Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ

Դեկտեմբեր 11,2007 00:00

\"\"ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ նախկին իշխանությունների գաղափարախոսությունը մեկն է՝ իշխանափոխություն:

– Վերջին շրջանի բոլոր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների արդյունքում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն առաջին տեղում է: Սակայն գաղտնիք չէ, որ սոցհարցումները սովորաբար լինում են պատվիրված: Արդյոք ՀՀԿ-ն որեւէ կապ ունի՞ սոցհարցումների հետ:

– Հասարակության կարծիքը ճշտելու երեք ուղղություն կա՝ շփումը հասարակության հետ, ԶԼՄ-ները եւ սոցհարցումները: Բնականաբար, ցանկացած կուսակցություն կարող է նաեւ պատվիրել սոցհարցումներ, բայց ինձ համար ուրախալի է, որ վերջին շրջանում հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին «Քոմրեսն» է կամ «Գելափը», իրենց կողմից եւ իրենց նախաձեռնությամբ անցկացրած սոցհարցումների արդյունքում պարզել են, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը «այո» է ասում նախագահ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության՝ ի դեմս վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից այսօր երկրում իրականացվող քաղաքական կուրսին: Վստահ եմ, այս տվյալները պատահական չեն: Վերջին տարիների ընթացքում հանրապետականները նախագահի հետ համատեղ իրականացրին իրատեսական քաղաքականություն: Եվ մեր ժողովուրդն իր մաշկի վրա զգաց, որ այդ քաղաքականությունը բավականին արդյունավետ է: «Հեյթեր» հեղինակավոր հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքներով, Հայաստանն իր բոլոր հարեւաններից տնտեսական ազատությունների չափանիշով շատ առաջ է, իսկ ներդրումային ազատությունների չափանիշով առաջին տեղը կիսում է Հոնկոնգի հետ: Սա նշանակում է, որ մեր երկրի քաղաքական իշխանությունները, Հանրապետական կուսակցությունը, վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահի հետ միասին ստեղծել են այնպիսի պայմաններ, որ ապահովվի մեր երկրի էվոլյուցիոն-շարունակական զարգացումը:

– Դուք շատ սիրուն ներկայացրիք մի իդեալական պատկեր, մինչդեռ ընդունեք, որ հանրապետության առաջին նախագահը իր հանրահավաքներում բավականին կոնկրետ եւ թափանցիկ մեղադրանքներ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կարգի մեղադրանքներին:

– Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ նախկին իշխանությունների, Հանրապետական կուսակցությունը չի տառապում քաղաքական մերժողականությամբ եւ չի ասում, որ մեր երկրում արդեն ամեն ինչ լավ է եւ թերություններ չկան: Մեր կուսակցությունում նման ավանդույթ է ձեւավորվել դեռեւս Անդրանիկ Մարգարյանի կառավարությունից սկսած: Նա էլ 2003-ին հնչեցրեց, որ Հանրապետականն այն քաղաքական ուժն է, որը պատասխանատու է ե՛ւ հաջողությունների, ե՛ւ անհաջողությունների համար: Այսօր էլ մեր կուսակցությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրականացնում է նույն քաղաքականությունը: Մենք լուսնից չենք իջել եւ տեսնում ենք տարբեր ոլորտներում լուրջ թերություններ: Բայց հանրապետականները ոչ միայն խոսում են այդ խնդիրների մասին, այլեւ ամենօրյա աշխատանքով փորձում են դրանք լուծել: Այդ բանը շատ լավ գիտակցում եւ գնահատում է մեր հասարակությունը, եւ արդյունքը մենք տեսանք խորհրդարանական ընտրություններում: Ինչ վերաբերում է առաջին նախագահի ելույթին, որպես քաղաքացի՝ խոր հիասթափություն եմ ապրում, որ իմ երկրի առաջին նախագահը իրեն թույլ է տալիս զգացմունքային արտահայտություններ: Նա շատ է սիրում մեջբերումներ անել դասականներից, մի մեջբերում էլ ես անեմ. Շեքսպիրն ասում էր՝ չարությունը եւ կոպտությունը թուլության նշան են: Իրենք ունեն մեկ գաղափարախոսություն, այդ գաղափարախոսությունը իշխանափոխությունն է, իսկ դրա ժամանակն անցել է: Մեր եւ նրանց տարբերությունը ակնհայտ է՝ իրենք ուզում են ուժեղ ցնցումներ, մենք ուզում ենք ուժեղ Հայաստան: Եվ համոզված եմ, փետրվարի 19-ից հետո մենք կունենանք ուժեղ Հայաստան եւ ուժեղ նախագահ՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, որովհետեւ Սերժ Սարգսյանի հաղթանակը կլինի ոչ թե Հանրապետականի, այլ մեր ժողովրդի հաղթանակը: Վերադառնալով առաջին նախագահին՝ մենք կարող ենք չկիսել մեկս մյուսի կարծիքը, մեկը կարող է լինել ազատական, մյուսը՝ պահպանողական, մյուսը՝ սոցիալիստ, բայց մենք պարտավոր ենք իրար հարգել:

– Ընդդիմության միասնական թեկնածուն այսպես կամ այնպես չստացվեց: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:

– Միասնական թեկնածուի անհրաժեշտության հարցը շրջանառության մեջ դրվեց հենց ընդդիմադիր գործիչների կողմից: Եթե հիշում եք, Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր ելույթում ասաց, որ այսօրվա իշխանությանը կարող է հաղթել միայն այն թեկնածուն, որը կարող է լինել միասնական թեկնածու: Եվ հենց մեր ընդդիմադիր գործընկերների տրամաբանությունից ելնելով, կարելի է ասել, որ իշխանությունների թեկնածուն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, հաղթելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել