Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՆՐԱՆՑՈՎ ԿԶԲԱՂՎԵՆՔ»

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Ասում է «Այլընտրանքի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի շուրջ չհամախմբվողներին

Երեկ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերջերս ձեւավորված «Լեգիտիմ նախագահ-2008» շարժումն իր առաջին հրապարակային նիստն էր հրավիրել: Շարժման երեկվա նիստին մասնակցում էին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցությունների ու «Այլընտրանք» շարժման անդամներ, նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ու «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Նիստն անցավ փոխադարձ ռեւերանսների մթնոլորտում: Բոլոր ելույթ ունեցողները՝ անկախ այն բանից, թե մինչեւ երեկ հրապարակայնորեն միմյանց ինչ էին ասել ու ինչ պիտակներ էին կպցրել, ամբողջությամբ կամ մասամբ, բայց կիսում էին իրենց գործընկերների ելույթներում հնչած տեսակետները:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը երեկ արձանագրեց, որ Հայաստանում հաստատվել է տոտալիտար համակարգ, որը հնարավոր է փոխել միայն հեղափոխական ճանապարհով: Ըստ նրա, առաջիկա ընտրությունների առաջին փուլում իշխանությունները դրան մասնակցող թեկնածուների համար էլի թվեր են «նկարելու»: Օրինակ՝ առաջին փուլում մեկի համար՝ 40 տոկոս, մյուսի համար՝ 10, իսկ երկրորդ փուլում արդեն նկարվելու է 68 եւ 32 տոկոս, ու Սերժ Սարգսյանը, ՆԺԿ նախագահի համոզմամբ, «իրեն հռչակելու է Հայաստանի նախագահ»: Ուստի Ա. Կարապետյանն ասաց, թե գործող իշխանություններից ազատվելու «միակ ձեւը ժողովրդական զանգվածների օգնությամբ հեղափոխություն իրականացնելն է»: «Կարեւորագույն պահ պետք է դառնա ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 20-ը, երբ ժողովուրդը կպարտադրի իշխանություններին իր կամքը»,- կարծիք հայտնեց ՆԺԿ առաջնորդն ու քաղաքական բոլոր ուժերին կոչ արեց համատեղ կատարել այդ գործողությունը:

«Այլընտրանքի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը սրա հետ այնքան էլ համաձայն չէր, ուստի՝ առաջարկություն արեց, որի էությունն այս էր՝ «խնդիրը պետք է լուծվի մինչեւ փետրվարի 19-ը»: Իսկ մինչ այդ, նրա ձեւակերպմամբ՝ պետք է ջրբաժան անցկացվի երկու բեւեռների՝ Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի միջեւ: «Երբ ընտրությունների արդյունքներ են հրապարակում, դրանք հիմնավորում են նաեւ նրանով, որ ընդդիմությունը չմիացավ, փոշիացրեց իր ձայները: Անկախ թեկնածուներից յուրաքանչյուրի նկատմամբ մեր ունեցած վերապահումից՝ մենք պետք է հստակ ընտրություն կատարենք այդ երկու բեւեռների միջեւ: Բոլոր փորձերը՝ ձեւավորել երրորդ բեւեռ, շինծու են եւ արհեստական: Ընտրությունը հստակ է՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Երրորդ բեւեռի մասին ցանկացած խոսակցություն ծառայում է իշխանությանը, որովհետեւ նրան պետք է ֆոն՝ կեղծիքներ իրականացնելու համար»,- հայտարարեց Փաշինյանը: Նա նաեւ սպառնաց, թե նրանք, ովքեր չեն լինի Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման կողքին՝ «մենք նրանցով կզբաղվենք, ցույց կտանք, կապացուցենք, որ նրանք ծախու մարդիկ են եւ ծառայում են Սերժ Սարգսյանի հաղթանակին»:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ, որը դեռ մեկ-երկու ամիս առաջ հայտարարում էր, թե Տեր-Պետրոսյանի առաջադրման եւ նրա շուրջ ուժերի համախմբման պարագայում ինքը դրան չի մասնակցի, բայցեւ չի էլ խանգարի, երեկ հայտարարեց. «Չանձնավորենք, թե ով է թեկնածուն: Ձեւավորվել է ուժ, որը ստանձնել է ռեժիմից ազատվել»: Իրեն համարելով «1995-ականների ռեժիմի կողմից տուժած» մարդ՝ Գ. Մարգարյանն ասաց, թե այդ ժամանակահատվածը թողել է պատմությանն ու այսօր ոչ միայն սատարում է նոր սկսված շարժմանը, այլեւ անելու է ավելին, քան արել է նախորդ փուլերում, «որովհետեւ պետք է ազատվել այս ռեժիմից»:

«Մենք այսօր մեկ խնդիր ունենք՝ ուժեղացնել ժողովրդի գործոնը: Այն, որ այսօր 15-16 կուսակցություններ միավորվել են համաժողովրդական շարժման շուրջ՝ դրա արգասիքներից մեկն է: Որոշիչը լինելու է համաժողովրդական շարժումն ու ժողովուրդը»,- ասաց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Նրա համոզմամբ, ընդդիմությունը պետք է կարողանա այդ հիմնական գործոնը՝ ժողովրդին, հասցնել «այն հոգեբանական վիճակին եւ այն կրիտիկական մասսային, որը կարող է ամեն ինչ անել՝ ե՛ւ ընտրել, ե՛ւ պահել իր ձայնը, ե՛ւ իր դեմ գործողությունների դեպքում հակադարձել»: Ա. Մանուկյանն ասաց նաեւ, որ եթե Տեր-Պետրոսյանի կողքին Քրիստոսն էլ կանգնած լինի, բայց ժողովուրդը չաջակցի՝ Լ. Տեր-Պետրոսյանը չի ընտրվի: «Սերժ Սարգսյանի համար ոչ լեգիտիմ քայլեր անելու հավանականությունն էլ կախված է ժողովրդի կամքից: Եթե ժողովուրդը կանգնեց, համառություն ցուցաբերեց ու իր կամքը դրսեւորեց՝ Ս. Սարգսյանը քանի՞ գլուխ ունի, որ իր ապարատը կանգնեցնի այդ ժողովրդի դեմ: Չկա այդպիսի բան: Որքան մարդիկ նենգ են, այդքան էլ վախկոտ են: Մեկը մի հատ ուժեղ «պուհ» անի, սրանց հերիք է էստեղից փախնելու համար, բայց այդ «պուհ»-ը պետք է ժողովուրդն անի»,- կարծիք հայտնեց Ա. Մանուկյանը՝ գոհունակություն հայտնելով, որ այսօր «ժողովուրդը կամաց հավաքվում է, եւ մտայնությունը, թե մեկ է՝ ով էլ հաղթի, Սերժն է նախագահ դառնալու, կոտրվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել