Սեփականությունը չեն գրանցում, որ գերակա շա՞հ ճանաչեն
Վերջին շրջանում Կադաստրի պետական կոմիտեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների՝ սեփականությունը գրանցելու համար: Մարդիկ ստիպված են լինում տարիներով կադաստրի ու դատարանների դռներն ընկնել՝ ապացուցելու, որ դրանք իրենց պապենական տներն ու հողերն են: Նորքի այգիներ թիվ 257 տանը բնակվող Գագիկ Վարդանյանն արդեն 5 տարի է կադաստրին չի կարողանում ապացուցել, որ 2470 քմ հողատարածքը 1935 թվականին պապն է գնել ու այդտեղ տուն կառուցել, ինչի մասին հավաստող փաստաթղթերի մի մեծ տրցակ ունի: Սակայն կադաստրը տարբեր պատճառաբանություններով բնակչին սեփականության վկայական չի տալիս: Բանն այն է, որ Նորքի այգիների որոշ տարածքներ պետության կողմից ճանաչվել են գերակա շահ եւ վաճառվել մեծահարուստներին, ուստի Գ. Վարդանյանը մտավախություն ունի, որ կադաստրը հենց այդ պատճառով էլ ձգձգում է հողատարածքի գրանցումը, որպեսզի շուտով այդ տարածքն էլ վաճառի: «Կադաստրից մեզ պատասխանում են, թե նշված հասցեով ոչ մի փաստաթուղթ չունեն եւ հրաժարվում են մեզ վկայական տալ»,- «Առավոտին» դժգոհեց Գ. Վարդանյանը:
Նրա պատմելով՝ 2004-ին, հոր մահից հետո, երբ դիմել է Կադաստրի պետական կոմիտե՝ վկայական ստանալու համար, իրենց պատասխանել են, որ նախ պետք է իրեն ժառանգ ճանաչեն, ինչի համար խորհուրդ են տվել դիմել դատարան: Դատարանում կադաստրի ներկայացուցիչը պատճառաբանել է, որ Նորքի այգիներ 257 տան մասին ոչ մի փաստաթուղթ չկա. «72 տարի այդ հասցեն գոյություն ունի: Այս տարիների ընթացքում բոլոր պահանջվող հարկերը վճարել ենք, էդ ինչպե՞ս պատահեց, որ կադաստրում մեր հասցեի վերաբերյալ նյութեր չկան»,- վրդովվեց Գ. Վարդանյանը: Կադաստրի նման պատասխանից հետո Վարդանյանը դիմել է Ազգային արխիվ եւ քաղաքապետարան, որտեղից բոլոր պահանջվող թղթերը ձեռք է բերել եւ ներկայացրել դատարան: Դատարանի որոշմամբ կադաստրի աշխատակիցները չափագրումներ են կատարել, սակայն 3 անգամ չափելուց հետո հողատարածքի չափերի վերաբերյալ տարբեր թվեր են արձանագրել, ինչն էլ ավելի է բարդացրել սեփականությունը գրանցելու գործընթացը: Բնակչի խոսքերով. «Մեկ ասել են, թե այդ հասցեում 1900 քմ է, մեկ էլ՝ 2217: Արդեն 3 անգամ դատարան եմ դիմել, բայց անարդյունք: Հիմա էլ կադաստրից հստակ բան չեն ասում, վերջապես կտա՞ն վկայական, թե՝ ոչ»: Պարոն Վարդանյանի պատմելով, կադաստրը դատարան է ներկայացրել իրենց արխիվում եղած միակ փաստաթուղթը, ըստ որի՝ 1955թ. հաշվառված թիվ 257 տունը անօրինական է: Այս ամենից հետո բնակիչը քաղաքապետարանի արխիվից վերցրել է այն փաստաթուղթը, որում հստակ նշված է, որ տարածքի սեփականատերը Վարդանյաններն են. «Մեզանից կադաստրը պահանջում է հողհատկացման փաստաթուղթ, բայց այս հողը մեզ պետությունը չի հատկացրել, այլ այն մենք գնել ենք, էլ որտեղից հողհատկացման թուղթ ներկայացնենք: Դիտմամբ են ձգձգում, մինչեւ մեկը թաթը դնի այդ տարածքի վրա ու Բուզանդի ու Պուշկինի նման պետական գերակա շահ ճանաչեն, մեզ էլ որպես փոխհատուցում մի երկու կոպեկ տան ու մեր տներից հանեն: Հիմա էլ կադաստրը մեր գլխի տակ փափուկ բարձ է դնում, որ ընտրություններից առաջ ձեն չհանենք, ավելորդ գլխացավանք չլինի իրենց համար»:
Օրերս Նորքի այգիների, Բուզանդի եւ այլ իրացման գոտիների բնակիչները կառավարության շենքի առաջ ցույցի էին դուրս եկել. «Կառավարության պաշտոնյաները մեզ հորդորեցին լռել ու համբերել մինչեւ 2009 թիվը, պատճառաբանելով, իբր թե գործերը շատ են, չեն հասցնում: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, թե մեզ ինչու են լռեցնում»,- ասաց Գ. Վարդանյանը:
Այս առնչությամբ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը «Առավոտին» պարզաբանեց, որ 2005թ. նշված հասցեում կատարվել են կադաստրային չափագրումներ, սակայն այդ տարածքի կարգավիճակի, պատկանելության, նաեւ օգտագործողների վերաբերյալ կադաստրային գործում տվյալներ չկան. «Մեզ մոտ եղած միակ փաստաթուղթը այդ հասցեի վերաբերյալ այն է, որ 1955թ. դա հաշվառվել է որպես անօրինական շինություն, որն օգտագործել է ոմն Սիրանուշ Գալստյան»: Մեր այն դիտարկմանը, թե Գագիկ Վարդանյանն ունի բոլոր փաստաթղթերը, որտեղ նշված է, որ այդ տան սեփականատերը նրա պապն է եղել, հետո՝ հայրը, պարոն Մուսայանն ասաց. «Կադաստրը 1997-ից է ստեղծվել, մեր արխիվն էլ ձեւավորվել է այլ կառույցներից ստացած փաստաթղթերի հիման վրա: Եսիմ ո՞նց են կազմել դրանք: Մեզ մոտ եղած միակ փաստաթուղթը 257 տան վերաբերյալ՝ դա էր: Իսկ եթե քաղաքացին բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնի՝ կգրանցվի»: