Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԵՑ ՄԻԱՅՆ «ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

Դեկտեմբեր 13,2007 00:00

Գյումրեցի պաշտոնյաների՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի հանցագործ որդիները բանտում կանցկացնեն ընդամենը մեկ տարի:

Լրագրողներից եւ հանրությունից գաղտնի, մայրաքաղաքում օրեր առաջ լսվեց վերջին շրջանի ամենաաղմկահարույց քրեական գործը, որը հարուցվել էր մայիսի 20-ին գյումրեցի «ոսկե» երիտասարդների «ռազբոռկայի» կապակցությամբ: Հիշեցնենք, որ սկանդալի հերոսներից մեկը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն էր, ով իր ընկերոջ՝ Նորայր Սոլոյանի «թասիբը» քաշելու համար «մենամարտի» մեջ էր մտել մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդու՝ Ռուստամ Սարգսյանի հետ, կռվի մեջ ներքաշելով նաեւ հորեղբոր որդուն՝ Գյումրիի ավագանու անդամ Կոլյա Ղուկասյանին: Բանն այն է, որ Սպարտակի ընկեր Նորայր Սոլոյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում Սարգսյաններին պատկանող «Մետելիցա» բար-ռեստորանում վիճաբանության մեջ էր մտել տիրոջ՝ Ռուստամ Սարգսյանի հետ, գարեջրով լի բաժակը ցփնելով նրա երեսին: Դրանից հետո նույն ռեստորանի բակում Ռուստամ Սարգսյանը «Մակարով» տեսակի ատրճանակից երկու անգամ կրակել էր Նորայր Սոլոյանի ոտքերի ուղղությամբ: Վերջինս վիրավորվել ու տեղափոխվել էր Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Այս պատմությունից հետո ընկերոջ հարցերը փորձել էր լուծել քաղաքապետի ոխակալված որդին, ով նույն օրը երեկոյան աննկարագրելի մենամարտ էր ծավալել Սարգսյանների տան դիմաց՝ Գյումրիի կենտրոնական վայրերից մեկում, Տերյան ու Ղուկասյան փողոցների մարդաշատ խաչմերուկում:

Փոխադարձ փոխհրաձգության ու հանրապետությունով մեկ բարձրացված մեծ աղմուկից հետո պաշտոնյաների զավակները քաղաքից անհետացել էին: Քրեական գործեր էին հարուցվել ոչ միայն գլխավոր հերոսների՝ Սպարտակ ու Կոլյա Ղուկասյանների, Ռուստամ Սարգսյանի, այլեւ նրանց ընկերների՝ եղբայրներ Նորայր եւ Հովհաննես Սոլոյանների, ինչպես նաեւ Սարգսյանների մտերիմ Թելման Կարապետյանի նկատմամբ:

«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, քանի որ մասնակիցները հլուհնազանդ իրենց վրա են վերցրել գործած մեղքերը, տեղի է ունեցել արագացված դատավարություն: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է Սպարտակ, Կոլյա Ղուկասյաններին, ինչպես նաեւ Ռուստամ Սարգսյանին ենթարկել 1,5 տարվա, իսկ Նորայր Սոլոյանին՝ 1 տարվա, Հովհաննես Սոլոյանին՝ 4,5 տարվա, Թելման Կարապետյանին էլ՝ 5 տարվա ազատազրկման: Մասնակիցներից թերեւս ամենաերկարատեւը բանտում անցկացնելու է հենց վերջինս:

Այս պատմության մեջ արտասովորն այն է, որ դատախազությունը փոխել է «ոսկե» երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործերի հոդվածները՝ դրանք ակնհայտորեն մեղմացնելով: Եթե սկզբում պաշտոնյաների որդիները մեղադրվում էին մի քանի ծանր հոդվածներով՝ Քրօրի՝ ապօրինի զենք կրելու, դիտավորյալ սպանության փորձ կատարելու, ապա գործը դատարան մտնելիս թե՛ ՀՀԿ-ական քաղաքապետի եւ թե՛ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիները հանկարծ դարձել են սոսկ խուլիգաններ ու ցինիկներ: Նրանք մեղադրվել են Քրօրի՝ խուլիգանության (բացառիկ ցինիզմով), սակայն ավելացել է 271 հոդվածը, այն է՝ առանց բժշկի թույլտվության օգտագործել է թմրանյութ: Փաստորեն, ամենածանր մեղադրանքները թողել են մենամարտող տղաների երկու ընկերներին: Սպարտակի «կռուգից» Հովհաննես Սոլոյանը մեղադրվում է Քրօրի 258 հոդվածի 4-րդ, 235 հոդվածի 1-ին մասերով, իսկ Ռուստամի ընկեր Թելման Կարապետյանը մեղադրվում է բացառապես նույն հոդվածներով՝ միայն ավելացրած 112 հոդվածի 1-ին մասը: Ստացվում է, ապօրինի զենքով դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու փորձ կատարել են միայն ընկերները: Սակայն, եթե նկատի ունենանք, որ թե ՀՀԿ-ական Ղուկասյանը եւ թե ԲՀԿ-ական Սարգսյանը փախուստի մեջ գտնվող իրենց տղաներին հանձնել էին պայմանով, այն է՝ իշխանություններին առաջիկա նախագահական ընտրություններում «պադերժկա» անելու դիմաց, որդիների համար ակնկալել էին մեղմ պատիժ, հետեւաբար զարմանալի չէ, որ այս ամենը ծանր պետք է նստեր միայն «ախպերության» վրա:

Սեփ. լր. Գյումրիում որեւէ մեկին չես կարող համոզել, որ 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանի անհետացումը, ապա նրան մահացած գտնելը (պայթեցված տնակում) որեւէ կապ չունի այս խուլիգանների գործողությունների հետ: Ահա թե ինչու շրջիկ դատավարությունն անցկացվեց Գյումրիից դուրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել