Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ՃԱՇԱԿ ՉՈՒՆԵՍ

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"Ակնարկում է ՕԵԿ փոխնախագահը ՕԵԿ երիտասարդական միության նախկին ղեկավարին, որն այժմ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: \"\"

«Օրինաց երկիր» պաշտոնաթերթը հրապարակում է այն հասարակական կազմակերպությունների նախագահների հոդվածները, որոնք աջակցություն են հայտնում Արթուր Բաղդասարյանին՝ իբրեւ նախագահի թեկնածուի: ՕԵԿ նախագահին արդեն պաշտպանում են «Եվրոպական ժողովրդական շարժում» հ/կ նախագահ Դեզի Հովհաննիսյանը, «Համագործակցություն» հ/կ նախագահ Եկատերինա Սիմոնյանը, նաեւ «Ամրոց» հ/կ նախագահ Գայանե Իսպիրյանը: Սակայն առավել ուշագրավ է «Հայ երիտասարդական գիտահետազոտական կենտրոն» հ/կ նախագահ Սերգեյ Հովասափյանի խոսքը, որը ներկայացնելով իրենց կազմակերպության դիրքորոշումը՝ նշել է. «Մենք չունենք պետական իշխանություն. մենք ունենք մի խումբ անձինք, ովքեր օգտագործելով իշխանական լծակները՝ հետապնդում են իրենց սեփական շահերը, որոնք հակասում են պետական շահերին»: Նման դիրքորոշման համար՝ ձեւախեղելով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթում «կոռուպցիոն կառույցը լիովին կազմալուծել, կազմաքանդելու» մասին արտահայտությունը՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե չեն միանալու ՀՀ առաջին նախագահին, քանի որ մասնավորապես դեմ են «պետա-իշխանական համակարգը հիմնովին կազմաքանդելու մոտեցմանը: Լավ թե վատ՝ կառուցել ենք մի երկիր, որն այսօր ինքնիշխան է, եւ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում կախված է մեր եռագույնը իբրեւ մեր ինքնիշխանության խորհրդանիշ»: Այժմ պարզվում է, որ ՕԵԿ նախագահի կողմնակիցների շարքում կան մարդիկ, ովքեր համարում են, թե մենք ընդհանրապես չունենք պետական իշխանություն:

Երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրվա ծ ասուլիսի ընթացքում «Առավոտը» հարց ուղղեց, թե ինչպե՞ս են բացատրում այն փաստը, որ թեեւ «Գելափի» հարցմամբ Արթուր Բաղդասարյանը 2-րդն է Սերժ Սարգսյանից հետո, այնուամենայնիվ՝ պաշտոնական ողջ հակաքարոզչությունը կենտրոնացած է մի թեկնածուի դեմ, որն ավելի պակաս վարկանիշ ունի: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որը նաեւ պատասխանատու է լինելու նախընտրական քարոզչության համար՝ ի պատասխան նշեց. «ՕԵԿ-ի նկատմամբ հակաքարոզչություն ու սեւ քարոզչություն մշտապես իրականացվել է», իսկ այժմ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ «բոլոր սրերն» ուղղելու կապակցությամբ ասաց. «Մենք ընդհանրապես սկզբունքորեն դեմ ենք, որ սրերն ուղղվեն որեւէ քաղաքական գործչի կամ ուժի կողմը. եթե խոսում ենք ազատ ու արդար ընտրությունների մասին՝ ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ սրերն ուղղելը բացարձակապես անընդունելի է: Հավասար լրատվական դաշտ, հավասար հնարավորություններ, հավասար ներկայացում՝ ժողովուրդը պիտի հավասար տեղեկատվություն ստանա, հետո ինքը կատարի ընտրություն»:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, որը ղեկավարում է Արթուր Բաղդասարյանի առաջադրման հանրային կապերի գրասենյակը եւ նրա նախընտրական շտաբի պետն է՝ մինչ մեր հարցն էր արդեն մտահոգություն հայտնել առաջադրված թեկնածուների նկատմամբ եթերային անհավասարության կապակցությամբ. «Արթուր Բաղդասարյանն ԱԺ ընտրություններից հետո միայն 4-5 անգամ է հնարավորություն ունեցել հայտնվել հեռուստաեթերում»: Մինչդեռ, ըստ նրա՝ «ե՛ւ իշխանության թեկնածուն է անընդհատ եթերում, ե՛ւ նրան պաշտպանող անձինք»:

Հեղինե Բիշարյանն ասուլիսում ներկայացրեց իրենց մարտավարությունը՝ ամեն շաբաթ հրավիրելու են ճեպազրույց եւ ներկայացնելու «յուրահատուկ հաշվետվություն»: Կազմակերպելու են հանդիպումներ բնակչության հետ, ու նաեւ՝ հանրահավաքներ: Իսկ Մհեր Շահգելդյանը հարցին, թե ինչ փուլում է այլ թեկնածուների հետ հանդիպելու Արթուր Բաղդասարյանի հայտարարած նախաձեռնությունը՝ պատասխանեց. «Մենք խիստ կարեւորում ենք ուժերի համադրումը բաց, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման համար, կարեւորում ենք այս ոլորտում ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը, մասնավորապես՝ նաեւ ընտրական հանձնաժողովներում: Եվ այդ ուղղությամբ աշխատանք հստակորեն տարվելու է եւ կլինի: Չենք բացառում նաեւ միգուցե ընդհանուր կլոր սեղանի կազմակերպումը՝ բոլոր թեկնածուների մասնակցությամբ, խաղի մաքուր կանոնների կամ ընտրությունների մաքուր մեթոդաբանության շուրջ խոսելու համար: Ով կգա, ով չի գա, դա արդեն երկրորդ խնդիրն է»:

Հ. Գ. Մեր հարցին, թե ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ ՕԵԿ երիտմիության նախկին ղեկավար Սամվել Ֆարմանյանը դառնալով ՄԻԱԿ-ի նախագահ՝ հայտարարեց Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, թե ավելի լավ կլիներ, որ Սամվել Ֆարմանյանը բացատրեր, թե ինչպես իր մոտ տեղի ունեցավ նման գաղափարական փոփոխություն. «Եվ ես կարծում եմ՝ սա նաեւ ճաշակի խնդիր է: Ովքեր բարձր ճաշակ ունեն՝ նրանք Արթուր Բաղդասարյանի կողքին են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել