Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իբր մի բան էլ «տակ են տվել»

Դեկտեմբեր 13,2007 00:00

Կարագ եւ ձեթ ներկրողները չլսված ու չտեսնված արդարացումներ էին գտնում տուգանքից խուսափելու համար՝ մինչեւ իսկ պնդելով, թե իրենք ոչ ձեթ են ներկրում, ոչ էլ կարագ:

Երբ հանրապետության բոլոր խանութներում ձեթի նվազագույն գինը 800-850 դրամ էր, «Քեթրին գրուպի» ներկրած «Natura» բուսական յուղը, պարզվում է՝ վաճառվում էր 400-470 դրամով: Համենայնդեպս, երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այդպես էր փորձում համոզել ընկերության ներկայացուցիչ Յուրի Աֆյանը:

Երբ հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանն ընկերության ներկայացուցչին խնդրեց նշել այն խանութները, որտեղից ինքը կարող է այդքան էժան ձեթ գնել՝ Յ. Աֆյանն ափսոսանքով տեղեկացրեց, որ իրենց արտադրանքն արդեն սպառվել է: Նշենք, որ չնայած պարոն Աֆյանի պնդումներին, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ Հայաստանում ձեթը համատարած թանկացավ, Երեւանի բոլոր սուպերմարքեթներում, մասնավորապես՝ «SAS»-ում, «Երեւան Սիթիում» եւ «Սթարում» «Natura» ձեթի 5 լիտրանոց շիշը վաճառվում էր 4600-4800 դրամով, 1 լիտրը՝ 900-950 դրամ: «Քեթրին գրուպի» ներկայացուցիչը հանձնաժողովին վստահեցնում էր, որ իրենք խանութներին ցածր գնով են ձեթ մատակարարել, իսկ թե ինչու են նրանք կրկնակիից ավելի թանկ վաճառել՝ դա իրենց խնդիրը չէ: Մինչդեռ խանութներն էլ իրենց հերթին են հանձնաժողովին փաստաթղթերով հիմնավորել, որ իրենք ներկրողներից կարագն ու ձեթը գնել են շատ բարձր գնով եւ գների անհիմն բարձրացման հետ ոչ մի առնչություն չունեն:

Հիշեցնենք, որ հակամրցակցային համաձայնության գալու եւ կարագի ու ձեթի գները չհիմնավորված բարձրացնելու համար հոկտեմբերին հանձնաժողովը շուկայում գործող շուրջ 50 տնտեսվարողների տուգանել էր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով: Սակայն տնտեսվարողները, չհաշտվելով իրենց տուգանքի հետ, բողոք էին ներկայացրել հանձնաժողովին եւ խնդրել իրենց նկատմամբ կիրառված տուգանքը չեղյալ համարել: Երեկ հանձնաժողովը քննարկելով կարագ եւ ձեթ ներկրող 18 ընկերությունների բողոքները, նրանցից ոչ մեկի փաստարկները հիմնավոր չհամարեց:

Օրինակ, «Արփի» ձեթի արտադրությամբ զբաղվող «Լիկար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Իվանյանի մեկնաբանությամբ՝ իրենք միայն ձեթի հումքն են ներկրում ու սեփական գործարանում մաքրազտված ձեթ են արտադրում, սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ իրենց գործարանը չի աշխատում: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի այն հարցին՝ եթե գործարանն իրոք չի աշխատել, ի՞նչ եք արել այս տարի ընկերության կողմից փաստացիորեն ներկրված 306,9 տոննա ձեթի հումքը, Ս. Իվանյանը, ըստ էության, որեւէ պատասխան չտվեց:

«Արմեն OՍՍ» ընկերության իրավաբանները փորձում էին հանձնաժողովին ապացուցել, որ իրենց հանդեպ շատ սխալ ու անազնիվ քայլ են կատարել, քանի որ իրենք շատ լավ հարկատու են ու շատ լավ հրուշակեղեն են արտադրում: Ինչպես պարզ դարձավ «Արմեն OՍՍ»-ի ներկայացրած տեղեկատվությունից, ընկերությունն այնքան բարեխիղճ ու ազնիվ է շուկայում գործել, որ նույնիսկ Ուկրաինայից բարձր գնով կարագ է գնել ու ավելի ցածր գնով վաճառել, այսինքն՝ շահույթ ստանալու փոխարեն իբր մի բան էլ «տակ է տվել»: «Արմեն ՕՍՍ»-ի իրավաբան Բագրատ Վարդանյանի ներկայացմամբ՝ «մենք կարագն Ուկրաինայից գնել ենք 752 դրամով եւ Հայաստանում վաճառել 762 դրամով, այսինքն՝ ընդամենը 10 դրամի շահույթ ենք ունեցել»: Մինչդեռ հանձնաժողովը պարզել էր, որ նրանց կողմից ներկրված կարագի միայն մաքսային արժեքը 770 դրամ է եղել, ուստի «Արմեն OՍՍ»-ը չէր կարող ավելի էժան կարագ ծախել: Ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենք 20 հազար տոննա կարագ վաճառել են «Թամարա» ընկերությանը, իսկ իրենց ներկրած կարագի մնացած խմբաքանակը՝ 19 հազար 500 կիլոգրամ, դեռ չեն ծախել, իրենց պահեստում է, ուստի դրանով ապացուցվում է, որ «Արմեն OՍՍ»-ը շուկայում գնաճին չի նպաստել: Այդ արդարացումից անմիջապես հետո պարոն Շահնազարյանը հանձնաժողովի անդամներից մեկին ընկերության ներկայացուցիչների հետ ուղարկեց «Արմեն OՍՍ»-ի պահեստ՝ ճշտելու, այդքան կարագ իրո՞ք կա, թե՞ արդարացումը կեղծ է: Ավելի ուշ պարզվեց, որ ընկերությունը սուտ տեղեկատվությամբ պարզապես փորձում էր տուգանքից խուսափել, ուստի նրանց նկատմամբ կիրառված տուգանքը մնաց անփոփոխ: Նշենք, որ «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Մավա իմպուլս» եւ «Շանթ» հրուշակեղենի արտադրամասերի սեփականատերը:

Բողոք ներկայացրած մնացած ընկերությունները եւս փորձում էին հանձնաժողովին ապացուցել, որ 1 տարուց ավելի է՝ իրենք ոչ ներկրում են ունեցել, ոչ էլ իրացում: Այդպես է արդարացել նաեւ կարագի ու ձեթի խոշոր ներկրող «Սալեքս գրուպը»: Նրանք նշել էին, որ ապրիլից հետո իրենք ներկրում չեն ունեցել եւ վերավաճառքի նպատակով կարագ են գնել Հայաստանի այլ տնտեսվարողներից: Նրանց հիմնավորումները հանձնաժողովը նույնպես համարեց անհիմն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել