Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"Պատմաբանի հայացք

Ինձ շարունակ մտահոգում է այն միտքը, որ ներկա նախագահական ընտրապայքարի հետ կապված «Հայաստանում եւ նրա շուրջը» ծավալվող քաղաքական գործընթացները Հայոց պատմությունից հայտնի՝ պարբերական ճգնաժամերի կրկնության առաջին նախանշաններն են հանդիսանում: Ժամանակի, դարաշրջանի հակասությունները սուր կերպով զգացող՝ պատմաբանի գիտելիքներն ու քաղաքական գործչի փորձը այսօր ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ անցյալում մի քանի անգամ արդեն տեղի է ունեցել այն ամենը, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Կարծում եմ, որ Հայոց պատմության խորքային շերտի եւ ընդհանրապես՝ նրա դասերի վատ յուրացման պատճառով մեր ինքնաճանաչողությունը դեռեւս չի կարողանում արձանագրել իր անցյալի ու ներկայի միջեւ առկա կրկնություններն ու նմանությունները: Մինչդեռ, դրանք այնքան հստակ են ու ցցուն, որ ներկան խորությամբ ընկալելու եւ ապագան կանխատեսելու համար արժե մի պահ կտրվել ընթացիկ-քաղաքական թոհուբոհից եւ տեղի ունեցող իրադարձությունները գնահատել մեր ժողովրդի նախորդ ձախողումների կրկնության վտանգը զգացող՝ պատմաբանի հայացքով:

1. «Ղարաբաղ» եւ «Կռունկ» կոմիտեների 20-ամյա մրցակցությունը

Անցած 20-ամյակը, որը սկսվեց Ղարաբաղյան շարժման հետ միասին, արդեն հասցրել է դառնալ Հայոց պատմության նախորդ շրջափուլերի յուրահատուկ մանրակերտը: Ներկա նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ 2008-ի փետրվարի 20-ին, ոչ միայն նշելու ենք շարժման 20-րդ տարեդարձը, այլեւ փակելու ենք մի ամբողջ էպոխա, որը սկսվել է ազգային ոգու բուռն վերելքով, բայց ավարտվում է երկարատեւ տեղատվությամբ: Հայոց պատմության նախորդ ճգնաժամային շրջափուլերի եւ վերջին 20-ամյակի պատմա-համեմատական վերլուծությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ղարաբաղյան շարժման ծնունդը հանդիսացող՝ Հայոց պետականության անիվը տեղապտույտից հետո թեւակոխում է դանդաղ, բայց անշեղ անկման շրջափուլը: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մի շարք գործոնների մեկտեղման արդյունքում, ներկա տեղապտույտը եւ հետընթացի առաջին նախանշանները առաջիկայում կարող են ավելի խորանալ: Հետեւաբար, այս հանգրվանում հրամայական անհրաժեշտություն է դարձել հետեւյալ փոխկապակցված հարցերի հստակեցումը.

– վերջին 20-ամյակի ընթացքում ինչպե՞ս են դրսեւորվել Հայոց պետականության պատմության մեջ պարբերաբար կրկնվող ճգնաժամերը,

– ո՞րն է պետականորեն ինքնակազմակերպվելու նախորդ ու ներկա փորձերի շարունակական տեղապտույտի սկզբնապատճառը,

– հնարավո՞ր է, արդյոք, հաղթահարել արտաքին ու ներքին մի շարք անբարենպաստ գործոնների մեկտեղման արդյունքում, առաջիկայում միանգամայն հնարավոր՝ է՛լ ավելի խորը ճգնաժամը, որը ոչ միայն կարող է վտանգել վերջին 20-ամյակի ձեռքբերումները, այլեւ հարցականի տակ դնել Հայոց պետականության գոյությունը՝ ընդհանրապես:

Այս հարցադրումներն ամենեւին էլ հռետորական չեն եւ ոչ էլ՝ պատմա-փիլիսոփայական, այլ ավելի շուտ՝ պրակտիկ-քաղաքական: Դրանց պատասխանները ես չեմ տեսնում նախագահական ընտրապայքարի հետ կապված ներկա քաղաքական թոհուբոհի մեջ, ուստի կարծում եմ, որ այս ամենը պարզապես հերթական տեղապտույտն է լինելու: Այդ պատճառով, մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունների օրը ես կփորձեմ պարբերաբար տպագրվող պատմա-քննական վերլուծությունների միջոցով ներկայացնել վերոհիշյալ հարցադրումների վերաբերյալ իմ տեսակետները:

1988-ից հետո անցած 20 տարիների հայ քաղաքական կյանքի հակասական ընթացքի վերլուծությունը վկայում է, որ դարեր առաջ հայությանը համակած գոյաբանական ճգնաժամը չի հաղթահարվել: Այն շարունակվում է նաեւ Հայաստանի անկախացումից հետո՝ դրսեւորվելով քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական, հոգեւոր-մշակութային նոր գործընթացների, ինչպես նաեւ՝ նրանց կրողը դարձած կոնկրետ ուժերի եւ անձանց գործողությունների տեսքով: Սեփական պատմությունը «վերապատմելու» այս ողջ ժամանակամիջոցում տվյալ երեւույթի դրսեւորումներն են դարձել պետական ու քաղաքական ինստիտուտների, դրանք մարմնավորող անձանց, եւ նրանց մասին մեր պատկերացման՝ պետականության գաղափարի շարունակական արժեզրկումը, որն ինչ-որ առումով ավելի վտանգավոր է, քան արտաքին նոր սպառնալիքների առարկայացումը:

Ղարաբաղյան շարժումը Հայոց նոր պատմության մեջ տեղի ունեցած երկու ազգային հզոր շարժումներից երկրորդն է: Առաջինը Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար ծավալված շարժումն էր՝ 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի սկզբներին, որը, ցավոք, ավարտվեց անհաջողությամբ: Ղարաբաղյան շարժումը չպետք է կրկնի իր նախորդի ճակատագիրը, որովհետեւ դա կարող է լինել հայրենի տարածքներում պետականության ձեւավորման՝ հայ ժողովրդի հաջորդական փորձերի վերջը: Երբ այսօր մենք բախվում ենք այն պրոբլեմներին, որոնք, ի վերջո, հանգեցրին Հայաստանի առաջին հանրապետության կորստին, արձանագրում ենք նաեւ, որ Ղարաբաղյան շարժման ու Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչները անլուծելի հակասությունների նույնատիպ թնջուկի մեջ են քաշում մեր երկիրը: Ուրեմն հարկավոր է նախ՝ պարզել նոր բարդությունների առաջ գալու պատճառները եւ ապա՝ ներկան համեմատել անցյալի հետ:

Առայժմ, տվյալ վտանգավոր երեւույթի արտաքին դրսեւորումն է դարձել 1988-ի շարժման սկիզբը դրած քաղաքական վերնախավի երկատման եւ դիմակայության փաստը:

1988-ին մեզանում վերարթնացան անկախության ու Ղարաբաղի ազատագրության գաղափարները եւ ասպարեզ իջավ նրանց կրողը դարձած սերունդը, որը հրաժեշտ տվեց նախորդ՝ խորհրդային իրականության մարմնացումը դարձած գործիչներին։ Այդ սերնդին հաջողվեց ժամանակավորապես համադրել ազգային-ազատագրական պայքարի բարդագույն խնդիրները՝ անկախ պետականության կառուցման առաջադրանքի հետ։

1998-ին՝ ճիշտ 10 տարի անց, ժողովուրդը մերժեց 1988-ի տրիբուններին եւ իբրեւ փրկիչներ ընդունեց խորհրդային ավանդույթի կրողը հանդիսացող գործիչների հին ու նոր սերունդներին, որոնց երիտասարդ հատվածը՝ ավանդական ազգայնականության պատյանը խորհրդային ավանդույթի «հին գինով» լցնելու միջոցով՝ ձեւավորեց ներկա իշխանությունը։

2008-ին՝ նորից 10 տարի անց, քաղաքական ասպարեզ են վերադառնում 1988-ի շարժման անկախական թեւի՝ 1998-ին հեռացած գործիչները, որոնք փորձում են մերժել «ազգային» պատյանի մեջ քողարկված խորհրդային ավանդույթը, սակայն նման շրջադարձի արդյունքում ստեղծվում է անկախ պետականության կառուցման առաջադրանքը նորից Ղարաբաղյան շարժմանն ու նրա ծնունդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հակադրելու վտանգը։

Ստացվում է, որ անցած 20-ամյակի ընթացքում հայտնվել ենք արդեն պարբերական դարձած տեղապտույտների մեջ՝ յուրաքանչյուր շրջափուլի ավարտին մերժելով ձեռք բերված արդյունքներն ու արժեքները եւ իդեալականացնելով անցյալը, որպեսզի ամեն անգամ կանգնենք նույն հիմնախնդիրների առջեւ:

Անցյալի պաշտամունքը կարծես նստած է մեր գեներում եւ դեռ 5-րդ դարի մեր պատմիչներն են արմատավորել անտիկ դարաշրջանի պաշտամունքը՝ միջնադարի հայության շրջանում։ Իսկ նոր ժամանակներում արձանագրվել է միջնադարյան Հայաստանի իդեալականացման միտումը, որպեսզի նորագույն շրջանում էլ պաշտամունքի առարկա դառնան նոր ժամանակները եւ այդպես շարունակ։ Ավելին, եթե նախկինում մեր ազգային «նեկրոֆիլիան» սնվում էր անցյալի ձախողումներից, ապա այժմ նման վտանգի միայն առաջին նախանշաններն են նկատվում:

Մեզանում արմատավորված այս երեւույթի սկզբնապատճառը նույնն է՝ ինչպես 1600-1700 տարի առաջ՝ քրիստոնեության ու հեթանոսության կամ 100-120 տարի առաջ՝ սոցիալիզմի եւ ազգային խնդիրների եւ նույնիսկ 20 կամ 10 տարի առաջ՝ համաշխարհայնացման ու ազգային նպատակների բախման ընթացքում: Դա մեր քաղաքական վերնախավի արժեքային կողմնորոշիչների տարամիտվածության փաստն է. այն, ինչը արժեք է մի խմբի համար, մյուսի համար հանդիսանում է չարիքի մարմնավորում: Սա պատմականորեն ձեւավորված իրողություն է, որն ունի քաղաքակրթական խոր արմատներ եւ բազմաթիվ պատմա-քաղաքական զուգահեռներ՝ անցյալում: Հայկական քաղաքակրթությունն իր բնույթով համադրական է. եթե իր զարգացման հաջորդական շրջափուլերում նա չի գտնում դեպի ապագան միտված նոր համադրության բանաձեւ, ապա մեր քաղաքակրթության հիմնատարրերը սկսում են ինքնաոչնչացնող մի պայքար, որը հանգեցնում է տեղապտույտի եւ անկման: Դրան սովորաբար հաջորդում է արտաքին կործանարար ագրեսիան, որի արդյունքում արդեն թուլացած եւ ներքնապես պարտված մեր օրգանիզմը չկարողանալով դիմակայել սելջուկ-թուրքին, մոնղոլ-թաթարին, թուրք-օսմանցուն, եւ վաղը, Աստված չանի՝ նաեւ ադրբեջանցուն, արտաքին նվաճողին դարձնում է իր անկարողության արդարացման միջոցը՝ Աստծո պատիժը. «մենք ինքներս շեղվել էինք աստվածային ճշմարտությունից, որի համար էլ Տերն ուղարկեց օտար ասպատակներին». սա է այն դարավոր ինքնաարդարացումը, որն իրականում քողարկում է սեփական պատմության առջեւ պատասխանատվությունից խուսափելու փաստը։

Ներկայումս մեզ մոտ նկատվում է նույն երեւույթը՝ արդի դարաշրջանին բնորոշ ձեւերի ու կաղապարների մեջ, որից հետո սովորաբար վրա է հասնում նաեւ՝ ընդարմացման ու պատասխանատվությունից խուսափելու պահը։ Քաղաքական վերնախավի արժեքային կողմնորոշիչների բախման արդյունքում արձանագրվող հերթական տեղապտույտն այսօր՝ Ղարաբաղյան շարժման 20-ամյակի նախօրեին, կարծում ենք, արդեն իրողություն է դարձել։ Սակայն Հայաստանի անկախացումից հետո նախկինների ու ներկաների հետահայաց դիմակայության սցենարների հիմքում առկա արժեքային տարբեր կողմնորոշիչներին այժմ գումարվում է նաեւ ամենավտանգավոր միտումը՝ քաղաքական արեւելումների բախումը։ 2008-ի նախագահական ընտրությունների կտրվածքով, որոնցում, ամենայն հավանականությամբ, պայքարը կընթանա նախկինների ու ներկաների միջեւ, այս ներքին ու արտաքին «ճեղքվածքների» զուգորդումն արդեն կատարված փաստ է։ Այս ամենի սկզբնապատճառը թաքնված է 1988-ին Ղարաբաղյան շարժման գլուխ անցած՝ մեր ժողովրդի երկու հատվածների քաղաքական ղեկավարության նախորդ երկարատեւ ու բավականին բարդ ճանապարհի մեջ։

1988-ին ստեղծված Երեւանի «Ղարաբաղ» եւ Ստեփանակերտի «Կռունկ» կոմիտեներն ու նրանցից սերված գործիչները 20 տարի շարունակ փոխեփոխ ղեկավարում են մեր արդեն փաստորեն ընդհանուր դարձած երկիրը։ Նման ղեկավարության երկարակեցության գաղտնիքը հենց իր՝ Ղարաբաղյան հիմնահարցի չլուծված լինելու փաստն է, որի առկայության պայմաններում Հայաստանի կառավարման արտաքին լծակներն ընդամենը երկուսն են։ Դրանց քաղաքական մարմնավորումը Ղարաբաղի հարցում պարբերաբար որդեգրվող «մեղմ» եւ «կոշտ» ուղեգծերն են, իսկ խորքային-քաղաքական բովանդակությունը՝ արտաքին արեւելումների բախումը։ Ընդ որում՝ զուտ հռետորական է այն հարցը, թե տվյալ գործիչնե՞րն են գտել արտաքին արեւելումները, թե՞ արեւելումները՝ գործիչներին, քանի որ հիշեցնում է հավի ու ձվի առաջնության փնտրտուքը: Մնացածը, այդ թվում եւ քաղաքական ռեժիմների, տնտեսական զարգացման մոդելների ու նրանցից բխող արժեքների ընտրությունը այս ամենի հետեւանքն են:

1988թ. մարտին Երեւանում ձեւավորված «Ղարաբաղ» կոմիտեի եւ Ստեփանակերտում ստեղծված «Կռունկի» բազայի վրա հետագայում առաջ եկան Ղարաբաղյան շարժման երկու թեւերը, որոնք մտան Հայոց Համազգային Շարժման, իսկ հետագայում էլ՝ նույնանուն կուսակցության մեջ: Այսինքն՝ գործիչների այն շրջանակը, որը փոխեփոխ ղեկավարում է Հայաստանը՝ անցած 20 տարիների ընթացքում, սերում է միեւնույն քաղաքական շարժումից՝ Հայոց Համազգային Շարժումից: Նրանք նախկին ընկերներ են, որոնք միանգամայն օրինաչափորեն բաժանվել են միմյանցից եւ այժմ իրար հետ «դոսյեների լեզվով» են խոսում: Հայաստանի երիտասարդ մտավորականներին միավորող «Ղարաբաղ» կոմիտեի հիման վրա ստեղծված Հայոց Համազգային Շարժման հայաստանյան հատվածը լինելով անկախ պետականության գաղափարի դրոշակակիրը, ժամանակի ընթացքում տարանջատվել է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի «Կռունկ» կոմիտեի հիման վրա ստեղծված՝ ղարաբաղյան հատվածից: Առաջինի ղեկավարներից մեկը՝ Լ. Տեր-Պետրոսյանը դարձել է Հայաստանի առաջին նախագահը, իսկ երկրորդի ակնառու քաղաքական դեմքերից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ առաջին եւ Հայաստանի՝ երկրորդ նախագահը: Եվ այժմ իշխանությունը միմյանց փոխանցելու՝ այս 20-ամյա էստաֆետում վրա է հասնում այն պահը, երբ երկու քույր-կոմիտեների եւ նրանց հիման վրա ձեւավորված քաղաքական թիմերի տարանջատումը հանգեցնում է քաղաքական լուրջ դիմակայության:

Այս ամենի արմատները թաքնված են ներկայումս Հայաստանն ու Արցախը կրկին, այս էլ որերորդ անգամ դարավոր Մուրճի եւ Սալի արանքում դանդաղորեն սեղմող՝ արտաքին-քաղաքական զարգացումների դաշտում, որոնք ինչ-որ մի հանգրվանի կերպափոխվել են ներքաղաքական դիմակայության: Կրկնում եմ, որ ներկա պահին անիմաստ է պարզել, թե դրանցից ո՞րն է առաջնային, քանի որ միշտ էլ ներքին բեւեռները արտաքին հենարան են գտնում եւ՝ ընդհակառակը։

Ելցինյան բարեփոխիչների դարաշրջանում արտաքուստ չէին դրսեւորվում սկզբունքային տարաձայնությունները՝ Ղարաբաղյան շարժման հայաստանյան ու ղարաբաղյան թեւերի միջեւ։ Անգամ՝ 1998-ին նրանք մի փոքր վիճելուց հետո՝ խաղաղ ու հոժարակամ ձեւով իրար փոխանցեցին իշխանությունը եւ 10 տարի պահպանեցին միմյանց չքննադատելու ուխտը։ Փոխվել էր արտաքին դաշտը եւ հարկավոր էին նոր, բայց ժամանակավոր «դերակատարներ»։ Այժմ՝ 10 տարի անց, սկսել են լրջորեն բախվել նրանց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ուղենիշները։

 

Կառավարման համակարգերն ու տնտեսական այն մոդելները, որոնք հաջորդաբար արմատավորել են Հայաստանում՝ նախկին զինակիցները, նույնպես արդեն տարամիտվել են՝ ըստ արտաքին-քաղաքական կողմնորոշումներից բխող հիմնարար արժեքների։ Ուստի, երբ իշխանությունը խաղաղ կերպով հանձնած նախկինները ցանկանում են նորից վերադառնալ, ներկաներն արդեն կտրականապես դեմ են արտահայտվում, որի հիման վրա, ցավոք, առաջ է գալիս հայ ժողովրդի հայրենաբնակ երկու հատվածների խորթացման լուրջ վտանգ։

Նախկինների ու ներկաների միջեւ ճեղքվածքն ու դիմակայությունը գնալով ավելի ու ավելի է ընդգծում նրանց քաղաքական ծագումնաբանությունը՝ Երեւանի «Ղարաբաղ» ու Ստեփանակերտի «Կռունկ» կոմիտեներից սերված լինելու փաստը: Ստացվում է, որ Հայաստանի առաջին հանրապետության դարաշրջանից հայտնի՝ «ռուսահայ-տաճկահայ» անառողջ բանավեճի փոխարեն՝ այժմ էլ «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական տարանջատումն է ստեղծում քաղաքական վերնախավերի դիմակայությունը՝ ժողովրդի ու պետության պառակտման վերածելու վտանգը:

Նույն պատկերն է նաեւ արտաքին քաղաքականության մեջ. Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը 1990-ական թվականներին հաջողությամբ բալանսավորվում էին Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Քոչարյանի վերադարձով բալանսը խախտվել ու փոխարինվել է «կոմպլեմենտարիզմով»: Այդ պատճառով, «Ղարաբաղյան շարժման վետերանների» երկու խմբերը շարունակում են համառել՝ յուրաքանչյուրն իր ընտրած ուղու վրա եւ նահանջելու մտադրություն չունեն։ Նման ակնհայտ փաստը տեսնում են նաեւ ուժի այն կենտրոններում, որտեղ 20 տարի շարունակ լուծվել է այս երկու թիմերի առջեւ «կանաչ լույս» վառելու հարցը:

Դա նշանակում է, որ Հայաստանը կանգնած է նոր ծուղակի մեջ ընկնելու լուրջ վտանգի առջեւ: Ուրեմն՝ այսօրվանից սկսած, հարկավոր է մտածել նաեւ փետրվարի 19-ից հետո անխուսափելի դարձող՝ քաղաքական նոր վերադասավորումների մասին: Պատմաբանի հոտառությունը ինձ հուշում է, որ սա «Ղարաբաղ» եւ «Կռունկ» կոմիտեներից սերող գործիչների շրջանակի կողմից Հայաստանը փոխեփոխ ղեկավարելու բանաձեւի կիրարկման վերջին փորձն է:

Այսպիսով, Հայաստանում սկսվում են «խառնակ ժամանակները», երբ Երեւանի նախկին «Ղարաբաղ» եւ Ստեփանակերտի նախկին «Կռունկ» կոմիտեների արտաքին-քաղաքական եւ արժեքային տարբեր ուղենիշների վրա հիմնվող դիմակայությունը սկսում է մեր արտաքին հակառակորդին մատուցել Ղարաբաղյան անավարտ պատերազմի համաժողովրդական հերոսապատումը նսեմացնող «փաստեր ու փաստարկներ»: Այս չափազանց թանկ գինը վճարելու միջոցով «Ղարաբաղյան շարժման վետերանների» երկու խմբերն էլ սկսել են «սեփականաշնորհել» միայն ու միայն՝ ողջ հայ ժողովրդին պատկանող հաղթանակը: Սա կարող է լինել վերջի սկիզբը՝ բոլորիս համար, եթե չկարողանանք կանխել այս ամենի հետագա ծավալումը՝ անընդհատ վերհիշելով Հայաստանի առաջին հանրապետության վերելքի ու անկման պատմությունը:

Իսկ այդ մասին կխոսեմ առաջիկայում հրապարակվող հաջորդ վերլուծությանս մեջ, քանզի համոզված եմ, որ ներկա դիմակայությունը շարունակվելու դեպքում ամենավերջում մեզ սպասում է Մուրճի եւ Սալի արանքում ճզմված՝ Հայաստանի առաջին հանրապետության դառը ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել