Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն գնով վռնդում են

Դեկտեմբեր 11,2007 00:00

Գյումրիի քաղաքապետարանը մտադիր է փլված հեռուստաաշտարակը ամիսը 1 միլիոն դրամո՞վ վարձակալության տալ:

Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրում լսվեց Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության: Քաղաքապետարանը պահանջում էր հեռուստաընկերության սեփականատեր «Չապ» ՍՊԸ-ին հեռուստաաշտարակի տարածքից ապամոնտաժել բոլոր սարքավորումներն ու այն վերադարձնել տիրոջը՝ Գյումրիի քաղաքապետարանին: Նշենք, որ ՀՀ իշխանությունները «Գալան» փակելու գործում ներգրավել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որն էլ ջանք չի խնայում իր վրա դրված պարտավորությունը կատարելու: Քաղաքապետարանը, չգիտես ինչու, որոշել է սեփականաշնորհել 30 տարի տիրազուրկ հեռուստաաշտարակը՝ տարածքից վռնդելով «Գալային»: Դատավարության հենց սկզբից էլ ակնհայտ էր քաղաքապետարանի ներկայացուցչի՝ Արա Սարգսյանի մարտական տրամադրվածությունը. վերջինս մերժեց «Գալայի» փաստաբան Կարեն Թումանյանի բոլոր միջնորդությունները: Դրանցից մեկը՝ դատավարությունը նկարահանելու, իսկ 2-րդը՝ հարցը հաշտության միջոցով լուծելու վերաբերյալ էին:

«Գալայի» փաստաբանը քաղաքապետարանին առաջարկում էր հեռուստաաշտարակը վարձակալությամբ տրամադրել «Չապ» ՍՊԸ-ին. «Սա մեր կողմից ամենադրական քայլն է, որովհետեւ աշտարակը նախատեսված է հենց կապի, հաղորդիչների տեղադրման նպատակով, եթե վարձակալության տրամադրեին հեռուստաընկերությանը՝ այն ֆինանս կբերեր քաղաքապետարանին, որը, կարծում եմ, վերջինիս անհրաժեշտ է, սակայն, չգիտես ինչու, հրաժարվում է: Ես ենթատեքստ եմ տեսնում, ուղղակի քաղաքականությամբ կամ քաղաքական հայտարարություններ չանելու տեսակետից չեմ ցանկանում այն հրապարկել: Թեեւ պատրաստ էինք այսպիսի սցենարի: Նախապես գրություն ենք ուղարկել քաղաքապետարան, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել, եթե նպատակ չունենային հեռուստաընկերության աշխատանքը դադարեցնել, ապա վարձակալության պայմանագիր կկնքեին: Համայնքի գույքը հանրային գույք է, որը շահագործման ենթակա է՝ կա՛մ վարձակալության, կա՛մ այլ նպատակով: Հեռուստաաշտարակը այս պահին այլ նպատակային նշանակությամբ չի կարող օգտագործվել»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Սարգսյանն էլ իր հերթին արդարացրեց քաղաքապետարանի գործողությունները. «Հաշտության համաձայնագիրը չէր բխում իրականությունից, դրա համար էլ մերժվեց, մենք բազմիցս ասել ենք, թեկուզեւ Գյումրիի քաղաքապետարանի սեփականության իրավունքի գրացման վկայականը ձեռք է բերվել 2007-ին, բայց աշտարակը եղել է համայնքի սեփականությունը, «ՉԱՊ» ՍՊԸ-ն օգտվել է դրանից, հիմա չի ուզում դրա համար ընդհանրապես վճարել, կվճարի՝ կքննարկենք հարցը: Հակառակ դեպքում կարող ենք ասել՝ հեռուստաաշտարակի 1 ամսվա վարձավճարը 1 միլիոն դրամ է, էդ ժամանակ էլ պետք է ասեք՝ ինչո՞ւ է այդպես, բայց եթե դուք ուզում եք, օրինակ, իմ գրիչը ինձանից գնել, սա իմ սեփականությունն է, ես եմ, չէ՞, որոշում ինչ գին դնել»: Քաղաքապետարանը դատավարության ընթացքում տիրազուրկ աշտարակի օգտագործման դիմաց հեռուստաընկերությունից պահանջում էր 2 տարվա վարձավճարը: Ի դեպ, հեռուստաընկերությունը հենց դատավարության ընթացքում հակընդդեմ հայց ներկայացրեց, որով պահանջում էր դատարանից՝ հարկադրել քաղաքապետարանին հեռուստաաշտարակը տալ «Չապ» ՍՊԸ-ին:

Դատավոր Էդուարդ Նահապետյանը, 1 ժամ ընդմիջումից հետո, մերժեց հեռուստաընկերության պահանջը, որն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի հեռուստաընկերությունը դատավորին բացարկ հայտարարի: Դատավարությունը կշարունակվի այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել