Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դպրոցների լաբորատորիաներն անմխիթար վիճակում են

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"Ակադեմիկոս Ալեքսանդր Պոկրովսկին երեկ ԵՊՀ-ում առաջարկեց մի մոդել, որի շնորհիվ ոչ ծախսատար լաբորատորիաների առկայութամբ կարելի է դասավանդել բնական գիտություններ:

«Բնական գիտությունների գծով երիտասարդ կադրերի թիվը նվազում է, իսկ աշխատատեղերի քանակը՝ աճում: Այս միտումը նկատելի է ոչ միայն Ամերիկայում, որը Սինգապուրից հետո համարվում է բնական գիտությունների դասավանդման գծով լավագույն երկիրը, այլ ողջ աշխարհում: Իսկ Եվրոպայում վիճակն ավելի ծանր է»,- երեկ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի նիստերի դահլիճում մեկնարկած միկրոուսումնասիրություններ անցկացնող գիտությունների փորձերին նվիրված երկօրյա սեմինարին ասաց ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի նախկին պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոկրովսկին: Սեմինարի ընթացքում նա դասախոսություններ կարդաց եւ ավելի գործնական մթնոլորտում հայաստանյան դպրոցների ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության շուրջ 500 ուսուցիչների հետ լաբորատոր փորձեր իրականացրեց: «Այս ծրագիրը կազմելու համար 9 տարի ժամանակ է պահանջվել: Այն ո՛չ ռուսական ծրագիր է, ո՛չ էլ խորհրդային: Միջազգային այս ծրագիրը կիրառվում է շուրջ 95 պետություններում: Այն անհրաժեշտ է բոլոր երկրներին՝ անկախ զարգացածության մակարդակից»,- նշեց Ա. Պոկրովսկին: «Առավոտի» հետ զրույցում նա մանրամասնեց. «Իմ ներկայացրած կրթական ուսուցման մեթոդի կիրառումը պիտի նպաստի նվազ պայմանների դեպքում եւ սակավ միջոցներով երիտասարդներին ներքաշել բնական գիտությունների բնագավառ»: Իսկ Բոլոնիայի հռչակագրի մասին մեր զրուցակիցը կարճ ասաց. «Դա վիճելի հարց է»: Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցող ակադեմիկոսը անհանգստացած էր. «Աշխարհում ամենախոշոր ռազմավարական խնդիրն այն է, որ ուսանողները չեն ուզում գիտությամբ զբաղվել»: Մեզ հետ զրույցում Ա. Պոկրովսկին նաեւ հայտնեց, որ բնական գիտությունների դասավանդման համար նախեւառաջ անհրաժեշտ են լաբորատորիաներ, աշխատանքներում նոր մեթոդոլոգիայի ներմուծման՝ ուսուցիչների ծանոթ լինելը: Նա ասաց, որ 9 տարվա ընթացքում ստեղծված այս ծրագիրն իրագործելու համար բարդ եւ ծախսատար լաբորատորիաներ չեն պահանջվում:

Եթե միջազգային փորձագետը կարեւորում էր բնական գիտությունների դասավանդման գործում լաբորատորիաների անհրաժեշտությունը, սեմինարին ներկա ուսուցիչներից շատերը դժգոհեցին, թե անգամ նվազագույն պայմաններ ունեցող լաբորատորիաներ չկան դպրոցներում: Օրինակ՝ թիվ 132 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գրետա Ավագյանն ասաց. «Քիմիական նյութերը կամ մենք ենք ձեռք բերում, կամ երեխաները: Սակայն այդ հարցը դպրոցը կամ ուսուցիչը չէ, որ պետք է լուծեն, այլ պետությունն ու հատկապես ԿԳ նախարարությունը: Ուսուցչուհու եւ դպրոցի համար դրանք լրացուցիչ խնդիրներ են, նա պիտի զբաղվի միայն դասավանդմամբ»: Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում լաբորատորիաների եւ նյութերի պակասը լրացնելու ձեւ են գտել: Դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նինա Վարդանյանը փաստեց. «DVD-ների միջոցով ենք աշակերտներին քիմիական փորձեր ցույց տալիս: Սակայն դա նպատակահարմար չէ: Երեխան պիտի դրանք շոշափի եւ նույնիսկ հոտ քաշի որոշներից: Բացի այդ, քիմիայի համար շաբաթական մեկ ժամ է հատկացված, ավելի քիչ՝ քան ֆիզկուլտուրային»: Թիվ 29 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ալլա Թորոսյանն էլ կարծում է. «Պիտի դասերն անցկացվեն կաբինետային համակարգով եւ դիդակտիկ նյութերով: Ցավոք, դրանք քիչ են, այն էլ՝ հնացած: Աշակերտները ստիպված են հին ցուցատախտակներով բավարարվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել