Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՓԱՅԼԱԿԸ ՄԵԿՆԵՑ ԱՄՆ

Դեկտեմբեր 14,2007 00:00

\"\"Հարցազրույց դերասան Աշոտ Եդիգարյանի հետ

– Սովորաբար, դերասաններից ոմանք, ճանաչվելով Հայաստանում, ձգտում են «երկրորդ հայրենիք»՝ հայաշատ Լոս Անջելես: Դուք հատկապես «Վերվարածները» հեռուստասերիալի շնորհիվ հանրահայտ եք: Ո՞րն է Ամերիկա մեկնելու ձեր պատճառը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք այնտեղից…

– Ես շահել եմ «Գրին քարդ» եւ համոզված եմ, որ ոչ մեկը՝ հայտնի թե անհայտ, չէր հրաժարվի նման առիթից: Էլի չէի գնա, եթե այստեղ աշխատանքային ավելի լավ պայմաններ լինեին: Վերջապես, բոլոր այն հայաստանցիները, ովքեր հայտնվել են Ամերիկայում ինձնից առաջ եւ հետո, կգա ժամանակ, որ կբռնեն հետդարձի ճամփան: Հայաստանից գնացել ու այսօր էլ գնում են, իմ խորին համոզմամբ, վերադարձի ակնկալիքով: Ինձ արտերկրում, կոնկրետ՝ Ամերիկայում, ճանաչում են ոչ թե «Վերվարածներով», այլ 90-ականների սկզբներին գործընկերներիս հետ թողարկած հումորային 7 DVD-ներով: Ամերիկյան հայկական TV-ներում էլ, բնականաբար, ինձ գիտեն ու բազմիցս ստացել եմ հրավերներ: Իսկ թե կոնկրետ ո՞ր TV-ում կամ թատերախմբում առաջիկայում կանցնեմ աշխատանքի՝ պարզ կլինի տեղում: Հավանաբար հիշում եք. մեկ անգամ արդեն «Վերվարածների» առիթով նկարահանվել եմ Ամերիկայում, գուցե այս անգամ էլ սցենարական այդ գիծը կշարունակվի… Ի՞նչ է պատահել, Փայլակը էնտեղ էլ չարաշահելով մարդկանց վստահությունը, իր սեւ գործը կշարունակի (ծիծաղում է- Ս. Դ.):

– Դրամատիկ բեմի դերասան էիք, ի՞նչն էր պատճառը, որ հեռացաք ու հաստատվեցիք հումորի ժանրում: Ժամանակին էլ ուզում էիք մուտք գործել Մայր թատրոն, ինչո՞ւ չստացվեց: Գիտե՞ք, որ այսօր էլ մասնագետներից ոմանք ձեզ համարում են հայաստանյան «գետնաքարշ» հումորի ներկայացուցիչ:

– Ես էլի դրամատիկ դերասան եմ եւ 1979թ. բացված Հենրիկ Մալյանի թատրոնի հիմնադիրներից: Այս թատրոնի շնորհիվ շրջագայել եմ համարյա ողջ ԽՍՀՄ-ով ու Եվրոպայով: Երբեք Մայր թատրոն չեմ ձգտել, չնայած ժամանակին առաջարկ եմ ստացել տնօրեն Վրեժ Հակոբյանից: Ինչ վերաբերում է այսօրվա հումորի մակարդակին, ապա այս ոլորտում տեսնում եմ միայն Վարդան Պետրոսյանին: «Գետնաքարշ» հումոր արտահայտության հետ էլ համամիտ եմ, բայց վստահ կարող եմ ասել՝ դա «Վերվարածներին» չի վերաբերում: Համոզված եմ, որ ցանկացած քաղաքական կուսակցություն կերազեր ունենալ այս հեռուստասերիալի երկրպագուների քանակով համակիր:

– Այնուամենայնիվ, եթե «Գրին քարդ» շահած չլինեիք, էլի՞ կձգտեիք օվկիանոսից այն կողմ, մանավանդ գաղտնիք չէ, որ ձեր գործընկերներից շատերը հեռացել են առաջին հերթին գումար վաստակելու ակնկալիքով:

– Ճիշտ է, զրույցի սկզբում ասացի, որ չէի հեռանա, եթե ավելի լավ աշխատանքային պայմաններ լինեին: Մյուս կողմից էլ պարզ է, որ լոսանջելեսաբնակ նախկին հայաստանցի դերասանները եւս բուռն ստեղծագործական կյանքով չեն ապրում այնտեղ, բայց քանի որ ընտանիք պահելու խնդիր ունեն, այլ ճանապարհներով էլ են գումար վաստակում…Մարդ արարածն է այդպիսին՝ անընդհատ ձգտում է դեպի լավը, շատը, վերը… Հիմա էլ թույլ տվեք գնամ ճամպրուկս դասավորեմ, որովհետեւ մեկնելուս մի քանի ժամ է մնացել: Բայց մի բան էլ ասեմ. մի տեսակ տխուր եմ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել