Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ «ՉԻ»-Ի ԴԵՄ

Դեկտեմբեր 14,2007 00:00

\"\"

Անհայտ անձը կամ անձինք փորձել են պայթեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատունը

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:00-4:30-ի սահմաններում, փորձ է արվել պայթեցնել Նալբանդյան 50 հասցեում գտնվող «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրատունը: Անհայտ անձը կամ անձինք նախ կտրել են մուտքի դռան երկաթե ճաղավանդակը, պայթուցիկը տեղադրել դռան տակ ու պայթեցրել: Համենայնդեպս, այդպիսին է նախնական վարկածը: Գիշերվա այդ ժամին խմբագրությունում մարդ չի եղել, ուստիեւ՝ տուժածներ չկան, թեեւ այդ ու հարակից շենքերի բնակիչները պայթյունի ձայնը, իրենց ասելով, լսել ու արթնացել են: Պայթյունից վնասվել է դռան երկաթե ճաղավանդակը, ամբողջությամբ փշրվել են դռան ապակիները, մասամբ վնասվել է նաեւ խմբագրատան ներսում եղած գույքը: Երեկ առավոտյան դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ քրեական հետախուզության վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Հովհաննես Թամամյանի եւ Կենտրոնի բաժնի պետ, գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Կատարվածի առնչությամբ քննությունը վարում է Կենտրոնի ոստիկանությունը՝ ի դեմս բաժնի ավագ քննիչ Ռուբեն Նազարյանի:

Հիշեցնենք, որ սա «ՉԻ»-ի դեմ կատարված ահաբեկչության առաջին դեպքը չէ: 2006-ի ամռանը դարձյալ անհայտ անձը կամ անձինք, որոնց հայրենի իրավապահներն արդեն ավելի քան մեկ տարի չեն կարողանում կամ չեն ուզում ի հայտ բերել, փորձել էր հրկիզել խմբագրությունը: Թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանի եւ թերթի աշխատակիցների համոզմամբ, ե՛ւ 2006-ին, ե՛ւ երեկ տեղի ունեցած դեպքերը ուղղակիորեն կապված են թերթում եղած հրապարակումների հետ, որոնք դուր չեն եկել կոնկրետ մարդկանց: Կարծել, թե այս անգամ իրավապահները ջանք չեն խնայի հանցագործներին ի հայտ բերելու ուղղությամբ՝ պարզապես միամտություն է. նման նախադեպ չկա: Հայաստանում վերջին 1-2 տարիներին լրագրողների, այդ թվում՝ «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի, «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանի, ս.թ. հոկտեմբերի 23-ին «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանի դեմ ֆիզիկական բռնություն կիրառած որեւէ հանցագործ, նաեւ «Հետաքննող լրագրողների միության» նախագահ Էդիկ Բաղդասարյանին սպառնացող կամ «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան հրկիզող որեւէ անձ «չի հայտնաբերվել» եւ չի դատապարտվել:

«ՉԻ» խմբագիր Շ. Մաթեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում մատնանշեց Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» եւ Սերժ Սարգսյանի հետ կապված հատկապես վերջին շրջանի հրապարակումները՝ հավելելով, որ այդ երկուսն էլ ուղղակի, թե անուղղակի կերպով անցած օրերի ընթացքում հասցրել են սպառնալ «ՉԻ»-ի աշխատակիցներին: Շ. Մաթեւոսյանի փոխանցմամբ, վերջերս ՀՀ ԱԺ-ում «Սերժի Վաչոն՝ նրա վարորդն է, եթե չեմ սխալվում, մոտեցել է մեր լրագրողներից մեկին եւ ասել՝ «տենց բաներ, որ նկարում եք, գրում եք, կարող ա՞, ասենք, գեղից-մեղից մեկը գա ու ընենց բան անի, ու մենք չկարողանանք վերահսկել սիտուացիան, մենք էլ չկարողանանք բան անել»: Երկրորդ սպառնալիքը հնչել է անձամբ «Թոխմախ Մհերի» կողմից: «Նա զանգահարել է մեր աշխատակցուհիներից մեկին, ներկայացել է, հայհոյել է ամենավերջին բառերով ու սպառնացել»,- ասաց «ՉԻ» խմբագիրն ու հավելեց, որ երեկվա պայթյունը ինքը կապում է հե՛նց այդ մարդկանց հետ: «Ես երկու կասկածյալ ունեմ՝ մեկը Վաչոն, մյուսը՝ «Բոշի Մհերը», որոնք, ճիշտն ասած, իրարից առանձնապես չեն էլ տարբերվում»:

Երեկ «ՉԻ»-ի խմբագրատան պայթյունին արձագանքել եւ տեղի ունեցածը իրենց հայտարարությամբ դատապարտել են «Նոր ժամանակներ» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս ընդգծել է, որ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության նկատմամբ կատարված ահաբեկչությունը վտանգում է երկրում խոսքի ազատության եւ այլակարծության կայացմանը», եւ վստահություն է հայտնել, թե՝ իրավապահները «կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Երեկ «Առավոտի» թղթակիցը կապվեց Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ եւ խնդրեց նրան պարզաբանումներ տալ միջադեպի վերաբերյալ, սակայն պարոն Սեդրակյանը առայժմ ձեռնպահ մնաց մեկնաբանությունից, ինչպես ինքն ասաց՝ ասելու բան շատ ունի, բայց իր շրջապատի հետ «ճշտվելուց հետո»: «Սերժի Վաչոյի»՝ վարչապետի թիկնազորի պետ, գնդապետ Վաչիկ Ղազարյանի հետ կապ հաստատել առայժմ չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել