Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"Ըստ այդմ, ամենահարուստը Վահան Հովհաննիսյանն է

2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած եւ պաշտոնապես առաջադրված բոլոր 9 թեկնածուները «Ընտրական օրենսգրքի» պահանջների համաձայն ԿԸՀ են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Ու թեեւ համապատասխան փաստաթղթի տիպաձեւում հատուկ շեշտված է, որ այդ տվյալները պետք է ներառեն հաշվետու ժամանակաշրջանը, այն է՝ «ընտրությունների անցկացման նախորդ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը», ասել է թե՝ 2007թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, այդուհանդերձ, 9 թեկնածուներից միայն մեկը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ պահպանել է սահմանված ժամկետը: Մյուս թեկնածուների, օրինակ՝ Արտաշես Գեղամյանի եւ Վահան Հովհաննիսյանի հայտարարագրերը վերաբերում են լավագույն դեպքում 2006-ի հունվարի 1-ից մինչեւ 2007-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրենց ունեցած սեփականության եւ եկամուտների տվյալներին, իսկ մյուս բոլոր 6 թեկնածուներինը վերաբերում են 2006-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանին:

Դատելով ՀՀ նախագահի թեկնածուների հայտարարագրերից՝ մեր ամենահարուստ նախագահացուն ՀՅԴ-ն ներկայացնող Վահան Հովհաննիսյանն է, թեեւ նա «Ֆորբս» ամսագրում հրապարակված Հայաստանի ամենահարուստների տասնյակում, ի տարբերություն մեկ այլ թեկնածու Սերժ Սարգսյանի, որի կարողությունը գնահատվել էր 150 մլն դոլար, տեղ չուներ:

Այսպես, Վ. Հովհաննիսյանը 2006-ի հունվարի 1-ից մինչեւ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ ուներ երկու բնակարան՝ Կորյունի 10 եւ Խաչատրյան 22 հասցեներում, երկուսն էլ համասեփականության իրավունքով: Հողամաս ունի Կոտայքի մարզի Առինջ գյուղում, սակայն սեփական փոխադրամիջոց չունի: Փոխարենը նա հաշվետու տարում իբրեւ դրամական միջոց հայտարարագրել է 4 մլն դրամ, 8000 ԱՄՆ դոլար եւ 170 հազար եվրո: Որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճար պարոն Հովհաննիսյանը մեկ տարվա կտրվածքով ԱԺ-ից ստացել է 3 438 070 դրամ, իսկ ԵՊՀ-ից՝ 40740 դրամ:

Ուշագրավ է Սերժ Սարգսյանի հայտարարագիրը: Նա ապրում է կառավարության ամառանոցում՝ Ձորափի 72 հասցեում, որը, բնականաբար, նրա սեփականությունը չէ: Սեփական շենքեր եւ շինություններ տողում որպես վայր նշված է քաղաք Ստեփանակերտը: Այնտեղ նա ունի 96քմ մակերեսով բնակելի, այն էլ՝ համասեփականատիրոջ իրավունքով: Հողամասեր, այլ անշարժ գույք, ըստ հայտարարագրի, չունի, թեեւ մամուլում պնդումներ կային, որ նա առանձնատներ, այնուամենայնիվ, ունի. օրինակ՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ Աղվան Հովսեփյանի առանձնատան հարեւանությամբ, Ծաղկաձորում՝ Արմեն Ավետիսյանի առանձնատան հարեւանությամբ եւ այլն: Վարչապետը որպես իր ունեցած միակ փոխադրամիջոց հայտարարագրել է իր 1992թ. արտադրության «Միցուբիշի» ավտոմեքենան: Շուրջ 370 հազար դոլար արժողությամբ լիովին զրահապատված՝ 3-րդ կարգի «Մերսեդես Բենս» մակնիշի «Գելադե Վագենը», որով նրան տեսնում են Երեւանի փողոցներում եւ հանրապետության ճանապարհներին, հավանաբար, պաշտոնապես «պետական կարգավիճակ» ունի: Սակայն նշենք, որ այն ձեռք է բերվել 2000-ին, երբ պարոն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, մեքենան նրան ծառայում էր ե՛ւ պաշտպանության նախարար եղած ժամանակ: Հայտարարագրից հայտնի է դառնում, որ վարչապետն ունի չափազանց բարձր գին ունեցող մշակութային արժեքներ եւ հնաոճ իրեր: Օրինակ, կտավներ, այդ թվում հայ նկարիչների՝ Բաշինջաղյան, Խանջյան, Սարյան, Մինաս, Հակոբյան, Գյուրջյան՝ 32 հատ, նաեւ հնաոճ իրեր՝ 18-20-րդ դարերի գործեր, այդ թվում՝ արձանիկներ, քանդակներ եւ այլն: Ըստ Ս. Սարգսյանի հայտարարագրի, հաշվետու ժամանակահատվածում նրա աշխատավարձը կազմել է 3 600 000 դրամ: Այս թեկնածուի դրամական միջոցները, իր նշած տվյալներով, կազմում է ընդամենը 58 մլն դրամ եւ զրո ԱՄՆ դոլար:

Ըստ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարագրի, նրա եկամտի միակ աղբյուրը ՀՀ նախկին նախագահի կենսաթոշակն է՝ 3 600 000 դրամ, ճիշտ այնքան, որքան Ս. Սարգսյանի աշխատավարձը: Փոխարենը ունի սեփական բնակելի Ծիծեռնակաբերդի խճուղի, 10 հասցեում, հասարակական նշանակության սեփականություն՝ Կորյունի 19ա հասցեում, եւ իբրեւ համասեփականություն՝ երկու հասարակական նշանակության տարածքներ՝ Վարդանանց 5ա հասցեում: Այս հասցեներից ստացված վարձակալության դիմաց ստացված վճարը կազմել է 4 320 000 դրամ:

Ունի մեկ սեփական փոխադրամիջոց՝ «Լինքոլն Բաունքար», որը ձեռք է բերվել 1998-ին: Այլ անշարժ գույք, փոխադրամիջոց, ինչպես նաեւ մշակութային արժեք ներկայացնող իրեր չունի:

Հաջորդ ուշագրավ հայտարարագիրը Տիգրան Կարապետյանինն է: Ու թեեւ նա մի պատեհ առիթով հայտարարել էր, թե իր ունեցած փողերը խելքից շատ են, բայց պարզվում է, որ այդ փողերն էլ այնքան շատ չեն, գոնե՝ ըստ հայտարարագրի: Որպես շենքեր եւ շինություններ նա նշել է Այգեձոր 44 եւ Գրիբոյեդովի 2-3 հասցեում գտնվող բնակելի տները, որոնց համասեփականատերն է, Կոմիտասի 59 եւ Մամիկոնյանց 27ա հասցեներում միանձնյա սեփականատեր է, հողամաս ունի Կոմիտաս 59 հասցեում՝ դարձյալ որպես միանձնյա սեփականատեր: Նշել է, որ այլ անշարժ գույք չունի, թեեւ հրապարակայնորեն բազմաթիվ անգամ է շեշտել, թե «դրսներում» բիզնես ունի:

Փոխարենը Կարապետիչը հայտարարագրել է 5 փոխադրամիջոց՝ «Դոջ Viper V10 8.0L», «Մերսեդես Բենս S600», «Մերսեդես Բենս 140», «Իկարուս 255», ջիփ՝ «Grand Cherokee»: Մշակութային արժեքներ եւ դրամական միջոցներ չունի՝ ո՛չ դրամով, ո՛չ դոլարով: Վարձակալությունից ստացված եկամուտը հաշվետու տարում կազմել է 999.234 դրամ: Իբրեւ աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված եկամուտ ստացել է ԱԼՄ հոլդինգից՝ 360. 000 դրամ եւ «Ալբատրոս» ՍՊԸ-ից՝ 240.000 դրամ կամ 60 լիտր բենզին: Սա առնվազն զարմանալի է, եթե նկատի ունենանք, որ նրա բաժանած միայն հեռուստացույցների քանակն ու մարդկանց Սեւան տանելը հաստատ ավելին արժեին, քան նրա աշխատավարձը: Հետաքրքիր է նաեւ այն, որ, ըստ նրա հայտարարագրի, ստացվում է, որ Սեւանի ափին նրա «Ալբատրոս» «պլյաժից» ստացված մեկ տարվա եկամուտը կազմել է ընդամենը ամսական 20 հազար դրամ՝ այն դեպքում, երբ այդ ափում մեկ տնակ վարձելն արժեր 30-40 հազար դրամ:

Մյուս թեկնածուների ներկայացրած հայտարարագրերին կանդրադառնանք հաջորդ համարում: Դրանք էլ, ի դեպ, պակաս ուշագրավ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել