Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԲԱՂՎԱԾ ԵՔ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՄԲ

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Զազրախոսող եւ սպառնալիքներ հրապարակող ուժերին զգուշացնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը եւս ստորագրել էր համալսարանական գիտնականների այն նամակի ներքո, որով մտահոգություն ու վրդովմունք էր արտահայտված, որ հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը հանրությանը չի տրամադրում համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: «Այդ հայտարարությունն անսպասելի էր այն առումով, որ շատ լավ գիտենք, որ ակադեմիական, բուհական ոլորտում էլ կան որոշակի քաղաքական ճնշումներ, եւ գիտենք, թե շատ դեպքերում դրանք ինչպիսի արդյունքների են բերում»,- ասել էր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Լյուդմիլա Հարությունյանը մեր հարցին, թե ի՞նչն առիթ դարձավ, որ այս անգամ որոշեցին նման քաղաքական հնչեղություն ունեցող հայտարարությամբ հանդես գալ՝ պատասխանեց. «Առիթն ու պատճառը պատմական ներկա ժամանակահատվածն է, եւ այն խնդիրները, որոնք պիտի լուծի հասարակությունը: Քանի որ եթե ընտրություններ են, եւ մենք մեզ ուզում ենք անվանել ժողովրդավարական երկիր՝ պետք է կարողանանք հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար եւ բավարարել հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքը: Եվ ցավոք, այդ շատ կարեւոր իրավունքի իրագործումը միշտ չէ, որ պատշաճ մակարդակի վրա է: Այդ առումով՝ չէի կուսակցականացնի խնդիրը, այլ կքաղաքականացնեի եւ կտեղափոխեի մարդու իրավունքների ոլորտ»:

Վերջերս, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն ԱԺ նախագահին ներկայացրել էր իր մտահոգությունները էլեկտրոնային ԶԼՄ-ներում նախագահի թեկնածուների համար հավասար հնարավորությունների ստեղծման շուրջ՝ Տիգրան Թորոսյանը հավաստել էր, որ պաշտոնապես առաջադրված բոլոր թեկնածուների հնարավորությունները հավասար կլինեն: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանից հետաքրքրվեցինք՝ ուրեմն ինչո՞ւ իրենք չեն սպասում մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբը՝ ցանկալի տեղեկատվությունը ստանալու համար. «Հասարակությունը պետք է անընդհատ հանդես գա դիտողի եւ դատողի դերում: Այդ առումով՝ «սպասեք, վաղը կսկսվի» ասելը նշանակում է թերագնահատել այսօրվա պահը եւ փորձել չտեսնել անհավասարության փաստը: Ես կարծում եմ, որ դրա իմաստը չկա: Այսօր անհավասար պայմաններ կստեղծեն, թե վաղը՝ համարյա թե ոչ մի տարբերություն չունի: Քանի որ ընդհակառակը՝ ընտրությունների ժամանակ շատ ավելի մեխանիկական է այդ ամենը տեղի ունենում, քան նախքան ընտրությունները: Հայաստանում ընտրություններն արդեն սկսվել են մայիսից էլ շատ ավելի վաղ: Եվ քանի որ խորհրդարանականին հաջորդեցին նախագահական ընտրությունները՝ մեզ ստիպում է դրանք դիտարկել իբրեւ մի ամբողջական փաթեթ եւ հավասարության խնդիր դնել ի սկզբանե: Դրա համար պետք է ոչ թե սպասել, այլ ընդհակառակը՝ պետք է վերադառնալ եւ տեսնել՝ իսկ հավասար պայմաններ ստեղծվե՞լ էին ԱԺ ընտրության ընթացքում, նաեւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Եվ որպես վերջնակետ նոր կարելի է դիտարկել նախագահի ընտրության ժամանակահատվածը»:

Լյուդմիլա Հարությունյանն իր տպավորությունները փոխանցեց մինչ այժմ ոչ պաշտոնապես ընթացած նախագահական ընտրարշավից. «Թվում է, թե ամեն ուժ փորձում է իրեն ջատագովել: Բայց կարծում եմ, որ իրականում այդ ուժերն այսօր զբաղված են ինքնաոչնչացմամբ: Նրանց ասածները, որոնք իրենց թվում է՝ դիմացինին են ոչնչացնում՝ իրականում ոչնչացնում են դաշտը, եւ իրենց նույնպես ընտրող էլ չի մնում»: Խնդրեցինք որոշակիացնել՝ հատկապես ո՞ւմ նկատի ունի. «Օրինակ, եթե ընտրողը լսում է ահավոր բացահայտումներ, զազրախոսություն, մկանունքի ցուցադրում եւ սպառնալիք, թե մենք դեռ կասե՜նք, կբացահայտե՜նք եւ այլն՝ վերջնականապես է օտարվում այս ընտրություններից: Նա դրանից առաջ էլ էր արդեն օտարված, քանի որ մտածում էր, թե իր ձայնը չունի ոչ մի նշանակություն: Իսկ հիմա օտարվում է վերջնականապես, քանի որ նախ մտածում է, թե սա շատ բարդ, կրիմինալ իրավիճակ է, որից ինքը ոչինչ չի հասկանում, ուստի՝ ավելի լավ է չմտնի, քանի որ սարսափելի փաստեր են բաց անում ու դնում իր առջեւ: Երկրորդը՝ ընտրողը բոլորովին չի ուզում վերցնել այդ բարդության պատասխանատվությունը, եւ երրորդը՝ ինքը լրիվ կորցնում է հարգանքը, լավ զգացումներն ու վերջին հույսը քաղաքականության հանդեպ: Կարծում եմ, որ բարի նպատակների շեշտադրումը եւ ընտրության կարեւորությունը երկրի, մարդու համար՝ իր տեղն այսօր զիջել է այս ահավոր կոմպրոմատներին: Մյուս կողմից՝ կուզենայի՛, որ հնչեին բացահայտումներ, քանի որ հայ հասարակությունը երբեւէ չի ինքնամաքրվել: Հայ հասարակությունը բաց չարեց ՊԱԿ-ի արխիվները՝ շատ երկրներում այդ տվյալները բացահայտվեցին, եւ դա շատ կարեւոր փաստ էր՝ հասարակությունն ինքնամաքրվեց: Հայ հասարակությունը երբե՛ք չի դատել ու հանդես եկել իբրեւ դատավոր՝ միշտ խեղճի, ենթարկվածի եւ կախյալի դերում է եղել: Երբե՛ք ոչ մեկից չի պահանջել պատասխան բազում բացասական արարքների համար: Եվ հիմա կարծես թե գալիս է պատասխան պահանջելու պահը: Այդ առումով՝ եթե զազրախոսություններից մաքրվի նախընտրական այս պայքարը եւ անցնեն նորմալ քննադատության, որի ընթացքում հասարակությունը պատասխան կպահանջի արածի եւ չարածի համար՝ այս ընտրապայքարը կդառնա արգասաբեր ու արդյունավետ: Ես ուզում եմ, որ նախընտրական այս պայքարի մեջ այնքան չսրվի իրար սեւացնելու ցանկությունը, որ մենք պատկերացնենք Հայաստանն իբրեւ հանցանքների երկիր: Սակայն շատ կուզենայի, որ ընտրվելիք իշխանությունն իրոք բացեր ՊԱԿ-ի արխիվները: Շատ ուզում եմ, որ արածի ու չարածի համար պատասխան տրվի այս նախընտրական ժամանակահատվածում: Եվ ժողովուրդը ոչ թե օտարվի, այլ կարողանա դատել եւ իրեն զգալ իրավունքի տեր»:

Հ. Գ. «Շքեղ մեքենաներից մի պահ իջեք եւ կանգնեք հողի վրա՝ կտեսնեք կեղտը եւ անբարեկարգությունը»,- իշխանավորներին կոչ արեց Լյուդմիլա Հարությունյանը: Մեր զրույցի այդ հատվածը՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել