Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՂԱԶԱՐԱՎԱՆԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ «ԲՈՍՏԱ՞ՆՆ» Է

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"Սպարտակ Ասատրյանը գյուղը ոնց ուզում՝ տնօրինում է

Վերջին տարիներին Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղն իր աշխարհագրական դիրքով սկսել է գրավել մի շարք պաշտոնյաների ու մեծահարուստների, որոնք էլ ամառանոցներ կառուցելու նպատակով հեկտարներով հողատարածքներ են ձեռք բերում այդ գյուղում: Ղազարավանի գյուղապետ Սպարտակ Ասատրյանն էլ, գյուղացիների խոսքերով, օգտվելով առիթից, որ իրենց գյուղում աճուրդի ենթակա համայնքապատկան հողեր կան, Ղազարավանը «դարձրել է իր բոստանը» եւ ինչ ուզում անում է: Ազատ հողատարածքների մեծ մասը մշակվել է գյուղացիների կողմից, չնայած վերջիններս փաստացիորեն դրանց տերերը չեն եղել: Եվ որպեսզի իր նախընտրած մարդկանց վաճառի հողերը, ղազարավանցիների խոսքերով, գյուղապետը աճուրդների մասին տեղեկությունները գյուղացիներից գաղտնի է պահել: Եվ որքան էլ նրանք Ս. Ասատրյանից պահանջում են, որպեսզի հողատարածքների աճուրդների մասին տեղեկություն նաեւ գյուղապետարանում փակցնեն, վերջինս բավարարվում է միայն թերթում հայտարարություն զետեղելով: Մինչդեռ թերթը ձեռք բերելու համար գյուղացիները պետք է կամ շրջկենտրոն հասնեն, կամ՝ մայրաքաղաք:

Ղազարավանցի Բաբկեն Փանոսյանի խոսքերով. «20 տարի է Ղազարավանի Ձորակ կոչվող վայրում համայնքային նշանակության 1,5 հա հող էի մշակում: Սպասում էի գյուղապետարանը աճուրդ հայտարարեր, որ գնեի: Ամեն անգամ, երբ գնում էի տեղեկություն իմանալու, գյուղապետն ասում էր՝ մի երկու ամսից: Աճուրդի մասին հայտարարությունը միայն թերթում է լինում, իսկ մեր գյուղ թերթ չեն բերում: Դրա համար էլ գյուղապետից էի հարցնում: Գոնե գյուղապետարանում որեւէ ծանուցում փակցնեն, որպեսզի նախապես իմանանք: Մեզ խաբելով հետ էր ուղարկում, բայց գյուղապետը այդ հողերը վաճառեց իր հարսի եղբայրներին»:

Ղազարավանցիների համոզմամբ, իրենց գյուղապետը շահագրգռված չէ գյուղացիներին տեղյակ պահել աճուրդների մասին, քանի որ իրականում հենց ինքն է մի շարք հողատարածքներ ձեռք բերում՝ չնայած դրանք ձեւակերպում է հարազատների անունով: Բ. Փանոսյանի ներկայացմամբ, ձորակի հողատարածքի կադաստրային արժեքը կազմում է մոտ 10-15 հազար դրամ, սակայն շուկայական գներով վաճառելու դեպքում, քանի որ գեղեցիկ տեսարան կա ու տեղանքն էլ շատ հարմար է տուն կառուցելու համար, գյուղապետը կարող է տարածքը 3-5 հազար դոլարով վաճառել: Գյուղացիների ներկայացմամբ՝ գյուղապետի գաղտնի աճուրդ կազմակերպելը չարյաց փոքրագույնն է: Գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում գտնվող 120 հա հողատարածքը դեռեւս խորհրդային տարիներին տրվել է մայրաքաղաքի բնակիչներին՝ այգեգործական ու ամառանոցներ կառուցելու նպատակով: Անկախությունից հետո գյուղապետն այդ հողերն էլ է իրենով արել: Գյուղացիները փաստում են, որ տարիներ շարունակ նա այդ հողերից մեծ եկամուտներ է ստացել՝ հենց միայն սեւ, պարարտ հողը քանդելով ու վաճառելով: Ղազարավանցիներն ականատես են եղել, թե ինչպես են տասնյակ մեքենաները տոննաներով հողը տեղափոխում մայրաքաղաք: Մեքենաների վարորդներն էլ են հաստատել, որ տանում են Վահագնի թաղամասի, պաշտոնյաների առանձնատների այգիների համար: Ղազարավանցիների պատմելով՝ իրենց գյուղում մոտ 150 հա պահուստային հողատարածք կա, որը նախատեսված է նորաստեղծ ընտանիքների համար, սակայն գյուղապետը դա էլ է աստիճանաբար վաճառում, ընդ որում, ոչ թե հասարակ գյուղացիներին, այլ դատախազների, ոստիկանների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Նշենք, որ Ղազարավանում հողատարածք ունի նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Գյուղացիները վստահեցնում են, որ բարձրաստիճան պաշտոնյաներին հող տրամադրելով՝ Ս. Ասատրյանն «իրեն թիկունք է ապահովում», որպեսզի պաշտոնի հետ կապված խնդիրներ ծագելու դեպքում «տանիք» ունենա: «Եթե այս անօրինությունները սովետի ժամանակ արվեին՝ նրան վաղուց Սիբիր էին ուղարկել»,- ասաց Բ. Փանոսյանը: Ղազարավանցիների պատմելով, գյուղի գործող խանութն էլ է գյուղապետին պատկանում, Ղազարավանի կենտրոնում էլ ձկնաբուծարան է հիմնել, որը սպասարկվում է գյուղի խմելու ջրի միակ աղբյուրից:

«Առավոտի» հետ զրույցում Ղազարավանի գյուղապետ Ս. Ասատրյանը հերքեց, որ հողերն իր ազգականներին է վաճառել, ասաց, որ գյուղի հողերի 99%-ը կամ վարձակալության է տվել, կամ էլ աճուրդով հատկացրել է գյուղացիներին. «Գյուղում 150 հա ազատ հողատարածքներ կան, դրանք ոնց եղել են՝ տենց էլ մինչեւ հիմա կան»: Հողերը մեքենաներով մայրաքաղաք տեղափոխելու առնչությամբ էլ պարոն Ասատրյանն ասաց, որ այդ հողատարածքները փորվել են, որպեսզի անասունների համար խմելու ջրի լճակներ ստեղծեն. «Սելավաջրերը կլցվեին այդտեղ, անասուններն էլ խմելու ջուր կունենային, բայց տեխնիկական պատճառներով գործը կիսատ մնաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել