Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ՏՂԵՔԻՆ» ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ ԷՐ

Դեկտեմբեր 11,2007 00:00

\"\"Որովհետեւ մենահամերգի նպատակով ԱՄՆ էին ուզում «թափանցել» ոչ թե բիզնես, այլ սովորական վիզայով:

 

Պարզվում է՝ միայն հայաստանցի գործարարները չեն խուսափում հարկերից, նման աշխատաոճը մուտք է գործել նաեւ հայկական շոու-բիզնես: Որոշ երգիչ-երգչուհիներ ու խմբեր իրենց ճարպկությունը փորձում են կիրառել նաեւ արտերկրում: Դեռ հոկտեմբեր ամսին Լոս Անջելեսում պետք է կայանար «Հայ տղեքի» մենահամերգը, որից հետո նրանք պետք է մասնակցեին Armenian Music Awards մրցանակաբաշխությանը: ԱՄՆ դեսպանատունը, սակայն, մերժել էր խմբին մուտքի արտոնագիր տրամադրել: Ի դեպ, «տղեքը» վիզա ցանկացել էին ստանալ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, մինչդեռ նրանք պետք է խնդրեին բիզնես-վիզա: Խնդիրն այն է, որ բիզնես-վիզայի դեպքում նրանք մենահամերգից հետո գոյացած եկամտից պետք է հարկեր մուծեին: Իսկ հրավիրյալի վիզան հարկեր չի ենթադրում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, սակայն, պարզել էր «տղեքի» «նպատակները», որպես ապացույց բերելով Գլենդելով մեկ փակցված նրանց մենահամերգների պաս

տառները, գումարած՝ այնտեղ ծրագրված համերգների մասին տարբեր գովազդներ եւ այլն: Այսուհանդերձ, «Հայ տղեքը» մասնակցեցին Armenian Music Awards մրցանակաբաշխությանը, որից հետո ունեցան մենահամերգներ, ըստ մեր տեղեկությունների՝ մուծելով համապատասխան հարկերը:

Խմբի տղաները՝ Միշոն եւ Հայկոն, օրերս են վերադարձել Ամերիկայից: Հայաստանցի արտիստների «խնդրին» է անդրադարձել նաեւ ամերիկյան www.armblogs.info/lragrox կայքը, որտեղ կարդում ենք. «Դժբախտաբար, տղաների պրոդյուսերի «շուստրիությունը» նրանց վրա թանկ է նստել: Ընդամենը մեկ բան է «Հայ տղեքին» մնում՝ աշխատանքից ազատել պրոդյուսերին, հրաժարվել խոպանչու հոգեբանությունից եւ փորձել այսուհետեւ ազնիվ ճանապարհով վիզա ստանալ: Ամերիկայում նրանք ունեն երկրպագուների մեծ բանակ եւ, կարծում ենք՝ ամերիկյան շուկան ոչ միայն շահութաբեր է, այլեւ խիստ ուսուցողական»:

Երեկ ողջ օրվա ընթացքում չհաջողվեց կապվել «Հայ տղեքի» անդամների հետ: Իսկ նրանց նախկին պրոդյուսերը՝ Միկան, որը «տղեքից» մեկի՝ Հայկոյի եղբայրն է, «Առավոտին» ասաց, որ նրանք «ժամանակավորապես անհասանելի են»՝ նախօրեին ունեցած համերգից հետո հանգստանալու պատճառով: Նրանից խնդրեցինք «տղեքի» նոր պրոդյուսեր Արմինի հեռախոսահամարը՝ «Առավոտի» հարցերին սպառիչ պատասխաններ լսելու ակնկալիքով: Ապարդյուն:

Հայաստանյան շոու-բիզնեսին մոտ կանգնած մեր աղբյուրները արդարացնելով ոչ միայն «տղեքին», այլեւ մեր աստղերից ոմանց, հավաստիացնում են, որ հաճախ հրավիրող կողմը (հիմնականում՝ մեր հայրենակիցները) ինքն է դիմում «հայկական տարբերակի», այն է՝ դեսպանատուն է ներկայացնում հյուրընկալության կամ բարեգործական ակցիաներին մասնակցության վիզաներ՝ փոխանակ համապատասխան հայտով ներկայանալու իրենց երկրի հարկային ծառայություններին: Մեր աղբյուրները փաստեցին նաեւ, որ արվեստագետների կողմից հարկեր վճարելու գործառույթը Հայաստանում բարձիթողի վիճակում է: Մեզ մոտ միայն գրանցված կազմակերպություններն են պարտաճանաչ մուծում հարկերը եւ չես գտնի մարզադաշտեր «լցնող» մի երգչի, որն իր մենահամերգից հետո ենթարկվի օրենքին՝ մուծի համապատասխան չափաբաժնով հարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել