Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲԽԱԶԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ Է

Դեկտեմբեր 11,2007 00:00

\"\"Աբխազներն իրենց երկրում հազիվ են գոյատեւում

Աբխազիայում Ռուսաստանից ներկրված ձեթն արժե մոտավորապես 1000-1200 դրամ, Հայաստանում՝ 900-950 դրամ: Այդ երկրում թանկ են պարենային եւ ոչ պարենային բոլոր ապրանքները եւ դրա հետ մեկտեղ՝ չափազանց ցածր են աշխատավարձերը: Օրինակ, այնտեղ մասնավոր թերթերի լրագրողների միջին աշխատավարձը չէր գերազանցում 15 հազար դրամը: Սակայն չարժե Աբխազիայի աշխատավարձերը համեմատել մեր երկրի հետ, որովհետեւ այդ երկրի պետբյուջեն շատ համեստ է, կազմում է 1 միլիարդ 600 միլիոն ռուսական ռուբլի եւ հազիվ է բավականացնում երկրի նվազագույն ծախսերը հոգալու համար: Աբխազիայում նույնիսկ պատգամավորների աշխատավարձը ընդամենը 4000 ռուբլի է (47 հազար 200 դրամ), խոսնակներինը՝ 400 ռուբլիով ավելի:

Այս մասին տեղեկացանք Կովկասյան երկրների լրագրողների համար «Խոսքի ազատություն» թեմայով կազմակերպված սեմինարի շրջանակներում՝ Աբխազիա կատարած այցելության ժամանակ: Սեմինարը կազմակերպել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցեբկան իրենց երկրում գնաճային խոր ճնշումները բացատրեց նրանով, որ, անկախ իրենց բնակչության աշխատավարձերի մեծությունից, սննդամթերքն իրենք հիմնականում ներկրում են Ռուսաստանից, իսկ ՌԴ-ում գները բարձր են: Ու քանի որ բյուջեի հնարավորություններն էլ սահմանափակ են, չեն կարող համապատասխան սուբսիդիաների միջոցով միջին կենսամակարդակ ապահովել բնակչության համար: Պարոն Ցեբկան հավաստիացրեց, որ իրենց ուսուցիչները նույնքան աշխատավարձ են ստանում, որքան պատգամավորները. «Մենք բյուջեի 45%-ը աշխատավարձ ենք տալիս: Մեր երկրում կան ՌԴ քաղաքացիներ, որոնք հիմնականում թոշակառուի տարիք ունեն եւ հենց ՌԴ-ից են ստանում իրենց կենսաթոշակը: Միայն այդ կենսաթոշակառուներն են կարողանում իրենց ստացած գումարով, բացի կոմունալ վարձերից, սննդամթերք գնել ու գոյատեւել: Իսկ մեր կենսաթոշակառուներն այնքան ցածր թոշակ են ստանում, որ չեն կարողանում կենսական պայմանները ապահովել»: Ներկայումս աբխազ կենսաթոշակառուն բացարձակ գնողունակ չէ, մանավանդ՝ նման գնաճի պայմաններում: Աբխազիայի բնակլիմայական պայմանները նպաստավոր են ցիտրուսային մրգերի համար: Բայց նույնիսկ մանդարինը, կիվին ու արքայանարինջն Աբխազիայի շուկաներում ավելի թանկ էր, քան Հայաստանում, որտեղ նույն մրգերը ներմուծվում են: Այնտեղ 1 կգ մանդարինն արժե 15 ռուբլի, որը մոտ 180 դրամ է, արքայանարինջը՝ 220 դրամ, իսկ կիվին՝ 295 դրամ: Իսկ մեր երկրում մանդարինն արժե 250-300 դրամ, արքայանարինջը՝ 300-350 դրամ, իսկ կիվիի 1 կգ-ը՝ 200-300 դրամ:

Աբխազիայի հիմնական երկամտի աղբյուրը կարող էր դառնալ տուրիզմը, սակայն արդեն երկար տարիներ այնտեղ տուրիզմի գծով լուրջ ներդրումներ չեն կատարվել ո՛չ բյուջեի, ո՛չ տեղացի գործարարների, ո՛չ էլ օտարերկրյա կազմակերպությունների հաշվին: Չնայած դրան, այնուամենայնիվ, Աբխազիան համարվում է տուրիստական երկիր եւ ամեն տարի մոտ 2 միլիոն մարդ հանգստանում է Սեւ ծովի արեւելյան ափին ու հիանում այդ երկրի տեսարժան վայրերով (Նովի Աֆոնի քարանձավով, ջրվեժով, Սուխումի բուսաբանական այգով, կապիկների այգով): Ըստ տեղական լրատվամիջոցների, հանգստացողները շատ բողոքներ են ունենում՝ կապված եղանակային պայմանների, ինչպես նաեւ՝ սպասարկման որակի հետ: Եթե 2 միլիոն հանգստացողներից յուրաքանչյուրն Աբխազիայում ծախսեր անգամ 10 ռուբլի, ապա երկրում գումարի շրջանառությունը կավելանար եւս 2 միլիարդով: Մինչդեռ, տուրիզմից ստացվող գումարները, ըստ էության, չեն անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա: Պատճառը երկրում առկա խոր կոռուպցիան է:

Բացի տնտեսական խնդիրներից, Աբխազիայում կան քաղաքական մի շարք լուրջ հիմնահարցեր, որոնք բնակչության կենսամակարդակի վրա շատ վատ են անդրադառնում: Աբխազիայում ապրող մեգրելներն ու վրացիները ներկայումս մեծ խնդիրների առջեւ են կանգնած: Բանն այն է, որ տեղական իշխանությունները նրանց քաղաքացիություն չեն շնորհում, նրանք չեն կարողանում քաղաքացիություն ստանալ նաեւ ՌԴ-ից, ուստի այժմ ունեն ԽՍՀՄ-ի «կարմիր» անձնագրեր: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող դուրս գալ Աբխազիայից, չեն ընդունվի նաեւ Վրաստանի իշխանությունների կողմից:

Նշենք, որ աբխազական իշխանությունները չէին համաձայնել, որ լրագրողների սեմինարին մասնակցեն նաեւ վրացի լրագրողներ: Մեզ հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շալբան վստահեցրեց, որ դա քաղաքականության հետ կապ չունի, պարզապես սեմինարի կազմակերպիչները պետք է վրաց լրագրողների ժամանելու մասին ավելի վաղ զգուշացնեին եւ խնդիր չէր առաջանա: Խոսելով քաղաքականության մասին՝ պարոն Շալբան ասաց. «Ինչքան էլ մեր երկրի տնտեսության համար ձեռնտու է Վրաստանի հետ համաձայնության գալ, մենք չենք պատրաստվում վրացիների հետ որեւէ նոր պայմանագիր կնքել, քանի որ ոչ մի հին պայմանագիր կյանքի չի կոչվել, ի՞նչ իմաստ ունի նոր պայմանագրերի մասին խոսելը: Ի տարբերություն այլ չճանաչված երկրների, մենք չենք ցանկանում որեւէ երկրի մի մաս դառնալ, մենք ուզում ենք անկախ ու ազատ լինել: Մենք վրացական իշխանությունից լավ բան չենք տեսել, չենք կարող նրանց վստահել, չնայած դրան, հիմա արդեն շատ ավելի զուսպ քաղաքականություն ենք վարում»:

Վերջերս Աբխազիայի պառլամենտում քննարկում են աբխազական լեզուն պետական դարձնելու օրենքը: Դա բնակչության համար հավելյալ խնդիրներ է ստեղծելու, քանի որ աբխազերենը բավականին բարդ լեզու է, բնակչության մեծ մասը չգիտի այդ լեզուն: Միջին տարիքի մարդիկ հիմա աբխազերեն չեն պարապի, որովհետեւ սովոր են միմյանց հետ հաղորդակցվել ռուսերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել