Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

Դեկտեմբեր 14,2007 00:00

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք չսկսեին-չխոսեին, որ պատասխանը չստանային:

Պարոն Գեղամյանը զգուշացրեց, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը շարունակեն վարկաբեկել իրեն, ապա ինքը կհրապարակի այնպիսի տեղեկություններ, որոնք կբացեն նրանց իրական դեմքը: Իսկ մինչ այդ Արտաշես Գեղամյանը Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին ուղղեց հետեւյալ հարցերը. «Ինչո՞ւ սպանվեց Մարիուս Յուզբաշյանը: Արդյո՞ք նրա համար, որ նա գիտեր, թե «Ղարաբաղ» կոմիտեում ներդրված ՊԱԿ գործակալներ կան: Ինչո՞ւ սպանեցին Համբարձում Ղանդիլյանին, փառավոր մարդուն, որն անգամ այդ ծանր տարիներին երկաթգիծը ժամացույցի պես աշխատեցնում էր: Չլինի՞ թե Համբարձում Ղանդիլյանը գիտեր, որ ֆակտուրաներն են գնում-գալիս եւ ոչ թե ապրանք է մտնում Հայաստան, իսկ ապրանքը Ռուսաստանում վաճառվում է: Ինչո՞ւ գնդակահարեցին երկաթուղային զորքերի գեներալ Իսահակյանին: Որովհետեւ նա հրաժարվել էր դատարկ վագոն ուղեկցել, մինչդեռ իրենք պատրանք էին ստեղծում: Ինչո՞ւ սպանեցին Համբարձում Գալստյանին: Որովհետեւ նա էլ մանրամասնություններ գիտեր, թե կողոպտված հաստոցները քարավաններով ո՞ւմ բարձր հովանավորությամբ էին գնում Պարսկաստան, եւ որպես մետաղի ջարդոն վաճառվում»: Նաեւ ահազանգեց, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա շուրջ հավաքված գործիչները նախապատրաստում են քաղաքացիական բախումներ կազմակերպել. «Իրենք գիտակցում են, որ բացարձակապես ոչ մի շանս չունեն անգամ 5-6 տոկոսի ձայն հավաքելու, դրա համար հրահրելու են քաղաքացիական բախումներ»: Ըստ ԱՄ նախագահի, «ընտրությունների օրը առնվազն 400-500 անկարգություններ են հրահրվելու, որ հետո իրենց կողմից երաշխավորված միջազգային կառույցները միջամտեն այդ գործընթացին: Հունվար ամսվա ընթացքում, հիշեք բառերս, արտասահմանյան՝ միգուցե մամուլով, միգուցե տեղականով, ծայրաստիճան ստահոդ կոմպրոմատների հեղեղ է լինելու թե՛ ընդդիմադիր դաշտի եւ թե՛ իշխանությունների հասցեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել