Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵԼԱԳԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԿԱՆ

Դեկտեմբեր 14,2007 00:00

\"\"Նկատի ունենալով արտաքին քաղաքական կողմնորոշումները, պնդում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան խորանում է տպավորությունը, որ ռուսական քաղաքագետները լավ են տիրապետում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ զարգացումներին, երբեմն՝ ավելի լավ, քան տեղացի քաղաքագետները: Վերջերս ռուս քաղաքագետ Վիտալի Նաումենկոն «Կոմերսանտում» նման վերլուծություն է արել եւ որոշ գնահատականներ տվել ապագայի մասով: Ռուս քաղաքագետի կարծիքով՝ նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում իրավիճակը գնալով լրջանում է, կրքերը շիկանում են, եւ այս իրավիճակում առաջանում են մի քանի հարցեր, մասնավորապես՝ կարելի՞ է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին համարել ռուսամետ գործիչ, իսկ Տեր-Պետրոսյանին՝ արեւմտամետ: Ըստ ռուս վերլուծաբանի, մի կողմից՝ Սերժ Սարգսյանը դիտվում է որպես պրոռուսական կուրսի հետեւորդ, մյուս կողմից՝ բոլորն են հիշում, որ Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանագիրը իր իշխանության օրոք ստորագրել է հենց Տեր-Պետրոսյանը: Մինչդեռ նույն «Հանրապետական» կուսակցությունն իր հերթին վերջին շրջանում շատ է խոսում դեպի ՆԱՏՕ եւ Արեւմուտք հարաբերությունների խորացման մասին: Ռուս քաղաքագետի եզրակացությունը օրիգինալ չէ. ցանկացած հայ գործիչ կամ լիդեր ձգտելու է ամրապնդել իր երկրի հարաբերություններն Արեւմուտքի հետ եւ, միաժամանակ, պահպանել Ռուսաստանի հետ լավագույն հարաբերությունները: Իսկ նախագահի թեկնածուների շանսերը գնահատելով, քաղաքագետը կարծիք է հայտնում, որ նրանք դեռ շատ պետք է չարչարվեն՝ ընտրողների համակրանքը վայելելու համար: Եթե Սերժ Սարգսյանը որպես իշխանությունների իրավահաջորդ մեծ շանսեր ունի ընտրվելու, ապա մյուս կողմից էլ՝ երկրում կա մեծաթիվ ընդդիմադիր զանգված: Սակայն, միաժամանակ, մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականների սոցիալ-տնտեսական ճգնաժամը, իսկ ղարաբաղյան հակամարտության լուծման տերպետրոսյանական տարբերակը, ըստ ռուս քաղաքագետի, մինչեւ այսօր էլ անընդունելի է ընտրողների մեծամասնության համար:

Այս մեկնաբանություններին քաջատեղյակ էր հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս ամենեւին չնեղացավ, երբ իրեն հայտնեցինք մեր դիտարկումը, որ ռուս վերլուծաբանները շատ ավելի ակտիվ են, քան մերոնք: Ա. Իսկանդարյանը ունի դրա գիտական բացատրությունը՝ Հայաստանում եւ Ռուսաստանում քաղաքագիտության կառուցվածքը տարբեր է: Մեզանում այն նոր-նոր է ձեւավորվում եւ չափերով փոքր է, իսկ ռուսական քաղաքագիտական միտքը շատ ավելի մեծ է, որովհետեւ մեծ է նաեւ Ռուսաստանը: Որպես տարբերություններից մեկը՝ նշեց, որ մեզանում քաղաքագիտական միտքը շատ հաճախ քաղաքականացված է: Պատասխանելով մեր հարցին՝ իր կարծիքով ինչպիսի՞ն են նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի ընտրվելու շանսերը, պարոն Իսկանդարյանն ասաց, որ, այսօրվա դրությամբ, եթե ընտրությունները անցնեն այս կիրակի, ապա «Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը շատ ավելի քիչ են, քան Սերժ Սարգսյանինը, բայց ընտրություններն այս կիրակի տեղի չեն ունենալու: Ես նկատի ունեմ, որ դեռեւս առջեւում գործ կա անելու, եւ ընտրական գործընթացները դեռ չեն սկսվել, այդ պատճառով իմ պատասխանն այսօրվա դրությամբ իմաստ չունի»:

Հայ քաղաքագետի կարծիքով, «լուրջ թեկնածուները երկուսն են՝ Սերժ Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան, լուրջ ասելով՝ նկատի ունեմ այն, որ այս երկուսն են հավակնում նախագահի աթոռին, թեկնածուների մեջ կան այլ լուրջ թեկնածուներ, բայց նրանց նպատակներն այլ են»: Գնահատելով երկու թեկնածուներին՝ նա այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Նրանք գտնվում են տարբեր դաշտերում: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային գործիչ է, որը տիրապետում է գաղափարական տեխնոլոգիաներին, ինֆորմացիոն ձեւերին եւ այլն: Սա հրապարակային ոլորտի պայքար է: Իսկ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով՝ ոչ հրապարակային գործիչ է, նա լավ ադմինիստրատոր է, կազմակերպիչ, երբեմն կրիզիս-մենեջեր»: Հարցրինք, թե այդ երկու տարբեր տիպերից ո՞ր տեսակի կարիքն ունի մեր հասարակությունը եւ երկիրը: Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, թե իդեալականն այն է, որ այս երկու տեսակը ամփոփված լինեն մեկում:

Մեր հարցին՝ իր իսկ նշած թեկնածուներից ով ո՞ր ուղղվածության գործիչ է, պարոն Իսկանդարյանը պատասխանեց. «Փառք Աստծո, վերջին տարիներին մեր քաղաքական գործիչներն իրենց բավականին ռացիոնալ են պահում, գոնե այս հարցում քաղաքականության մեջ ամենաբարձր մակարդակներում խելագարներ չեն եղել: Հայաստանում միշտ էլ կարողացել են համատեղել համաշխարհային տարբեր ուղղվածությունները»: Հիշեցրեց, որ Հայաստանը միջազգային տարբեր կառույցների հետ բավականին հաջող համագործակցում է, հատուկ շեշտեց. «Հարաբերությունները Իրանի հետ բավականին բարեհաջող են, եւ Հայաստանը աշխարհում միակ պետությունն է, որին ԱՄՆ-ը թույլ է տվել համագործակցել Իրանի հետ: Հետեւաբար, թեկնածուներից ոչ մեկը կտրուկ չի փոխի այս ավանդույթը եւ արտաքին քաղաքականությունը չի վերածի ապուշության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել