Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Ասատրյանը աղջիկներ չի մատակարարում

Դեկտեմբեր 13,2007 00:00

Նրանց ընտրությունը թողնում է «կլիենտներին»

«Այն, ինչը ես ասել եմ «Էքսպրես» թերթում, բացարձակ ճշմարտություն է, որեւէ բան խեղաթյուրված չէ: Յուրաքանչյուր բառի համար ես պատասխանատու եմ: Ես Մոսկվայում ունեմ պրոումոթերսկի կամպանիա, որն աշխարհով մեկ՝ տարբեր երկրների ղեկավարների եւ լուրջ մարդկանց համար կազմակերպում է շատ գեղեցիկ միջոցառումներ: Ինչ վերաբերում է ձեր ասած աղջկերքին՝ բնականաբար, ես, լինելով աստվածապաշտ մարդ եւ ընտանիքի հայր, երկու բան բացառում եմ իմ երեկույթներում. մեկը հենց ձեր ասած խնդիրն է՝ ով ում հետ ուզում ա թող գա, դա իմ խնդիրը չի, բայց… դաստիարակությունս դա թույլ չի տալիս եւ ես այդքան գումարների ետեւից չեմ ընկնում: Եվ երկրորդը՝ թմրադեղերն են»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ երեկ հայտարարեց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը: Նա հավելեց, որ, բացի Սադամ Հուսեյնից, երկար ժամանակ միջոցառումներ է կազմակերպել նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի եւ եվրոպական այլ լիդերների համար, որոնց հետ մինչ օրս էլ աշխատում է: Իսկ Ամանորին սպասարկելու են նաեւ ԱՊՀ երկու ղեկավարների: Անուններ Ս. Ասատրյանը չհրապարակեց՝ «կոմերցիոն գաղտնիք է»:

Անդրադառնալով «Էքսպրեսի» հրապարակման մեջ Միխայիլ Սահակաշվիլիի մասին իր արած բացահայտումներին՝ հավելեց. «Սահակաշվիլիի մասին ես ասել եմ այնքան, ինչքան հարկ եմ համարել: Նրա մասին ես շատ բաներ ունեմ ասելու: Ինքն իրեն շատ վատ է պահում թե՛ իր պետության ներսում, թե՛ մեր հայազգի ներկայացուցիչների նկատմամբ: Ի դեպ, շատ ու շատ հայազգի ներկայացուցիչներ, որ դրսում եղել են ղեկավարներ՝ միշտ փորձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ եւ հայի նկատմամբ կրկնակի կամ եռակի անարդար են վարվել. Բյուզանդիայի թագավորից սկսած՝ Պարսկաստանի վարչապետից վերջացրած (՞): Յուրահատուկ մազոխիստական, ազգադավաճանական խնդիր կա: Սահակաշվիլին, իհարկե, վրացի չէ: Գոնե ինը տարի առաջ էդպես էր ինքն ասում՝ հայերեն լեզվով»: «Միշայի մասին» ավելին Ս. Ասատրյանն առայժմ չի ցանկանում ասել:

Իսկ ինչո՞ւ այդ ընկերությունը Հայաստանում էլ իր գործունեությունը չի ծավալում: «Հայաստանում այսօր այդ շուկան ձեւավորված չէ: Եվ քանի որ Հայաստանում ես քաղաքական գործիչ եմ՝ չեմ կարող համատեղել երկու երեւույթ: Այստեղ բոլոր այդ միջոցառումները պատվիրում են մարդիկ, ովքեր ուղղակիորեն քաղաքականության հետ կապ ունեն կամ քաղաքական գործիչներին բարեկամ են. այդքան էլ կոռեկտ չի, որ զբաղվեմ եւ ցանկություն էլ չունեմ: Մենք մի քիչ այլ մակարդակի ենք կազմակերպում, Հայաստանի շուկան եւ պահանջարկն այդպես չի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել