Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՆԿԱՐԻՉԸ

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"Նկարիչ Կարեն Հովակիմյանը ազատ ժամանակ պատգամավորների հետ ֆուտբոլ է խաղում, հետո էլ սպորտաձեւերից ներշնչված՝ նկարում:

«Ֆուտբոլն ու նկարչությունը ինձ համար նույն հարթության վրա են գտնվում: Երկուսն էլ արվեստ են…փոքր ժամանակ երազում էի ֆուտբոլիստ դառնալ, ավա՜ղ, ծնողներս չթույլատրեցին»,- ահա այսպես՝ իր մանկական երազանքներով «Առավոտի» հետ զրույցը սկսեց նկարիչ, մոլի ֆուտբոլասեր Կարեն Հովակիմյանը: Նա այնքան է սիրում ֆուտբոլը, որ պատրաստվում է առաջիկայում արվեստասեր հասարակությանը ներկայանալ ֆուտբոլային թեմաներով անհատական ցուցահանդեսով:

Կ. Հովակիմյանը 1986 թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետը, 1991-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նա ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ ոչ միայն Հայաստանում. «1994 թ. Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, իսկ 1996-ին Նյու Յորքում են նկարներս ցուցադրվել: Նյույորքյան ցուցահանդեսը կազմակեպել էր ՀՀ Ազգային ժողովը, ես ներկայացա իմ 4 աշխատանքներով, որոնցից 1-ը հենց ցուցահանդեսի ժամանակ վաճառվեց: Նկարում եմ ոչ միայն սպորտային թեմաներով, նկարում եմ նաեւ կանանց»: Կ. Հովակիմյանն ասաց, որ ինքը քանիցս մասնակցել է Պեկինում կազմակերպված բիենալեներին. «2003 թ. Պեկինի բիենալեին Հայաստանից միայն ես մասնակցեցի՝ 3 աշխատանքով: Հաջորդ բիենալեին Հայաստանից մասնակցության իրավունք ընձեռվեց ինձ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին եւ ճանաչված նկարիչ Ֆելիքս Խաչատրյանին: Այժմ 2008թ. Պեկինի 3-րդ բիենալեին մասնակցելու հայտ եմ ներկայացրել: Կարծում եմ, ինձ կընտրեն, որովհետեւ ներկայանալու եմ երեք՝ «Զիդանի հրաժեշտը», «Զիդանի հիշողությունները», Պեկինի օլիմպիադայի գավաթը խորհրդանշող աղջկա ֆիգուր պատկերող աշխատանքներով: Նշեմ, որ Չինաստանը մեծ գումարներ է ներդնում մշակույթի մեջ, այդ բիենալեներին հրավիրելով տարբեր երկրների ներկայացուցիչների՝ ինքը դառնում է առաջատար»:

Նկարիչն ասաց, որ չի սիրում զբաղվել նկարների կոմերցիայով, թեեւ վերջինս իր ապրուստի միջոցն է. «Ցավոք, ժամանակները փոխվել են, այս դարում ամեն ինչ գնվում- վաճառվում է: Պատահում է, երբ գնորդ է գալիս ինձ մոտ, որոշ նկարներ, որոնք թանկ են ինձ համար, միտումնավոր թաքցնում եմ: Թեեւ դժվար է բաժանվել իմ նկարներից, սակայն ասեմ, որ շատ եմ սիրում նաեւ նվիրել: Օրինակ, «Արարատ 73»-ի բոլոր մասնակիցներին նկարներ եմ նվիրել…»:

Դառնալով առաջիկայում Երեւանում բացվելիք ֆուտբոլային թեմաներով իր ցուցահանդեսին՝ նկարիչը հայտնեց, որ այն կազմակերպելու հարցում իրեն օգնում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ում հետ հաճախ ֆուտբոլ է խաղում. «Վիկտոր Դալլաքյանը իմ ցուցահանդեսի մասին տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, վերջինս էլ առաջարկել է ցուցահանդեսը բացել հենց ֆեդերացիայի դահլիճում: Ցուցահանդեսը պահանջում էր ֆինանսական միջոցներ, որը, ցավոք, Նկարիչների միությունը չուներ»: Կ. Հովակիմյանը ասաց, որ ավելի շատ կողմ է կամերային՝ փոքր մասշտաբով ցուցահանդեսներին, որոնք տեւում են 2- 3 օր. «1993 թվից ցուցահանդեսներ եմ բացում նաեւ մեր բակում, հրավիրում եմ տարբեր ոլորտների ներկայացուցիչների, անպայման լրագրողների եւ այլն»: Ֆուտբոլասեր նկարիչը հասցրել է նկարներ նվիրել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Իսկ Երբ Բլատտերին պատմել է ֆուտբոլային թեմաներով ցուցահանդեսի մտահղացման մասին, վերջինս առաջարկել է այն բացել նաեւ իր սեփական տանը: Կ. Հովակիմյանը նկարում է շախմատի ու ջրացատկի թեմաներով եւս. «Ջրին հպումը մի ուրիշ զգացողություն է, մի այլ ներշնչանք, շախմատն էլ իր գեղեցիկ ու անկանխատեսելի քայլերով կարող է վերածվել նկարչական արվեստի»: Նկարիչը հայտնեց, որ Վ. Դալլաքյանի առաջարկությամբ 20-25 նկարներով 2008-ի մարտին ցուցահանդես կունենա նաեւ ԱԺ-ում՝ նվիրված կանանց միամսյակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել