Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ

Դեկտեմբեր 14,2007 00:00

\"\"Գյումրիի քաղաքապետը, Վահան Խաչատրյանն ու Լեւոն Բարսեղյանը երկուշաբթի կորոշեն, թե որքան գումար է պետք «Գալային» հանգիստ թողնելու համար:

«Եթե լենինականցի շունը մեր բարբառով հաչա, ես նրան տիրություն կանեմ, ուր մնաց մեր հեռուստատեսությանը չանեմ»,- երեկ հանդիպելով լրագրողների հետ՝ ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մայրաքաղաքի լրագրողների հետ հանդիպումը կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը, որը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հետ միասին «Գալա» հեռուստաընկերության եւ Գյումրիի քաղաքապետարանի միջեւ հաշտարարի դեր է կատարում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու այդ գումարային պահանջները սկսեցին այն ժամանակ, երբ «Գալան» իր եթերում ցուցադրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Եթե դատարանից վերցնեք մեր հայցադիմումի պատճեն, կտեսնեք, որ մենք դեռ մի քանի ամիս առաջ ենք դիմել դատարան: Փորձեցինք առանց դատարանի համաձայնության գալ, սակայն նրանք չեն ցանկանում այդ գումարները վճարել, մենք էլ դիմեցինք դատարան: Ես նրանցից մեծ գումարներ չեմ պահանջում, որ չկարողանան վճարել, նրանք ՏԻՄ ընտրությունների ժամանակ գովազդով մեծ գումարներ են աշխատել, դժվարություն չէ այդքանը վճարելը»: Նա խոստացավ նաեւ, որ եթե մինչեւ նախագահական ընտրություններ «Գալան» իրենց հետ պայմանագիր կնքի եւ պարտավորվի 2,5 տարվա պարտքը վերադարձնել, ապա «ես տղամարդավարի ասում եմ, որ իրենց հետ կկնքեմ այդ պայմանագիրը, իսկ ընտրություններից հետո՝ ոչ: Դրանից հետո ես հեռուստաաշտարակի վարձակալության գումարը կդարձնեմ 1 միլիոն դրամ, ում ձեռք չի տա, թող հեռանա: Ես 4 հազար ընտանիքի պետք է վառելանյութ տամ, որտեղի՞ց այդքանն ապահովեմ»:

«Առավոտի» հարցին, թե ինչու է պարոն Ղուկասյանը «Գալայի» ճակատագիրը կապում հենց նախագահական ընտրությունների հետ, վերջինս կոնկրետ պատասխան չտվեց, միայն ասաց. «Նրանց թիկունքում ՀՀՇ-ն է, թե չէ՝ ինչո՞ւ պետք է այդքան մեծ աղմուկ բարձրանար: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ հեռատես մարդիկ են, նրանք չէին ցանկանա ընտրություններից առաջ հեռուստաընկերություն փակել, այն էլ՝ «Գալայի» նման փոքրիկ հեռուստաընկերություն»: Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը նույնպես ներկա էր այս հարց ու պատասխանին, պարոն Ղուկասյանին առաջարկեց եռակողմ համաձայնություն ստորագրել, որի համաձայն նա իր միջոցներով կփակի կուտակված պարտքը, եթե, իհարկե բուն պրոբլեմը միայն հեռուստաաշտարակի վարձն է: Վ. Ղուկասյանը համաձայնվեց, սակայն հետաքրքրվեց, թե պարոն Բարսեղյանին որտեղից այդքան գումար: Նրանք առանձնացան, որպեսզի քննարկեն, թե ամսական որքան գումար պետք է մինչեւ հիմա վճարեր Գյումրիի անկախ լրատվական ալիքը:

Հիշեցնենք, որ Վ. Ղուկասյանը «Գալա» հեռուստաընկերությունից պահանջում է հեռուստաաշտարակը 2,5 տարի զբաղեցնելու համար վճարել որպես սեփականատեր հանդիսացող Գյումրիի քաղաքապետարանին, չնայած որ դեռ չի էլ որոշվել, թե հեռուստաընկերությունն ինչքան գումար է պարտք: Նկատենք, որ Գյումրիի հեռուստաընկերությունները քաղաքապետարանին վճարում են ամսական 80-100 հազար դրամ: Այդ հաշվարկներով «Գալան» 2 մլն 400 հազարից մինչեւ 3 մլն դրամ պետք է վճարի: Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք նաեւ, որ համաձայնագրի 3-րդ կողմը՝ «Գալայի» հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանն էլ է պատրաստակամություն հայտնել վճարել պարտքերը: Երկուշաբթի կեսօրին Վ. Խաչատրյանն ու Լ. Բարսեղյանը պետք է լինեն քաղաքապետի մոտ, որպեսզի քննարկեն, թե որքան գումար են տալու հեռուստաաշտարակը զբաղեցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել