Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փառք տվեք սովետական շրջանին»

Դեկտեմբեր 14,2007 00:00

Նախկիններին եւ ներկաներին ասում է ՀԿԿ առաջին քարտուղարը

Ուսումնասիրելով դեկտեմբերի 8-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» բաժինը, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը զարմացած է «այդ մարդու անտեղյակության» վրա: Ուստի համոզված է, որ ներկաների եւ նախկինների փոխադարձ մերկացումները լրացնում են իրար. «Լավ էլ իրար գտել են, իրար նման մարդիկ են: Այս դեպքի համար է Թումանյանն ասել՝ «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն…»: Բանը հասել է դիվանբաշուն՝ ժողովրդին. նրա համբերության բաժակն էլ արդեն լցվել է»: Անդրադառնալով ըստ էության՝ ընկեր Թովմասյանը զարմանում է՝ «Եթե Տեր-Պետրոսյանը 20-ական թվականներին գար իշխանության, ի՞նչ կար, ի՞նչ պիտի վաճառեր: Կոմունիստները հատիկ-հատիկ հավաքեցին եւ զրոյական արդյունաբերությունից հասցրին համաշխարհային մակարդակի արդյունաբերության: Մի՞թե նա տեղյակ չէ, թե Երեւանում ինչպիսի գործարաններ կային՝ Կիրովի անվան գործարանը, «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը, Կանազը, Պոլիվինիլ-ացետատը, Ավտոդողերի գործարանը, «Հիդրոհաղորդակը», ռազմական արդյունաբերության շատ ճյուղեր, գիտության զարգացումը… Ես զարմացած եմ, որ նա այդպես է մտածում եւ այդպես էլ ուզում է գա երկիրը շտկի»:

Լճացման տարիների մասին հնչող ամենը «բարբաջանք» որակելով, ընկեր Թովմասյանը պաշտոնապես հայտարարում է, որ «երկիրը երբեք ու երբեք լճացում չի ապրել»՝ հիմնավորելով, որ դրա մասին խոսում են թվերը՝ «այդ տարիներին արդյունաբերությունն աճել է երեք անգամ»: «Առավոտի» դիտարկմանը, որ այժմ էլ հայրենի տնտեսությունը երկնիշ թվերով է աճում, իսկ իրականությունն այլ բան է վկայում, այնպես որ, այն ժամանակ էլ կարող էին թվերը պարզապես նկարվել, ՀԿԿ առաջին դեմքն ասաց. «Սովետական տարիներին ոչ մի թիվ չի նկարվել. ժողովուրդն անմիջապես զգում էր նկարվածի եւ չնկարվածի ազդեցությունը: Այդ երկնիշը ժողովրդի կենսամակարդակի վրա պիտի ազդի՞, թե՞ հույսը պիտի դնեն արտասահմանից ստացվող դոլարների վրա, այն էլ՝ այստեղ գրպանելու պայմաններում»:

Իսկ 1980 թվականին Տեր-Պետրոսյանի՝ ԳԴՀ-ում անցկացրած մեկ ամսվա եւ ըստ այդմ՝ ԳԴՀ-ում լավ կյանքի համեմատությունների մասով էլ մեր զրուցակիցն ասում է. «Որովհետեւ ԳԴՀ-ն նստած էր թալանչիների կապիտալի վրա, իսկ ՍՍՀՄ-ում բանվորը, հասարակ մարդը՝ ինքը ստեղծում էր, ինքն էլ վայելում: ԳԴՀ-ի նման շատ երկրների պահում էր Սովետական Միությունը: Գերմանիայում մտածում էին մեքենայի մասին, որովհետեւ նրա տնտեսության հիմքում դրված էր խորհրդային բանվորի, գյուղացու քրտինքը: Չի կարելի, սուտն էլ պիտի չափերի մեջ տեղավորվի: Ուրեմն՝ 11 միլիարդը դրամարկղերում է՞լ էր սուտ, որ ինքը դիմեց մի-մի գրամ ոսկի հավաքելու, դա է՞լ էր սուտ… ասում են հերթեր էր… է, ի՞նչ անենք, ինքն էլ դիմեց Թուրքիային, որ հաց բերի»: Մեկ անգամ եւս վստահություն հայտնելով, որ Տեր-Պետրոսյանն ու նրա «շքախումբը» քայքայեցին երկիրը, Ռ. Թովմասյանը օրինակ է բերում Բելառուսը, որը «ոչ միայն չքայքայվեց, ավելին՝ շարունակում է ծաղկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել