Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոնածառը՝ զուգարանակոնքին, խաղալիքները՝ զվարճալի

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանի եւ Նարեկ Մելքումյանի ինքնատիպ աշխատանքները

Օրերս «Մոսկվայի տանը» բացվել էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական ցուցահանդես: Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանը եւ Նարեկ Մելքումյանը ներկայացրին ոչ ավանդական տոնածառեր, տոնական զարդարանքներ, հետաքրքիր լուծումներով կոմպոզիցիաներ, խաղալիքներ եւ այլն: Աշխատանքները պատրաստված էին տարբեր նյութերից՝ ստվարաթուղթ, ընկույզի կեղեւ, թելեր, շյուղեր, եղեգ եւ այլն: Շարքերն առանձնանում էին ըստ գույների՝ մանուշակագույն, սեւ, կարմիր, կանաչ, շագանակագույն, վարդագույն… Նաիրա Մելքումյանը ասաց, որ այս անգամ չեն անտեսել նաեւ սեւն ու սպիտակը, չնայած շատերը խուսափում են այդ գույներից: «Օգտագործել ենք ամենաանհավանական եւ անգամ ամենաաննորմալ նյութերը»,- ասաց Նարեկը: Օրինակ, տոնածառերից մեկը «բուսնում» էր զուգարանակոնքից: Մի տոնածառ էլ սիրամարգի էր հիշեցնում:

«Կարեւորում եմ պրակտիկան՝ զուգահեռված տեսականի հետ: Եթե շատ ես ուսումնասիրում ծաղկարվեստին վերաբերող գրականությունն ու համապատասխան դաշտը, ցանկալի արդյունքն անխուսափելի է: Նմանատիպ ցուցահանդեսները հիմնականում հասցեագրված են բիզնես միջավայրին: Այսինքն՝ այս աշխատանքները բիզնեսմենները կարող են պատվիրել իրենց ցուցափեղկերի, բանկերի, ռեստորանների համար»,- ասաց Նարեկը:

Տոնածառերից մեկն էլ պատրաստված էր ստվարաթղթից՝ զարդարված գունավոր թելերով ու կոճակներով: «Սա թիթիզ տոնածառ է,- ասաց Ն. Մելքումյանը՝ ավելացնելով,- ես իմ աշխատանքներին անուններ չեմ տալիս: Երբ սկսում եմ՝ անունը հետն է ծնվում: Ամեն մարդ յուրովի է ընկալում ցանկացած գործ»: Նարեկ Մելքումյանի կոմպոզիցիաներից մեկն էլ պատրաստված էր ընկույզի կեղեւից: «Անկեղծ ասած, անցյալ տարվանից այդ կեղեւը մնացել էր ու չգիտեի ինչ անել: Վերջում մտածեցի՝ հարմար առիթ է, մի բան կստեղծեմ: Ընդհանրապես, ինչ որ լինում է ձեռքիս տակ՝ անպայման օգտագործում եմ»,- նշեց Նարեկը:

Նաիրա Մանուկյանի աշխատանքներից մեկն էլ պատրաստված էր եղեգնից: Այն սրվակներ էր հիշեցնում: Նաիրան մեկնաբանեց, որ աշխատանքը կարող է որպես ծաղկաման էլ «հանդես գալ». «Այն չի ենթարկվում ոչ մի օրինաչափության: Կարող է լինել ե՛ւ որպես սեղանի զարդ, ե՛ւ գեղեցիկ դիտվել պատի վրա»: Ն. Մանուկյանի մյուս կոմպոզիցիան թելերի մի խուրձ էր՝ կծիկներով եւ շյուղերով: «Այն տնական մթնոլորտ է ստեղծում»,- ժպտալով բացատրեց հեղինակը: Նա ասաց, որ ամեն տարի Զատիկին եւ Ամանորին ինքը ցուցահանդեսներ է կազմակերպում, սակայն ոչինչ իրեն չի մնում. «Իմ աշխատանքներից տանը համարյա ոչինչ չունեմ: Պատահել է, որ իմ պատրաստած որոշ իրեր այնքան եմ հավանել, որ ցուցահանդես-վաճառքին միտումնավոր բարձր գներ եմ դրել, որպեսզի չվաճառվեն ու տուն տանեմ»:

Նարեկը եւ Նաիրան դեկտեմբերի վերջին եւս մեկ համատեղ ցուցահանդես կկազմակերպեն, եւ այցելուները հնարավորություն կունենան մատչելի գներով ամանորի նվերներ ձեռք բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել