Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Դեկտեմբեր 13,2007 00:00

Դեկտեմբերի 11-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ: Ինչպես հայտնում են կառավարության լրատվականից, վարչապետը հանդիպումներ ունեցավ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ: Հագեցած այդ ծրագրի ընթացքում Սերժ Սարգսյանը նաեւ հարցազրույց տվեց մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների՝ «Լա Ստամպա», «Թայմս», «Ֆայնենշըլ թայմս», «Լը Մոնդ» թերթերի, «Ռոյթերս» գործակալության, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հետ: Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել երեւանյան հանդիպումից կարճ ժամանակ անց կրկին հանդիպելու հնարավորության համար: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում անցկացվելիք առաջիկա նախագահական ընտրություններին, կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, շեշտել մամուլի դերը՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման գործում: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ՀՀ վարչապետը, ամփոփելով Բրյուսել եւ Ստրասբուրգ կատարած իր աշխատանքային այցն ու խոսելով ակնկալիքների մասին, ընդգծել է, թե՝ Հայաստանի համար եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ մնում է կարեւորագույն ուղղություններից մեկը, եւ մենք ակնկալում ենք եվրոպական կառույցների օժանդակությունը մեր ժողովրդավարական ու կառուցվածքային բարեփոխումների ճանապարհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել