամ իսկ որպես անձ սատարեի Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը, ապա մի ամբողջ կուսակցություն եւ «Ազգային Միաբանության» համակիրները, ինչո՞ւ չէ, ցանկացած ազնիվ մարդ տրամաբանական հարց կուղղեր ինձ. այդ ինչպե՞ս է պատահում, որ 1997թ. հոկտեմբերից մինչեւ 1998թ. փետրվար՝ 4 ամիսների ընթացքում, Արտաշես Գեղամյանն արմատապես փոխեց իր դիրքորոշումը եւ հիմա էլ պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի, թերեւս, ամենահեղինակավոր սատարողին: Մինչդեռ անգամ այս պարագայում, մեծագույն պարտավորվածություն զգալով սեփական գործողություններիս համար, 1998թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Հանրային հեռուստատեսությամբ դիմեցի 2-րդ փուլ անցած ՀՀ նախագահի 2 թեկնածուներին՝ պարոններ Դեմիրճյանին եւ Քոչարյանին, հրապարակավ հայտարարելով, որ եւ՛ իմ, եւ՛ մեր կուսակցության համակրանքը կլինեն այն թեկնածուի օգտին, ով պաշտոնապես ոչ միայն կընդունի համայն հայությանն ուղղված կոչում բերված մեր գնահատականները, այլ նաեւ պատրաստակամություն կհայտնի մեր երկրում ստեղծված տնտեսական, բարոյահոգեբանական, սահմանադրական խորը ճգնաժամի մեղավորներին պատժելու: Դրա հետ մեկտեղ ակնարկ եղավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացնելով նախագահի պաշտոնից, Ռոբերտ Քոչարյանն այդ առումով փոքր-ինչ հույս է ներշնչում: Ահա այսպիսին են եղել 1998թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախաշեմին «Ազգային Միաբանություն կուսակցության» կողմից տրված գնահատականները:

Ինչ վերաբերում է 2003թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ստեփան Դեմիրճյանին չմիանալուն, ապա դա եւս ունի խորը հիմնավորումներ, որոնք անհերքելի են: Մեկ անգամ եւս հիշեցնեմ ընթերցողին, իսկ ավելի շատ ՀՀՇ-ական այն պարագլուխներին, ովքեր արդեն իսկ 10 տարի է շարունակ շահարկում են այդ թեմաները: Ես նկատի ունեմ 1998թ. եւ 2003թ. նախագահական ընտրությունները:

Եվ այսպես, ընտրությունների օրը՝ 2003 թ. փետրվարի 19-ին, ժամը 17-ին, այն է՝ դեռ մինչեւ ընտրությունների ավարտը, երբ կար 3 ժամ, ըստ որում, հիշեցնեմ, որ ընտրությունները փակ եւ գաղտնի էին, նախագահի թեկնածուներից 6-ը (Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Գառնիկ Մարգարյան, Արամ Կարապետյան, Արամ Գ. Սարգսյան) ՀԺԿ գրասենյակում ստորագրել էին հայտարարություն: Հարկ եմ համարում մեր կողմից ընդունված հայտարարության տեքստը նույնպես ներկայացնել ձեր ուշադրությանը:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքը ցույց է տալիս, որ պետական մեքենայի բոլոր լծակները նպատակաուղղված օգտագործվում են ընտրությունների արդյունքները կեղծիքների միջոցով կանխորոշելու նպատակով:

Գործող վարչակազմը՝ կանխավ համաձայնության գալով առանձին քաղաքական ուժերի, թաղային հեղինակությունների եւ օլիգարխների հետ, ընտրությունները վերածեց նախօրոք ծրագրված շինծու արդյունքների վավերացման խայտառակ գործընթացի: Ընտրական տեղամասերում կատարվող ահաբեկումները, ընտրողների նկատմամբ իրականացվող շանտաժը, սպառնալիքները, բաժանվող ընտրակաշառքը, հանցագործ խմբերի կողմից անօրինական քվեարկված իրենց թերթիկները բռնի ուժով քվեարկղերը լցնելը, ընտրակարուսելը եւ մյուս աղաղակող անօրինականությունները կատարվում են անարգել՝ գործող իշխանությունների եւ նրանց աջակցող քաղաքական ուժերի կողմից նշանակված հանձնաժողովի անդամների, պետական մարմինների ներկայացուցիչների թողտվությամբ ու մասնակցությամբ:

Այս ամենը ցույց է տալիս, որ ընտրությունների ընթացքը միտումնավոր խեղաթյուրվել է եւ նրա արդյունքները չեն կարող ճանաչվել օրինական»:

Նույն օրը ժամը 18-ին այդ փաստաթուղթը հանձնվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ հանկարծ մեզ տեղեկացնում են, որ նախագահի թեկնածուներից ոմանք հրաժարվել են իրենց ստորագրությունից: Երբ մենք հարց ուղղեցինք վերջիններիս, արդյո՞ք այս 2-3 ժամերի ընթացքում ինչ-որ դրական տեղաշարժեր են նկատվել ընտրական գործընթացներում, ի՞նչ, չլինի թե Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ այլեւս թույլ չեն տրվում, ընտրակեղծիք կատարող որեւէ մեկը չլինի՞ թե պատասխանատվության ենթարկվեց, բնականաբար, մեր գործընկերները նման փաստեր չբերեցին: Այդ դեպքում հարց էր ծագում. այդ ի՞նչ կատարվեց 2-3 ժամերի ընթացքում, կրկնում եմ, երբ դեռ ընտրություններն ավարտված չէին եւ դեռ բացարձակապես ոչ ոք չգիտեր, թե ընտրությունների արդյունքում ինչպիսի պատկեր է լինելու, որ մարդիկ հրաժարվեցին իրենց ստորագրությունից:

Սրան հետեւեց «Ազգային Միաբանություն կուսակցության» հայտարարությունը, որտեղ մենք հիմնավորում էինք 2-րդ փուլին մասնակցելու անթույլատրելիությունը: Մեր փաստարկը թե՛ շատ հասկանալի էր, թե՛ տրամաբանական եւ թե՛ բարոյականության ցայտուն վկայություն էր: Մասնակցելով 2-րդ փուլին, մեր գործընկերները, ըստ էության, վավերացրին ընտրակեղծիքներով, Ընտրական օրենսգրքի բազմաթիվ բացահայտ խախտումներով, սկզբից մինչեւ վերջ անօրեն անցկացված 1-ին փուլի արդյունքները: Դա մի վառ օրինակ էր, որ մարդիկ պետության համար այդ ճակատագրական պահին մեկ-երկու ժամերի ընթացքում կարող են դրժել սեփական սկզբունքները, անգամ իսկ գրավոր հաստատված պայմանավորվածությունները: Եվ վերջին հաշվով կար տարրական բարոյականության խնդիր. մի՞թե այն ժամանակ սոցիոլոգիական ցանկացած հարցումով, ինչպես նաեւ ժողովրդական ամենալայն շրջաններում իշխող տրամադրություններով ակնհայտ չէր, որ եթե անգամ իսկ 2-րդ փուլ պետք է լիներ, ապա 2-րդ փուլի մասնակիցներից մեկը, անտարակույս, պետք է լիներ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Հիմա, այս ամենից հետո, ո՞վ է ում դավաճանել, իսկ ո՞վ է մնացել իր սկզբունքներին հավատարիմ, թող դատի ընթերցողը: Պարզապես մարդիկ, երբ սեփական մեղավորությունը ակնհայտորեն գիտակցում են, օգտվում են դիմացի կողմի խոհեմ վերաբերմունքից, որը զսպվածություն էր դրսեւորել նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո՝ խնդիր ունենալով անգամ իսկ գործընկերների կողմից դավաճանության զոհ լինելու պայմաններում չասել ողջ ճշմարտությունը, որպեսզի ժողովրդին չհիասթափեցնի: Չբարձրաձայնել, որ ընդդիմության շարքերում դավեր են նյութվում եւ այդ դավերի արդյունքն ընտրությունների անփառունակ 2-րդ փուլին մասնակցելն էր:

«Ազգային Միաբանությանը» այսօր էլ հանդիմանում են՝ ինչո՞ւ չմիացաք առաջին փուլից հետո լայն թափ ստացող համաժողովրդական շարժմանը: Չէ՞ որ եթե «Ազգային Միաբանությունը» միանար՝ իշխանափոխությունն ակնհայտ էր: Դա նույնպես միտումնավոր տարածվող մոլորություն է: Պարզապես 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ մեզ համար ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր դաշտի որոշակի թեկնածուն դեռ այն ժամանակ ուղղորդվում էր ՀՀՇ-ի կողմից, ինչն իր հերթին արդեն իսկ կողմնորոշել էր մեր հետագա անելիքները: Այդ անգամ էլ նրանք զրկվեցին ռեւանշ անելու հնարավորությունից եւ հիմա փորձում են կրկին գնալ նույն ճանապարհով: Արդյունքում, Հայաստանը նորից կհայտնվի 1990-ական թվականների թշվառ վիճակում: Եթե 2003 թ. փետրվար-մարտին նրանք համոզված էին սեփական պայքարի ճշմարտացիության մեջ, ապա ո՞վ էր նրանց բռնել, ո՞վ էր համոզում, որ չդիմեցին ավելի վճռական գործողությունների, չգնացին, ինչպես հիմա են վանկարկում, «մինչեւ վերջ»՝ իշխանափոխության: Չէ՞ որ 2004 թ. ապրիլի 12-ի հայտնի դեպքերի ժամանակ հրապարակում 2-3 անգամ ավելի պակաս ժողովուրդ կար, սակայն մենք գնացինք, այդ ժողովրդին առաջնորդեցինք… գնացինք նախագահի նստավայր՝ խնդիր ունենալով, այո, ստիպել իշխանություններին հրաժարական տալ: Ինչո՞ւ դա չարվեց 2003 թ.: Չէ՞ որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» նրանց բացարձակապես չէր խոչընդոտում: Միակ բանը, ինչ այն օրերին ասել ենք, այն էր, որ չպետք է ճանաչել 1-ին փուլի արդյունքները, չպետք է գնալ 2-րդ փուլ: Անցած տարիները անգամ իսկ ծույլերին համոզեցին մեր որդեգրած մոտեցումների եզակի ճշմարիտ լինելը:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալ-չմիանալու հարցին՝ նշեմ, որ այդ առաջարկը, ի սկզբանե, կոռեկտ չէ: Ինչո՞ւ քաղաքական լուրջ ուժ ներկայացնող գործիչը, որը կուսակցության առաջնորդ է, եւ որն երկու անգամ անընդմեջ հաղթահարելով իշխանությունների բիրտ ճնշումները, ընտրվել է Ազգային ժողով եւ ոչ միայն ընտրվել է, այլ նաեւ մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին եւ թե՛ արտաքին կյանքում, որի հետեւանքով էլ 2007 թ. մայիսի 12-ի ընտրությունների ժամանակ օտարվել է Ազգային ժողովում մասնակցություն ունենալու հնարավորությունից, պետք է սատարի մեկ այլ ուժի, այն էլ ժամանակին ձախողված եւ հասարակության կողմից մերժված: Եթե մենք 2008թ. կայանալիք նախագահական ընտրություններին հանկարծ ենթադրեինք, որ ինչ-որ փուլում կարող ենք սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա մենք ինչպե՞ս պատասխանենք մեր կուսակցության տասնյակ հազարավոր անդամներին, թե ինչո՞ւ փոխվեց մեր քաղաքականությունը:

Շարունակությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել