Բայց դրանց թիվը, ըստ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի՝ այս անգամ կլինի 21-ից պակաս:
Անգամ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էր վերջերս նկատել, թե գործընթացներն առաջիկայում պայմանավորված են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ զարգացումներով. «Էական է, թե «Ժառանգության» ձայներն ում «կժառանգվեն»։ Նա ունի որոշակի վարկանիշ, եւ դեռ պարզ չէ՝ նրա ընտրազանգվածն ինչպես կկողմնորոշվի։ Փաստն այն է, որ «Ժառանգության» առաջնորդի քաղաքական վարքագիծը, այս կամ այն թեկնածուին սատարելու որոշումը կարող է շատերի խաղաքարտերը խառնել։ Դրանից կախված է, թե ով կլինի երկրորդը»։
Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը հստակ նշեց, թե ում հաստա՛տ չեն սատարի իրենք՝ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին եւ իշխանության թեկնածուին: Հարցին, թե իշխանությո՞ւն է արդյոք ՀՅԴ-ն՝ պատասխանեց. «Ընթացող գործընթացում մենք երբեւէ չենք տեսել, որ մենք նույնն ենք կամ միեւնույն տեսակետից ենք նայում հնարավոր բոլոր հարցերին: Դաշնակցության հետ ընթացել է բանակցային գործընթաց, բայց ասել, որ մենք եկել ենք շատ հարցերում ընդհանուր հայտարարի՝ առայժմ շատ հեռու ենք դրանից: Ես այս փուլում չեմ կարող պնդել, որ «Ժառանգությունը» ՀՅԴ-ի հետ ընթանում է մերձեցման ճանապարհով»: Քիչ անց հավելեց. «Մենք նույնիսկ միեւնույն հունի մեջ չենք այսօր»:
Հաշվի առնելով կուսակցության ներսում առկա տարաբեւեռ մոտեցումները՝ ավելի բարդ է այն հարցի պատասխանը, թե ում կարող է աջակցել «Ժառանգությունը»: Կուսակցության խորհրդի դեկտեմբերի 6-ի նիստից հետո տեղեկություն տարածվեց, թե որոշել են կողմնորոշվելու նպատակով թեկնածուներին ուղղել մի հարցաշար՝ Ռոբերտ Քոչարյանին 2005-ին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի 21 հարցի նմանությամբ:
Վարդան Խաչատրյանը հաստատելով այս տեղեկությունը՝ մեր խնդրանքով մեջբերեց մի քանի հարցադրումներ, որոնց վերաբերյալ ակնկալում են թեկնածուների հրապարակային պատասխանները: Մասնավորապես, առանցքային են համարում, թե արդյոք թեկնածուն կասեցնելո՞ւ է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» մտահոգիչ օրենքի կիրառումը, եւ կամ՝ ինչպիսի՞ն են լինելու կոռուպցիայի դեմ պայքարի «կիրառական դրսեւորման քայլերը», նաեւ կարեւորագույն հարցերից է արցախյան հիմնահարցի լուծման տեսլականը: «Հարցերն, ամենայն հավանականությամբ, չեն լինի այնպիսի ցանկով, ինչպես 2005-ին՝ տասնյակ հարցեր: Դա քննություն չէ, որ պետք է վերցնենք»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
«Ժառանգության» քաղաքական քարտուղարը հայտնեց, որ վերջին ընդլայնված նիստում իրենք վարկանիշային քվեարկություն են կազմակերպել, սակայն չբացահայտեց դրա արդյունքները: Վարդան Խաչատրյանը միայն նշեց, որ նիստում հնչել են թե՛ Վազգեն Մանուկյանի եւ թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները: Նաեւ հայտնեց, որ Վազգեն Մանուկյանի հետ ընթանում են բանակցություններ. «Իհարկե, հայացքների որոշակի մոտիկություն կա: Բայց ասել, թե դա այն փուլն է, որ մենք պետք է կայացնենք վերջնական որոշում՝ այդպես չէ»: Իսկ հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի կոչին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու վերաբերյալ, Վարդան Խաչատրյանը պատասխանեց, թե հարգում են այդ մարդկանց կարծիքը. «Բայց ասել, թե դրանով է պայմանավորված լինելու «Ժառանգության» կողմնորոշումը՝ դա կարծիք է հեռու ճշմարտությունից: Մեր դիրքորոշումը պայմանավորված է լինելու առաջին հերթին շարքերի արձագանքներից»: