Ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը
Երեւանի պետական համալսարանի առաջատար դասախոսները եւ հայտնի հայ գիտնականները դեկտեմբերի 3-ին հայտարարություն էին տարածել, հիշեցնելով, որ ԶԼՄ-ներն ու «Հանրային հեռուստաընկերությունը՝ հատկապես, պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ, հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը՝ Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը»: Հայտարարության հեղինակներն իրենց մտահոգությունն ու վրդովմունքն էին արտահայտել այս կապակցությամբ ու հեռուստաընկերություններին, մասնավորապես՝ Հ1-ին կոչ արել չմոռանալ «հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե ինչ ազդեցություն է ունեցել այս կոչն ու մտահոգությունը: «Ընտրություններից առաջ միշտ մարդկանց տարբեր խմբեր տարբեր առիթներով տարբեր հայտարարություններ են անում: Եվ եթե ես սկսեմ այդ ամենը մեկնաբանել՝ կարծում եմ, ես ուրիշ գործով եւ իմ անմիջական պարտականություններով զբաղվելու ժամանակ չեմ ունենա,- պատասխանեց պրն Հարությունյանը:- Ես ուղղակի հուսով եմ, որ դասախոսների այդ խումբը ուշադիր հետեւում է երկրում ժողովրդավարացման գործընթացներին 1990-ից սկսած, եւ միշտ տարբեր առիթներով արել է հայտարարություններ: Ճիշտն ասած՝ չեմ հանդիպել նրանց նման հայտարարությունների: Եվ ուղղակի հուսով եմ, որ եթե չեն էլ արել՝ գոնե իրենց մտքում մտադրվել են անել այդպիսի հայտարարություններ: Դրա համար ես այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»:
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը եւ Երեւանի մամուլի ակումբն օրերս հրապարակել էին նոյեմբերի ընթացքում հեռուստաընկերությունների դիտարկման միջանկյալ հաշվետվությունը, որտեղ փոխառելով ներկա ընտրարշավի երկու բեւեռների մասին լրագրողական փոխաբերությունը՝ նշված էր. «Վարչապետը, ըստ հայկական հեռարձակողների կանխակալության՝ «պլյուսն» է, իսկ առաջին նախագահը՝ «մինուսը»: Հատկապես մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների առավել շատ ուշադրությունը գրաված երկու թեկնածուների «բեւեռային» լուսաբանումը ամբողջությամբ բնորոշ է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքին եւ Հայաստանի հանրային ռադիոյին: Մասնավորապես, վերջինը, որ նախորդ ընտրությունների (2003-ին եւ 2007-ին) լուսաբանման դիտարկումների արդյունքներով նշվում էր իբրեւ առավել հավասարակշիռ ԶԼՄ, այս անգամ անկողմնակալությամբ աչքի չի ընկնում: Հանրային ռադիոյի նոյեմբերյան եթերում Լեւոն Տեր-Պետրոսյանի 105 հիշատակումներից 82-ը բացասական էր եւ ոչ մի դրական, իսկ Սերժ Սարգսյանի 110 հիշատակումներից 21-ը դրական էր եւ ոչ մի բացասական»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է բացատրում նման «բեւեռացված» լուսաբանումն այն պայմաններում, երբ ինքը բազմիցս հավաստիացրել է, որ ընտրարշավի լուսաբանումը լինելու է առնվազն հավասարակշռված՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը պատասխանեց. «Նախ, կարծում եմ, թե Երեւանի մամուլի ակումբի դիտարկումն է հենց բեւեռացված, քանի որ Հանրային հեռուստատեսությունը բացի այդ երկու թեկնածուներից՝ բազմաթիվ այլ թեկնածուների մասին էլ է խոսում: Սակայն ցանկություն չունեմ որեւէ մեկնաբանություն տալ այն բեւեռացմանը, որը կատարել է Երեւանի մամուլի ակումբը: Ինչ վերաբերում է ընդհանրապես նման դիտարկումներին՝ տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ իրականացնում եւ պարբերաբար հրապարակում են նման ուսումնասիրություններ՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո: Եվ երբ այդ բոլոր դիտարկումներն ավարտվեն՝ այդ ժամանակ էլ կտամ ավարտական մեկնաբանություն՝ ե՛ւ ԵԱՀԿ դիտորդների, ե՛ւ հայաստանյան կազմակերպությունների դիտարկումներին: Նախընտրական այս շրջանում, երբ գործընթացները դեռ ընթացքի մեջ են՝ ցանկություն չունեմ այլ բան ասել, քան արդեն ասացի»:
Նաեւ փորձեցինք պարզել Ալեքսան Հարությունյանի վերաբերմունքն այն արձագանքներին, որոնք «Կիրակնօրյա Հայլուրի» գրեթե ամեն թողարկումից հետո հրապարակվում են առանձին լրատվամիջոցներում՝ այդ ծրագրի եւ նրա որոշ մեկնաբանների հասցեին, երբեմն անգամ համեմված վիրավորանքներով ու հայհոյանքներով: «Դե, հայհոյանքը երբեք լավ միջոց չէ սեփական կարծիքն արտահայտելու համար: Հայհոյանքը միշտ մատնում է սեփական թուլությունը,- ասաց նա:- Եվ եթե նկատել եք՝ այսքան ժամանակ ե՛ւ ես, ե՛ւ Հանրային հեռուստատեսությունն ու Հանրային ռադիոն աշխատել ենք որեւէ լրատվամիջոցի հասցեին՝ անկախ նրա ուղղվածությունից, չանել որեւէ մեկնաբանություն կամ բացասական հիշատակում: Այս անգամ եւս չեմ ցանկանում մեկնաբանել տարբեր թերթերի հրապարակած ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կարծիքները»:
Եթե Ալեքսան Հարությունյանն իրոք հասկանում է, որ հայհոյանքը միայն մատնում է թուլությունը՝ կարծում ենք, պիտի բացառի Հայաստանի առաջին նախագահի հասցեին այն վիրավորանքները, որոնք հնչում են Հ1-ի եթերում, որոնք հաստա՛տ չեն վկայում իշխանության ուժեղության մասին: