Լրահոս
Օրվա լրահոսը

«Փինաչու» գործ են անում

Դեկտեմբեր 08,2007 00:00

Ջեռուցման կաթսաների պահանջարկն այս տարի կտրուկ մեծացել է: Այդ պատճառով հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գազի կաթսաներ ներկրող եւ տեղադրող ընկերություններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ երբեմն ստիպված են լինում, բացի իրենց աշխատակիցներից, գազի կաթսաներ տեղադրելու համար ներգրավել նաեւ էժան աշխատուժ, որոնք շատ հաճախ չեն տիրապետում այդ աշխատանքին, եւ կաթսայի տեղադրման ժամանակ բնակչին նյութական մեծ վնասներ են հասցնում: «Առավոտն» այդ առնչությամբ բազմաթիվ բողոքներ է ստացել: Բնակիչներից մեկը պատմեց, որ կաթսայի տեղադրման ժամանակ «մասնագետները» վնասել են բնակարանի կերամիկական սալիկներն ու պատերը, ինչի համար պատասխանատվություն չեն կրել: Ոմանք էլ փաստեցին, որ իրենց տներում կաթսայի տեղադրման աշխատանքները կատարել են «ֆայլաբազարից բռնած» բանվորները: «BAXI», «Mercuri» եւ «Ecoterm» կաթսաների ներկրմամբ եւ տեղադրմամբ զբաղվող «Կերամիկա» ընկերության ջեռուցման բաժնի ղեկավար Արմեն Գեւորգյանն «Առավոտին» պարզաբանեց, որ իրենց ընկերության գազի կաթսա տեղադրող մասնագետները բացառապես բարձրագույն տեխնիկական կրթությամբ որակավորված մասնագետներ են, որոնք մինչ աշխատելը՝ հատուկ վերապատրաստում են անցնում: Նրա խոսքերով. «Եղել են դեպքեր, երբ մեր անվան տակ ներկայացել են բնակչին ու գազի կաթսա են տեղադրել: Սակայն մեր բոլոր աշխատակիցներն էլ համապատասխան վկայական ունեն, եւ որպեսզի տվյալ բնակիչն իմանա, թե որ ընկերության աշխատակիցներն են իրեն սպասարկում եւ պատճառած վնասի համար ում պետք է դիմի, կարող է պահանջել մեր աշխատակցի վկայականը»: Չնայած սրան, պարոն Գեւորգյանը չբացառեց, որ ամենապրոֆեսիոնալ մասնագետն անգամ աշխատանքի ընթացքում կարող է մանր թերացումներ ունենալ, սակայն նա վստահեցրեց, որ նման դեպքերում իրենց ընկերությունը կատարվածի համար պատասխանատվություն է կրում եւ փոխհատուցում է պատճառած վնասը: «Եվրոթերմ» գազի կաթսաների վաճառքով եւ տեղադրմամբ զբաղվող ընկերությունից էլ մեզ պարզաբանեցին, որ կաթսայի տեղադրման հետեւանքով բնակչի բնակարանին վնաս պատճառելը, ըստ էության, բացառվում է, իսկ ջեռուցման բաժնի աշխատակիցներից մեկն էլ իրենց կատարած աշխատանքների անթերի ու կատարյալ որակը տեսնելու համար առաջարկեց իրենց գործերը համեմատել շուկայում գործող այլ ընկերությունների աշխատանքի հետ: Նկատենք, որ այսօր ջեռուցման կաթսաներ են տեղադրում նաեւ մասնագիտական որեւէ գիտելիք եւ կարողություն չունեցող բազմաթիվ մասնավոր անձինք, որոնք թեեւ կատարված աշխատանքի համար անհամեմատ էժան են վերցնում, սակայն հիմնականում «փինաչու» աշխատանք են կատարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել