Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ միավոր պակասեց

Դեկտեմբեր 11,2007 00:00

\"\"Եվ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը զրկվեց եվրատեսիլյան Գրան պրիից

Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացավ մանկական «Եվրատեսիլ-2007» շքեղ մրցույթը, որին 17 երկրների թվում առաջին անգամ մասնակցում էր նաեւ Հայաստանը: Դահլիճում ներկա էր շուրջ 10000 հանդիսատես, բոլոր տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ: Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, մեկ ամսից արդեն կվաճառվեն «Եվրատեսիլ-2008»-ի տոմսերը:

Միջազգային մրցույթում մեր երկիրը «Երազանք» երգով ներկայացրեց Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը, որը ստեղծվել է 28 տարի առաջ: Վերջինիս ընդամենը մեկ միավոր պակասեց հաղթող ճանաչվելու համար: 137 միավորով «Եվրատեսիլ-2007»-ի մրցանակակիր դարձավ Ալեքսեյ Ժիգալկովիչը՝ Բելառուսից: 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում Սերբիան եւ Վրաստանն էին, 5-րդ տեղում՝ Մակեդոնիան:

Անցյալ տարվա հաղթող Ռուսաստանը (Ալեքսանդրա Գոլովչենկո) «հանգրվանեց» ընդամենը 6-րդ հորիզոնականում:

Հայաստանին առավելագույն՝ 12 միավոր շնորհեցին Վրաստանը, Ռուսաստանը, Բելգիան, Կիպրոսը, Հոլանդիան, Ռումինիան եւ Ուկրաինան, իսկ Լիտվայից, Պորտուգալիայից ու Մալթայից միավորներ չստացանք: Ինչպես բնորոշ է եվրատեսիլներին, նախկին Հարավսլավիայի երկրները բարձր միավորներ շնորհեցին միմյանց, նախկին ԽՍՀՄ հանրապետությունները՝ իրար: Իհարկե, եղան նաեւ բացառություններ: Օրինակ, Վրաստանը Ռուսաստանին հասկանալի պատճառներով ընդամենը 1 միավոր տվեց, Բելգիան՝ նույնպես…

Ի դեպ, 2005թ. էլ է Բելառուսը հաղթել մանկական «Եվրատեսիլում»՝ գլխավոր մրցանակը տրվել է Քսենյա Սիտնիկին: Այս տարվա հաղթող Ալեքսեյ Ժիգալկովիչին «Եվրատեսիլ-2007»-ի Գրան պրին հանձնեցին անցյալ տարվա հաղթողներ Մաշա եւ Նաստյա Տոլմաչովա քույրերը (ՌԴ):

Հաջող էին մեր վրացի Մարիի, պորտուգալացի Խորխեի, 10 գրանպրիներ շահած ուկրաինուհի Իլոնայի, Սերբիայի ներկայացուցչի կատարումները: Սակայն շատ քչերն էին մնացել մանկական «ստանդարտների» մեջ, օրինակ՝ Մակեդոնիան ներկայացնող պատանին ականջօղով էր, հույն աղջիկները՝ հարսնաշորով, սերբուհին՝ էրոտիկ զգեստով ու ներկված աչքերով եւ այլն… Ի տարբերություն շատ-շատերի, գունեղ էին մեր արեւիկցիները եւ «ջրային» քաղաք Ռոտերդամի մրցույթին հարիր: Ափսոս, որ սկզբում կաշկանդված էին երգում եւ ավելի ուշ «բացվեցին»… Անկախ ամեն ինչից, նրանց՝ 2-րդ հորիզոնականում հայտնվելը հաղթանակի էր հավասարազոր, մանավանդ նման մրցույթներում առկա են քաղաքական «խաղերը»: Ու պատահական չէր, որ առաջին տեղը Հայաստանին չտրվեց:

Դառնալով «Եվրատեսիլ-2007-ի» հաղթող բելառուսցի Ալեքսեյ Ժիգալկովիչին, նշենք, որ նա 11 տարեկան է: Այն երգը, որը նա կատարեց եվրոպացի լսարանի համար՝ «Ընկերներիս հետ», ինքն է գրել: «Ես բազմաթիվ հավատարիմ ընկերներ ունեմ, որոնք ինձ չեն լքի դժվարին պահերին, դրա համար էլ երգս նրանց եմ նվիրել»,- լրագրողներին ասել էր Ալեքսեյը: Ըստ որոշ տեղեկությունների, «Եվրատեսիլում» լավ «մարզավիճակով» հանդես գալու համար տղան հրաժարվել է բոլոր համով ուտելիքներից, նույնիսկ՝ պաղպաղակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել