Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹՈԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ»

Դեկտեմբեր 11,2007 00:00

\"\"Երեկ երազեց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը

«Առաջադրվել է 9 թեկնածու, ինչը արտացոլում է այսօրվա մեր իրականությունը: Ժողովրդի մեջ կան տարբեր հայացքներ: Եթե որեւէ մեկը ուզում է ուրիշի ձեռքերով պատժել, վրեժխնդիր լինել, ապա նախագահի այդ թեկնածուն կա, եթե որեւէ մեկը ցանկանում է պահպանել այսօրվա վիճակը, այդ թեկնածուն էլ կա: Իսկ ես այն թեկնածուն եմ, որ ուզում է բարելավել սոցիալական պայմանները, դրա համար էլ առաջադրվել եմ»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա կրկին ասաց, որ առաջադրվել է այն պարզ պատճառով, որպեսզի իր էլեկտորատը ոչ թե ձայն տա ուրիշին՝ փնտրելով չարյաց փոքրագույնը, այլ այն թեկնածուին, որին հավատում է: «Ամերիկյան մի կազմակերպության հարցումների համաձայն՝ ազգաբնակչության 33%-ը իմ անձի ու «Ժողովրդական կուսակցության» նկատմամբ դրական է տրամադրված, 63%-ը՝ բացասական, 4%-ը՝ չեզոք վերաբերմունք ունի, միայն 1%-ն է, որ Կարապետյանին չի ճանաչում: Այսինքն՝ 99%-ը ինձ լավ ճանաչում է, այնպես որ, այս առումով ես առաջատար եմ: Քաղաքացին ընտրությունների ժամանակ պահանջում է արդարություն, իսկ այդ արդարությունը բոլորից շատ ինձ հետ են կապում, որովհետեւ ես ընտրակաշառք չեմ բաժանում, արդար եմ գնում ընտրության եւ երբեք չեմ փոփոխվում»,- շարունակեց Կարապետիչը: «Առավոտի» այն դիտարկմանը, թե «Թիմ» հետազոտությունների կենտրոնի կողմից պարբերաբար անցկացվող մոնիթորինգի արդյունքները փաստում են, որ հանրության մեջ ԺԿ նախագահի ճանաչելիությունը պայմանավորված է միայն «ԱԼՄ»-ի եթերով, հակառակ դեպքում՝ չէին ճանաչի, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Շատ ճիշտ է: Այսօր ես ո՞նց կարող եմ հանդես գալ ուրիշ եթերներից, եթե չեն հրավիրում: Օրինակ, եթե Հ1-ը կամ հ2-ը ինձ չի հրավիրում, բա ի՞նչ անեմ: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որտեղ է գտնվում հ2-ը: Իսկ ինչ վերաբերում է վճարովի եթերներին, ապա փորձելու եմ լիարժեք օգտվել: Ոչ մի անգամ ոչ մի թերթ իմ մասին դրական բան չի գրել, ոչ մեկը չի գրել, որ, օրինակ, Կարապետյանն այսօր այսքան մարդու Սեւան տարավ: Այս հարցում մեր թերթերը շռայլ չեն, այ, իսկ գումարով ու R տառով հաստատ կգրեն»:

ԺԿ նախագահի ձեւակերպմամբ, ի տարբերություն ուրիշների, մինչ օրս չեն պղծվել իր կուսակիցների գաղափարներն ու հայացքները, անգամ իրենց բանավոր խոսքն է մնացել նույնը. «Մարդիկ կան, որ կուսակցությունների ղեկավար լինելով հանդերձ, առաջադրվում են «Հանրապետականի» ցուցակով, ես դա չեմ հասկանում»: Դառնալով նախկին ու ներկա իշխանություններին, ՀՀ նախագահի թեկնածուն ասաց. «Եթե ստացվի այնպես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իշխանական թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, որն այսօր այդպես է ուրվագծվել՝ պայքարեն, ապա կստացվի, որ պայքարը ընթանում է նախկին ու ներկա իշխանությունների միջեւ: Ախր, ժողովուրդը ցանկանում է խաղաղություն եւ բարելավում, ինչքա՞ն կարելի է այսքան պայքարելով աղքատ մնալ… ինչքա՞ն կարելի է այս կամ այն թեկնածուի ջրաղացին ջուր լցնելով՝ միշտ զոհ լինել»: Տիգրան Կարապետիչը ներկայացնելով թեկնածուի՝ իր ծրագրերը, ասաց. «Դրանք համապատասխանում են ժողովրդական սկզբունքներին, բայց ի տարբերություն այսօրվա իշխանությունների, մեր մոտեցումները պատրաստ ենք կատարել: Ոչինչ չի մնա թղթի վրա: Այսօր մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, սակայն ինչպես կարող ենք դրա դեմ պայքարել, եթե գործադիր, օրենսդիր իշխանությունները միաձուլված են նախագահականին եւ հրահանգները գալիս են վերեւի բուրգից»: Նախագահի թեկնածուն երեկ նաեւ հայտնեց, որ ինքն արդեն ունի անձնական իմիջմեյքեր. «Դա մեր կոլեկտիվից ընտրված մարդ է՝ Վազգեն Սաֆարյանը, որը ինձ օգնում է»:

Կարապետիչն անկեղծացավ նաեւ իր ցանկություններն արտահայտելիս. «Ես կցանկանայի, որ հանրապետության նախագահը լիներ ոչ միայն այն մարդկանցը, որոնք իրեն ձայն են տվել, այլ ողջ հանրապետությանը: Նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին, որը պարբերաբար ասում է, թե սատարում է 4 իշխանավոր կուսակցությունների: Նախագահը պետք է սատարի բոլորին»: Դառնալով իր՝ նախագահի թեկնածուի քաղաքական գովազդներին, նա հավաստիացրեց. «Իմ գովազդներում կլինեն վարդեր, ծաղիկներ ու գեղեցիկ դրվագներ»: Իսկ ընտրվելու դեպքում, ո՞րը կլինի ՀՀ նախագահ Տիգրան Կարապետյանի առաջին քայլը: «50 գրամ Գորիսից բերած թոթի օղի կխմեմ»,- ժպտալով ասաց նա: Հաջորդ քայլը կլինի ՀՀ վարչապետ նշանակելը. «Վարչապետ կնշանակեմ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, թե չէ ո՞նց կլինի առանց «Ցեռեու»… »: Նա նաեւ տեղեկացրեց, որ շատ շուտով պատրաստ կլինի իր հուշերի գիրքը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ո՞վ է գրքի խմբագիրը: «Ինչու չեք հարցնում, մի՞թե դժվար չէ ռուսական կրթությամբ այդքան բան ասել… Դժվար է, բայց խմբագիրը ես եմ, իմ կողքին կա մեծ կոլեկտիվ, որն էլ ինձ օգնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել