Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անլուրջ» թեմաներով չեն խոսել

Դեկտեմբեր 14,2007 00:00

Հայկական պատվիրակությունը Նյու Դելիի գիտաժողովին խոսել է Ջուղայի ավերումներից եւ չի անդրադարձել Արցախի Տիգրանակերտին:

Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ու ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանն ասուլիս էին հրավիրել: Թեման՝ դեկտեմբերի 3-5-ը Նյու Դելիում կայացած ազգային հիմնադրամների՝ միջազգային 12-րդ համաժողովն էր (ICNT 12), որին մասնակցում էին 54 երկրների (Իտալիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Հայաստան, Ռուսաստան, Հոնկոնգ, Ֆիլիպիններ, Ադրբեջան, Աֆղանստան եւ այլն) 150 ներկայացուցիչներ:

Նյու Դելիի համաժողովին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանն ու Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Հայկական պատվիրակությունը Դելիում մասնակցել է «Մշակութային ժառանգության պահպանությունը բնական աղետների եւ հակամարտության գոտիներում» նստաշրջանին, այնտեղ ներկայացնելով Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից Ջուղայի հուշարձանային համալիրի ոչնչացման փաստերը, ինչպես նաեւ մշակույթի հուշարձանների պահպանությանը կոչված միջազգային կառույցների կողմից՝ այդ խնդրում ցուցաբերած ոչ օպերատիվ քաղաքականությունը: Գ. Գյուրջյանի փոխանցմամբ, չնայած գիտաժողովի ժամանակ քննարկվել են 10 տարբեր թեմաներ, սակայն հայկական պատվիրակությունը նպատակահարմար է գտել մասնակցել միայն երկուսին: «Մասնակցել ենք «Մշակութային ժառանգության պահպանությունը բնական աղետների եւ հակամարտության գոտիներում» սեկցիային, այն պատճառով, որ կոնֆերանսի մասնակիցներին բաժանված նյութերում կար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի ելույթը: Մենք մեր պարտքը համարեցինք հանդես գալ համապատասխան ելույթով՝ կապված Ջուղայի ավերումների հետ: Պարոն Զարդարյանը իր ելույթում շատ դիպուկ ներկայացրեց Ջուղայի խաչքարերի ավերումների փաստը, ինչն էլ մեծ արձագանք ունեցավ: Օրինակ, «Europa Nostra» համաեվրոպական մշակութային կազմակերպությունը մեզ առաջարկեց իր կողմից հրատարակվող ամսագրում անդրադառնալ Ջուղայի ավերումներին: Ի դեպ, «ԻԿՈՄՈՍ»-ի միջազգային կազմակերպության նախագահը իրենց կողմից հրատարակված տարեգրքում նույնիսկ նշել է, որ Ադրբեջանի կողմից կատարվել է պետական հանցագործություն»,- ասաց Գ. Գյուրջյանը: Մ. Զարդարյանի ձեւակերպմամբ, Նյու Դելիի գիտաժողովի ժամանակ երբ ներկայացվել են Ջուղայի փաստերը՝ INTO կազմակերպության սահմանադրության մեջ մտցվել է հատուկ կետ. հուշարձանների ավերումը գնահատվում է որպես հանցագործություն՝ ընդդեմ մարդկության: Իսկ այդ դրույթը, ըստ բանախոսի, կարեւոր է հետագայում նման ավերումները արգելելու կամ ավելի լուրջ հասարակական արձագանքներ ստանալու առումով:

«Առավոտը» հետաքրքրվեց Գ. Գյուրջյանից, Ջուղայի խաչքարերի եղեռնից հետո որոշ կազմակերպություններ արձագանքեցին, նույնիսկ այդ մասին հոդվածներ հրատարակելու խոստումներ տրվեցին, այնուամենայնիվ, ի՞նչ տվեցին այդ արձագանքները: «Նույն բանն է, որ, ասենք թե, մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ենք, դրանից մեզ ի՞նչ օգուտ… Չէ՞ որ միջազգային կազմակերպությունների դատապարտումներից է նաեւ գոյանում հիմնական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ»,- պատասխանեց փոխնախարարը: Մեր հաջորդ հարցին էլ՝ Դելիում խոսվե՞լ է Արցախի Տիգրանակերտի մասին, արդյո՞ք հարմար առիթ չէր հիշեցնելու, որ Աղդամը, որտեղ հայտնաբերվել է հայոց արքա Տիգրանի քաղաքը, հայկական է, փոխնախարարն ասաց. «Երբ քննարկման համար այլ խնդիր է դրված լինում, մի տեսակ անիմաստ է դառնում ուրիշ հարցից խոսելը: Եթե անտեղի խնդիրներ բարձրացնենք, դա անլրջություն կթվա ու նույնիսկ մեր հիմնական ասելիքը անլուրջ կդառնա»: Իսկ ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ավագ գիտաշխատող Մ. Զարդարյանն էլ հավելեց. «Եթե ոչ մեկը չի հակադրվել, էլ ինչո՞ւ ավելորդ տեղը հիշեցնեինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել