Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դիմավորեցին Մարդու իրավունքների պաշտպանության օրը Հայաստանում

Դեկտեմբեր 11,2007 00:00

Ցմահների խնդրանքը

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում սկսվեց «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված սեմինարից, ուր մասնակցում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սեմինարին բարձրացվեցին իրավական ոլորտին առնչվող հարցեր, նշվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա «հաջողությունները»:

Մինչ սեմինարին կարծարծվեին տեսական իրավապաշտպանության մասին հարցերը, «Առավոտում» քաղաքացիների այցելություններն ու հեռախոսազանգերն անպակաս էին: Դրանք երեկ 40-ից ավելի էին:

Երեկ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից թերթին էին դիմել ցմահ ազատազրկման դատապարտվածները, որոնց թիվը 42-ից ներկայումս հասել է 74-ի: Նրանք խնդրում էին մեկ անգամ եւս բարձրացնել ՀՀ նախագահի հրամանագրի օրինականության հարցը, որով իրենց մահապատիժը փոխարինվեց ավելի խիստ պատժի՝ ցմահ ազատազրկման:

«Ուրախ» էին դատավորները

Առաջին ատյանի դատարանից ՀՀ քրեական վերաքննիչ դատարան տեղափոխվեց Մասիս Ռեհանյանը: Իսկ ահա ՀՀ նախագահի երեկվա հրամանագրով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան տեղափոխվեց դատավոր Ռուբեն Ափինյանը: Շիրակի մարզի դատարանից Արմավիր տեղափոխվեց դատավոր Հովհաննես Մելքոնյանը: Քանի որ տնտեսական դատարան հունվարի 1-ից գոյություն չի ունենա՝ նրա դատավորներից Վլադիմիր Ասլանյանը նույնպես առանց դատավորի վեղարի չի մնա. նրան նշանակել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Օրվա նշանակումները

Երեկվանից իր գործունեությունը երդման արարողությամբ սկսեց հատուկ քննչական ծառայությունը: Ինչպես «Առավոտը» մեկ ամիս առաջ կանխատեսել էր, քննչական ծառայության պետ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:

Ա. Միրզոյանը բացառեց, որ հնարավոր կլինի իր ծառայության նկատմամբ ճնշումները, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ «Անհարկի համարեց օրենքի ընդունման կապակցությամբ բարձրացված աղմուկն առ այն, թե ծառայությունը ստեղծվում է ճնշումներ իրականացնելու համար»: Նշենք, որ ծառայության վարույթ են ընդունվելու պետական պաշտոնյաներին եւ ընտրակեղծիքներին առնչվող ընթացիկ գործերը:

Օրվա պատահարները

ՀՀ փրկարար ծառայությունից «Առավոտին» երեկ տեղեկացրին, որ բնական գազի թունավորումով Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել, առաջին բուժօգնություն ստացել եւ ապա հրաժարվել էր հոսպիտալացումից՝ Տարոն-4 թաղամասի թիվ 43 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 43-ամյա Վարդիշող Գասպարյանը:

Փրկարար ծառայության մեկ այլ տեղեկությամբ բոտուլիզմի հարուցիչից մահացել էր Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 67-ամյա բնակիչ Սվետլանա Ուռուսյանը, իսկ նրա թոռնիկը՝ 8-ամյա Աննա Ազիզյանը տեղափոխվել էր Երեւանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Սննդային թունավորման նախանշաններով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրիի Մուշ-2 թաղամասի 4/3 շենքի 39-րդ բնակարանի բնակիչներ՝ 4-ամյա Արթուր եւ 3-ամյա Գայանե Մեքինյանները: Վերջինս ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս էր գրվել հիվանդանոցից:

Մեկ այլ տեղեկատվությամբ՝ Ամիրյան փողոցի թիվ 18 շենքի 16-րդ բնակարանում հայտնաբերվել էր 70-ամյա կաթվածահար կնոջ դիակ:

Օրվա արձագանքը

«Առավոտի» դեկտեմբերի 7-ի համարում տպագրվել էր Ջեմս Ստեփանյանի նամակը՝ «Օրինախախտ դատավորը» վերնագրով: Անդրադարձել էինք վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի կայացրած վճռին, որի արդյունքում քաղաքացին տուժելու էր 12 000 դոլար գումար: Պարտապան Ա. Բոստանջյանից հօգուտ «Առավոտի» նամակագրի պետք է գանձվեր ոչ թե նրա վերցրած գումարը, այլ տոկոսները: Երեկ տեղեկացանք, որ դատավորը կայացրել է «Որոշում՝ վճռում թույլ տված վրիպակն ուղղելու մասին»: Ըստ այդ որոշման, Ջ. Ստեփանյանի «հայցը բավարարել մասնակի» արտահայտությունն ուղղվել է եւ ձեւակերպվել՝ Ջ. Ստեփանյանի «հայցը բավարարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել