Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն ի՞նչ են հայտարարագրել

Դեկտեմբեր 14,2007 00:00

Ըստ ներկայացրած տեղեկանքների, մեր նախագահացուների կյանքն այնքան էլ քաղցր չէ

Երեկ արձագանքելով «Առավոտում» հրապարակված եւ ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերին վերաբերող հրապարակմանը` ՀՀ նախագահի ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը հարկ համարեց պարզաբանել մեր այն դիտարկումը, թե 9 թեկնածուներից 8-ը հայտարարագիր են ներկայացրել ո՛չ այն ժամանակահատվածի համար, որը պահանջվում է: Ըստ նրա, հայտարարագրում, որը պետք է լրացվեր, նշված է, որ եկամուտներն ու ունեցվածքը պետք է հայտարարագրվեն ընտրություններին նախորդող տարվա համար: «Բայց ո՞րն է ընտրություններին նախորդող տարին: Ընտրությունները՝ որպես կոնկրետ միջոցառում, տեղի են ունենալու 2008 թվականին, սակայն ընտրական պրոցեսը՝ առաջադրումներով, գրանցումներով, փաստաթղթերի հավաքումով եւ այլն, սկսվում է 2007-ից: Ուրեմն՝ ո՞րն է նախորդ տարին՝ 2006-ը, թե՞ 2007-ը»,- պարզաբանեց Վ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքը ԿԸՀ-ին ներկայացրել է երկու հայտարարագիր՝ թե՛ 2006-ից մինչեւ 2007 թվականի սկիզբը, թե՛ 2007-ից մինչեւ այսօր, իսկ թե դրանցից ո՞րն է հիմք ընդունել ԿԸՀ-ն՝ արդեն նրա գործն է:

Շարունակելով հայտարարագրերի թեման` նկատենք, որ Արթուր Բաղդասարյան, Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Արամ Հարությունյան եւ Արման Մելիքյան թեկնածուների շարքում, ըստ իրենց հայտարարագրածի, ամենաապահովված թեկնածուն ՕԵԿ նախագահն է: Նա ապրում է Բայրոնի փող. 3 շենքում, բայց «շենքեր եւ շինություններ» տողում ոչինչ մատնանշված չէ: Նկատենք, որ այդ հասցեում՝ «էլիտար» շենքում, որտեղ նա փաստացի բնակվում է, ըստ մեր աղբյուրների, ունի 240քմ մակերեսով բնակարան: Ըստ հայտարարագրի, պարոն Բաղդասարյանը չունի ո՛չ հողամասեր եւ այլ անշարժ գույք, ոչ փոխադրամիջոց: Սակայն մամուլը նրան վերագրում է շքեղ առանձնատուն, որը գտնվում է Մոնումենտում՝ «Ամրոց» ռեստորանի հարեւանությամբ, ինչպես նաեւ Թումանյան 11 հասցեում եւ Մաշտոցի պողոտայում գտնվող էլեկտրոնիկայի խանութները, որոնք հիմա կոչվում են «AG»: Հայտարարագրում ոչինչ չկա նաեւ «Սարգիս Կարոլինա» ընկերությունում բաժնեմաս ունենալու կամ իր անվան հետ կապվող «Աստորիա» ռեստորան-սաունայի մասին: Փոխարենը Ա. Բաղդասարյանը հայտարարագրել է, թե ունի դրամական միջոցներ՝ 8.100.000 դրամ եւ 190.000 ԱՄՆ դոլար: Իբրեւ ԱԺ-ից ստացված աշխատավարձը՝ տարեկան կտրվածքով, կազմել է 3.414.140 դրամ:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին կարելի է համարել միջին խավի ներկայացուցիչ: Նա ունի սեփականություն հանդիսացող մեկ բնակարան, ձեղնահարկ եւ ավտոտնակ նույն՝ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի, 9 հասցեում, նաեւ սեփական տնամերձ հողամաս՝ 178քմ մակերեսով: Ունի նաեւ երկու ավտոմեքենա` ՎԱԶ 2121 Նիվա եւ ՎԱԶ 21214: Որպես աշխատանքի վարձատրություն՝ նրա եկամուտը կազմել է 3.057.280 դրամ:

ՀՀ նախագահի մյուս թեկնածուն՝ Արտաշես Գեղամյանը, ունի բնակելի սեփականություն՝ Մաշտոցի պողոտա 18 հասցեում: Հողամասեր եւ փոխադրամիջոց չունի: Ունի այլ անշարժ գույք՝ Ամիրյան 15 շենքի բակում. երկու ավտոտնակ՝ երկուսն էլ համասեփականատիրոջ իրավունքով:

Հաշվետու շրջանում ունեցել է միայն դոլարով արտահայտված դրամական միջոցներ՝ 43 հազար դոլար, որից, ըստ հայտարարագրի, մնացել է 39 հազարը:

Իբրեւ ԱԺ պատգամավոր նրա տարեկան վարձատրությունը կազմել է 4.099.910 դրամ: Պետք է նկատել, որ նրան էլ է որոշակի գույք վերագրվում. բնակարան Կասկադում, որը, ըստ շրջանառվող լուրերի, այս տարվա մայիսին նրան նվիրել է Սամվել Բաբայանը, եւ որը ԱՄ նախագահը սկսել էր արագորեն կարգի բերել: Կամ՝ խոսում են նաեւ, որ ընթացիկ տարում նա մի բնակարան էլ ձեռք է բերել Սամվել Մայրապետյանի կառուցած «էլիտար» շենքերից մեկում՝ Հյուսիսային պողոտայում:

ՀՀ նախագահի թեկնածուների թվում, թերեւս, ամենաանապահովները Արման Մելիքյանն ու Արամ Հարությունյանն են, որոնց հայտարարագրերին երեկ մամուլն արդեն անդրադարձել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել