Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ առաջին

ԵՐԿՐԻ ՋԻՂԸ

Ես հինգերորդ գիրքս ավարտեցի եւ ահա անմիջապես անցնում եմ վեցերորդին. այսինքն, գոնե մի քանի ժամ կանգ չեմ առնում եւ շունչ չեմ քաշում, որովհետեւ, չնայած էս պահին հինգերորդ գիրքս արդեն ավարտել եմ, բայց էսօրվա պարտադիր երեքուկես էջս չեմ լրացրել, այլ ընդամենը՝ էդ պարտադիրի ընդամենը կեսը, եւ հիմա մտածում եմ, որ էս կերպ նախորդ ու էս սկսված հատորիս կապն ինքնըստինքյան եւ ինքնաբերաբար գոյանում ու ապահովվում է, եւ ինքնըստինքյան գոյանում ու ապահովվում է նաեւ վեպիս մթնոլորտի ու տրամադրությանս շարունակությունը, եւ դա էս պահին ինձ համար չափազանց կարեւոր է, քանի որ նախորդ գիրքս ավարտեցի ու էս նորն սկսում եմ ինձ համար չափազանց անսովոր ու անծանոթ մթնոլորտում, միանգամայն անորոշ տրամադրությամբ ու միանգամայն որոշակի իրավիճակում, որովհետեւ էս առաջին նախադասությունս երեկ սկսեցի, եւ հիմա՝ երբ շարունակում եմ, միանգամայն նոր օր է սկսվել, ու էս նորն ամենեւին նման չէ իր նախորդներին, որովհետեւ, մինչ էս նախադասությունս շարունակում եմ, դղրդոցն ու աղմուկն ականջներս խլացնում են, քանի որ էսօր առավոտ սկսվեց ու արդեն մի ժամ է՝ շարունակվում է բնակարանիս վերանորոգումը, եւ Աբոն իր բրիգադով էդ գործն սկսել է մեր լոգարանը կազմաքանդելուց, ու ես՝ որ էն գլխից սովոր եմ աղմուկի մեջ ստեղծագործել, հիմա մի տեսակ շիվարել եմ, որովհետեւ Աբոյենց էս աղմուկը միանգամայն այլ՝ անսովոր աղմուկ է, եւ իրենց էս դղրդոցները մեջս է՛ն միտքն են առաջացնում, թե՝ իմ ձեռով իմ տունը քանդում եմ, ընդ որում՝ ո՛չ միայն քանդում եմ, այլեւ էդ քանդելու դիմաց ահագին ծախս եմ անում՝ ներառյալ հիպոթեկային տոկոսները, եւ ինձ վախեցնողն էս պահին ո՛չ էնքան էդ ծախսն ու էդ տոկոսներն են, ինչքան՝ էս աննախադեպ դղրդոցներն ու իրավիճակի էս գլխիվայր փոփոխությունը, եւ էս պահին ու էս առիթով հիմա հիշեցի Հրանտ Մաթեւոսյանի ու իմ մի զրույցը, եւ իր ասածները հիմա ձեզ եմ ուզում փոխանցել, որովհետեւ, համոզված եմ, ինքն էդ բաներն ամեն տեղ ու ամենքին չի ասել, մինչդեռ ինձ ասել է եւ ասել է Գրողների միության իր կաբինետում հետս վիսկի խմելիս եւ գրականության մասին խոսելիս, եւ չնայած ինքն ու ես հազվադեպ էինք գրականությունից խոսում, բայց գրականության շուրջ մեր էդ հազվադեպ խոսակցությունները չափազանց անկեղծ էին, որովհետեւ իմ ու իր բոլոր զրույցներն, ի վերջո, կյանքի՛ հանգամանքներով էին լեցուն եւ ոչ թե՝ գրականության, եւ երբ Հրանտն ինձ հարցնում էր՝ «վիսկի կխմե՞ս», ես հասկանում էի, որ էդ օրն ինքը վերջնականապես է ձանձրացրել ու հոգնել գրական խոսակցություններից, եւ ես մշտապես մեծամտաբար կարծել ու կարծում եմ, որ ինքն ինձ հետ ավելի անկեղծ էր, քան՝ մնացած բոլորի, եւ չնայած հազարից մեկ էինք գրականությունից խոսում, այդուհանդերձ, ինքն ինձ ասում էր բաներ, որ երեւի ուրիշներին չէր ասում, եւ էդ օրը սովետական իր սերնդի գրողներից էինք խոսում, եւ երբ ասացի, որ ինքը, Ռասպուտինը, Այթմատովը, Բելովն ու նույնիսկ Սոլժենիցինը Սովետի քանդվելուց հետո գեղարվեստական գործ չեն գրել, ինքը հոգոց հանեց ու ասաց՝ «Շուկշինը երեւի կգրեր», եւ ես ասացի՝ «երեւի», եւ ինքն ասաց՝ «ոչ թե երեւի, այլ՝ հաստատ» եւ ավելացրեց՝ «Շուկշինի հանգամանքն ահագին տարբեր էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իմ հանգամանքն էլ ա տարբեր», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա տարբեր», եւ ինքն ասաց՝ «ես ավելի շուտ եմ սկսել չգրել. Սովետի քանդվելն իմ չգրելու հետ ոչ մի կապ չունի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչը կապ ունի», եւ ինքը դառը ժպտաց ու ասաց՝ «իրավիճակի փոփոխությունը», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ իրավիճակի փոփոխություն», եւ Հրանտն ասաց՝ «ես արդեն քսանհինգ տարի կլինի՝ նշանակալի բան չեմ գրել», եւ ես չհասկացա ու զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «շատ պարզ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչ Կոմիտասի էն նեղլիկ ու անհարմար բնակարանից տեղափոխվել ենք կենտրոնի էս լենուբոլ բնակարանը, փաստորեն, էական որեւէ բան չեմ գրել», եւ ես հարցրի՝ «բա «Տաշքենդն» ու «Տե՞րը», եւ ինքն ասաց՝ «դրանք Կոմիտասում արդեն ցրցամ էի տվել» եւ հոգոց հանեց ու ավելացրեց՝ «ինչ էական բան գրել եմ՝ քառասունիցս դենն եմ գրել», եւ ես ասացի՝ «ես ինչքան տունս փոխում եմ, էնքան ավելի շատ եմ գրում», եւ ինքը ծիծաղեց ու հարցրեց՝ «էլի տունդ փոխել ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա. հիմի Կայարան եմ ապրում» եւ ավելացրի՝ «մանրից մոտենում եմ ծննդավայրիս», եւ ինքը տխուր ժպտաց ու ասաց՝ «բախտավորություն ա, որ մարդու ծննդավայրը քթի տակ ա», եւ ես ասացի՝ «էդքան տուն եմ փոխել, բայց էլի գրում եմ» եւ ծիծաղելով ավելացրի՝ «փաստորեն, իրավիճակի փոփոխությունը վրես չի ազդում», եւ Հրանտն ասաց՝ «ոչ թե չի ազդում, այլ դրական ա ազդում» եւ ավելացրեց՝ «էդ անուններով պոեմդ շատ լավ էր ստացվել. էդքան անուն ո՞նց ես հիշել, տնա՛շեն», եւ ես ասացի՝ «հիշողությունս առանձնապես չեմ լարել», եւ Հրանտն ասաց՝ «շատ ճիշտ էիր արել, որ անունս Շողերիս կողքն էիր գրել» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «որ Շողերի կողքը չգրեիր, գլխի չէի ընկնի, որ էդ Հրանտը ես եմ, որովհետեւ լիքը ուրիշ Հրանտների էլ էիր հիշել», եւ ես ասացի՝ «հա», եւ Հրանտը հարցրեց՝ «Վերժուկի անունը կա՞ր», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «քանի՞ գլուխ ունեմ, որ Վերժուկի անունը չգրեի» եւ ավելացրի՝ «ձերոնց սաղի անուններն էլ կան», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «բայց Իշխանյաններն ավելի շատ էին», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ամեն ինչ արել եմ, որ հավասարակշռությունը պահեմ», եւ Հրանտը հարցրեց՝ «հեչ արձակ չես փորձե՞լ», եւ ես ասացի՝ «Սովետի վախտ մի քանի հատ տպել եմ», եւ Հրանտը հարցրեց՝ «մի քանի հատ ի՞նչ», եւ ես ասացի՝ «պատմվածք», եւ Հրանտն ասաց՝ «չեմ հանդիպել», եւ ես ասացի՝ «ո՞նց չես հանդիպել. էդ պատմվածքներիցս մեկը նույնիսկ գովել ես», եւ Հրանտն ասաց՝ «չեմ հիշում», եւ ես ասացի՝ «ես հիշում եմ. սովորական մարդ չես, որ մոռանայի», եւ Հրանտը ծիծաղեց ու ասաց՝ «գովելս հիշում եմ, բայց պատմվածքդ չեմ հիշում», եւ ես ասացի՝ «մեր թաղայինի մասին էր», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «հիշեցի. էդ թաղայինը տարօրինակ անուն ուներ» եւ մի քիչ մտածեց, հարցրեց՝ «Գլասեւո՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Խունկիանոս», եւ Հրանտն ասաց՝ «հիմա հիշեցի», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքս ահագին գովեցիր», եւ ինքն ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ հարցրեց՝ «բա ինչի՞ էլի չես փորձում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չեմ փորձում», եւ Հրանտն ասաց՝ «արձակ», եւ ես ասացի՝ «էդ անուններով գրածս պոեզիա ե՞ս համարում», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «դրա ժանրը դեռեւս սահմանված չի» եւ միանգամայն լուրջ հարցրեց՝ «ասում ես՝ ապրելուդ տեղը որ էդքան շուտ-շուտ փոխում ես, գրելուդ վրա չի ազդո՞ւմ», եւ ես ասացի՝ «ազդում ա. ավելի՛ շատ եմ գրում», եւ ինքը ժպտաց ու հարցրեց՝ «ավելի շա՞տ, թե՝ ավելի լավ», եւ ես ասացի՝ «լավի ու վատի մասին չեմ մտածել», եւ Հրանտն ասաց՝ «փաստորեն, հեշտ ես գրում», եւ ես ասացի՝ «հեշտ ու շատ», եւ Հրանտն ասաց՝ «էդ նրանից ա, որ խիղճդ հանգիստ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Հրանտը պատասխանեց եւ ասաց՝ «պապ չես սպանել», եւ ես հարցրի՝ «խի ո՞վ ա պապ սպանել», եւ Հրանտը տխուր ժպտաց ու ասաց՝ «մեկը՝ ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ ինքը պատասխանեց եւ ասաց՝ «շատ պարզ. պապիս մասին մի քանի կցկտուր բան գրեցի, բայց հետո կիսատ թողեցի», եւ ես հարցրի՝ «Իշխանի մասի՞ն», եւ Հրանտն ասաց՝ «հա. Իշխանին մի կարգին կյանք չտված՝ ծալեցի ու դրի մի կողմ», եւ ես ասացի՝ «երեւի ոչ մեկն իրա պապի մասին էդքան ուժեղ չի գրել», եւ Հրանտը հարցրեց՝ «ո՞րը նկատի ունես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ծառերը», եւ Հրանտն ասաց՝ «նոր-նոր էի սկսում», եւ ես ասացի՝ «ես պապիս մասին բան չեմ գրել», եւ Հրանտն ասաց՝ «ավելի լավ ա չգրես, քան՝ կիսատ գրես», եւ ես ասացի՝ «պապիս ընդհանրապես չեմ տեսել. երեսունյոթ թվին տարել են», եւ Հրանտն ասաց՝ «որ երեսունյոթ թվին տարել են՝ ո՞նց պիտի տեսնեիր», եւ ես ասացի՝ «հա», եւ Հրանտը հարցրեց՝ «պապիդ ի՞նչ ձեւակերպումով են տարել», եւ ես ասացի՝ «չգիտեմ. մերոնք էդ թեմայով ընդհանրապես չէին խոսում», եւ Հրանտն ասաց՝ «չեն ուզել ամեն օր պապ սպանեն», եւ ես ասացի՝ «էդ խոսքը Խորիկենց ֆիլմից ա», եւ Հրանտը հարցրեց՝ «ո՞ր խոսքը», եւ ես ասացի՝ «էդ պապ սպանելը», եւ Հրանտն ասաց՝ «Խորիկենց ֆիլմից ա, բայց ես եմ գրել», եւ ես հարցրի՝ «էդ խոսքը «Սարոյան եղբայրներից» չի՞», եւ Հրանտն ասաց՝ «էդ ֆիլմի դիալոգները ես եմ գրել», եւ ես զարմացած ասացի՝ «չգիտեի», եւ Հրանտն ասաց՝ «հա. Մոսկվայի սցենարականի ուսանող էի, Խորիկն ու Դովլաթյանն ինձ տարան «Ռոսիա» հյուրանոցի իրենց սենյակ, հում սցենարը դրին դեմս, դուռը դրսից վրաս փակեցին ու դրսից ասին՝ «մինչեւ էդ սաղ դիալոգները չսարքես, դուռը չենք բացելու», եւ ես զարմացած հարցրի՝ «հետո՞», եւ Հրանտն ասաց՝ «իրիկվա կողմ ռուս աղջկերքի հետ որ վերադարձան, էդ դիալոգները սարքել պրծել էի, ավելի ճիշտ՝ լրիվ նորից էի գրել», եւ ես զարմացած հարցրի՝ «մի օրո՞ւմ», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «մի քանի ժամում» եւ ավելացրեց՝ «սառնարանում միրգ ու մի լիքը շիշ գործարանի ընտիր կոնյակ էին թողել. մինչեւ էդ դիալոգները գրեցի, էդ շիշը դատարկվեց», եւ ես ասացի՝ «մյուս անգամ էդ ֆիլմը որ նայեմ, դիալոգներին հատուկ ուշադրություն կդարձնեմ», եւ Հրանտն ասաց՝ «վատը չեն» եւ ժպտալով ավելացրեց՝ «կոնյակն էլ էր ընտիր. Կենտկոմի միջոցով գործարանից մի հիսուն շիշ հանել էին տվել, որ էդ սցենարը Մոսկվայում հաստատել տան, ու չնայած նախորդ օրը ռուսերեն տարբերակը հաստատել էին, բայց Դովլաթյանը հայերեն տարբերակից շատ դժգոհ էր, դրա համար էլ մի ամբողջ ցերեկ ինձ փակի տակ պահեց», եւ ես ասացի՝ «լավ էլ հավեսով գրել ես», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «էն ժամանակ քեզնից էլ ջահել էի», եւ ես ասացի՝ «ջահելն ի՞նչ կապ ունի», եւ Հրանտն ասաց՝ «ամեն դեպքում ջահելն ահելից լավ ա» եւ ավելացրեց՝ «փաստորեն, ինչ արել եմ՝ քառասունից դենն եմ արել», եւ ես ասացի՝ «Կոմիտասի հին տանդ մեջ», եւ ինքը հոգոց հանեց ու ասաց՝ «էս նոր տանն ու նոր գրասեղանին մինչեւ մի քիչ հարմարվեցի, քսան տարի անցավ», եւ ես ասացի՝ «որովհետեւ շատ լուրջ գրող ես», եւ Հրանտը թախծոտ ժպտաց ու ասաց՝ «էդ աստիճանի լրջությունն էլ ա անմարդկային» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «հիմի նոր եմ հասկանում, որ շատ գրողներ հենց անլրջության շնորհիվ են լուրջ գրող դառել», եւ ես ասացի՝ «օրինակ», եւ Հրանտն ասաց՝ «օրինակ՝ Հեմինգուեյը» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «թեկուզ Մարկեսը», եւ ես ասացի՝ «մտածելու բան ա», եւ ինքն ասաց՝ «մտածելու բան չկա. մենք տան ու գրասեղանի փոփոխությունից ենք նեղվում, բայց էդ մարդկանց վրա քաղաքներ ու երկրներ փոխելն էլ չի ազդել», եւ ես հարցրի՝ «հիմի որ հետ գնայիր Կոմիտասի էն հին տունդ, առաջվա պես կգրեի՞ր», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «որ ժամանակն էլ մի քսանհինգ տարով հետ տանք, միգուցե ստացվի», եւ ես հարցրի՝ «տարիքի իմաստով ե՞ս ասում», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «տարիքի ու ամեն ինչի իմաստով» եւ ավելացրեց՝ «մթնոլորտի հարցը միշտ կա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մթնոլորտի հարց», եւ Հրանտն ասաց՝ «որ մի պուճուր հողակտորով տուն ունենայի, մի քանի րոպե դուրս կգայի բակ, շունչս կբացվեր, ու երեւի գրելս էլ ստացվեր» եւ մի քիչ դադար տվեց ու ավելացրեց՝ «էս գործից էլ դուրս կգայի», եւ ես հարցրի՝ «սեփական տո՞ւն», եւ Հրանտն ասաց՝ «շատ չէ՝ գոնե մի հիսուն մետր հող լիներ տանս կից, ու տունն էլ թող ամենաանշուքը լիներ», եւ ես ասացի՝ «փաստորեն, ձեր Ահնիձորի տան պես բան ես ուզում», եւ Հրանտն ասաց՝ «ավելի փոքր», եւ ես ասացի՝ «պրեզիդենտից բռնած՝ սաղ քեզ ընկեր են, ուզածդ էլ մեծ բան չի», եւ Հրանտը հարցրեց՝ «քեզ ընկեր չե՞ն», եւ ես ասացի՝ «Վանոյի հետ ահագին վախտ ընկերություն ենք արել, Լեւոնի ու Վազգենի հետ էլ վատ չեմ էղել», եւ Հրանտն ասաց՝ «իրանցից բան ուզել ե՞ս», եւ ես ասացի՝ «չեմ ուզել, բայց որ ուզեմ՝ կտան» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Վանոն որ՝ հաստատ կտա», եւ Հրանտը հարցրեց՝ «բա խի՞ չես ուզում», եւ ես ասացի՝ «չգիտեմ՝ ինչ ուզեմ», եւ Հրանտն ասաց՝ «սուտ ես ասում», եւ ես ասացի՝ «ի՞նչն եմ սուտ ասում», եւ Հրանտն ասաց՝ «դժվար ժամանակներ են. լիքը ուզելու բան կա», եւ ես ասացի՝ «էս ընթացքում դու միշտ իրանց թիկունք ես էղել, բայց ես հեչ Շարժման մեջ էլ չեմ էղել», եւ Հրանտն ասաց՝ «ես ամենասկզբում նույնիսկ էդ Շարժմանը դեմ էի», եւ ես հարցրի՝ «հիմա կո՞ղմ ես», եւ Հրանտն ասաց՝ «հիմա շարժում չկա. լրիվ անշարժ վիճակ ա», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «որ էս անշարժ վիճակը մի քիչ էլ շարունակվի, Վանոյից հաստատ մի բան կուզեմ», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ կուզես», եւ ես ասացի՝ «թեկուզ միլպետություն», եւ Հրանտը ժպտաց ու հարցրեց՝ «կտա՞», եւ ես ասացի՝ «չտալու վարիանտ չունի», եւ Հրանտն ասաց՝ «չես ուզի», եւ ես ասացի՝ «ինչի՞ չպիտի ուզեմ», եւ Հրանտն ասաց՝ «որովհետեւ թշնամուց են ուզում. ընկերոջից ու բարեկամից սովորաբար չեն ուզում», եւ ես ասացի՝ «ընկերոջից պահանջում են», եւ Հրանտն ասաց՝ «ոչ էլ պահանջում են», եւ ես ասացի՝ «իրա տեղը որ պնդանա՝ լավ էլ կպահանջեմ», եւ Հրանտն ասաց՝ «չես պահանջի», եւ ես հարցրի՝ «խի՞ չեմ պահանջի», եւ Հրանտն ասաց՝ «որովհետեւ Վանոյի տեղը երբեւէ չի պնդանա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Հրանտն ասաց՝ «զգում եմ», եւ ես ասացի՝ «ինքը մի քիչ շատ ա իրա վրա վերցնում», եւ Հրանտն ասաց՝ «չի վերցնում՝ բարդում են», եւ ես ասացի՝ «բարդելը երեւի բարդում են, բայց իրան ոնց որ դուր ա գալի», եւ Հրանտն ասաց՝ «էս գործն էլ ի՛նքը վրաս բարդեց», եւ ես հարցրի՝ «դժգո՞հ ես», եւ Հրանտն ասաց՝ «սոցապի պես բան ա. առավոտից իրիկուն փող են ուզում», եւ ես հարցրի՝ «ո՞վ», եւ Հրանտն ասաց՝ «կոլեգաներդ», եւ ես հարցրի՝ «քեզնից ե՞ն ուզում», եւ ինքն ասաց՝ «բա ումի՞ց ուզեն. իրանց ոչ բարով նախագահն եմ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «խեղճերն ընդամենը հացի փող են ուզում», եւ ես հարցրի՝ «բա ո՞նց ես անում», եւ ինքն ասաց՝ «մուրացկանի պես սրանից-նրանից ուզում եմ՝ տալիս եմ սրանց», եւ ես ասացի՝ «շատ ծանր գործ ա», եւ Հրանտը հարցրեց՝ «գիտե՞ս ինչի եմ հետդ էսքան հանգիստ ու էսքան երկար խոսում», եւ ես հարցրի՝ «ինչի՞», եւ ինքն ասաց՝ «որովհետեւ գիտեմ, որ փող չես ուզելու», եւ ես ասացի՝ «որ փող ուզելու ըլնեմ՝ Վանոյից կուզեմ», եւ Հրանտը հարցրեց՝ «ինչքա՞ն կուզեիր», եւ ես ասացի՝ «համենայն դեպս, հացի փող չէի ուզի», եւ Հրանտն անսպասելի հարցրեց՝ «չես գա՞ էս գործի տակ մտնես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր գործի տակ», եւ Հրանտն ասաց՝ «տեղս Գրողների միության նախագահ չես աշխատի՞», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «շատ ծանր գործ ա», եւ Հրանտն ասաց՝ «արդեն հոգնել եմ», եւ ես ասացի՝ «ծանր գործ ա, դրա համար էլ հոգնել ես», եւ Հրանտն ասաց՝ «հոգեբանորեն ա ծանր, թե չէ՝ առանձնապես անելու բան չկա», եւ ես ասացի՝ «մենակ էդ փող ուզողները հերիք են», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «փաստորեն, Գրողների միության նախագահի պաշտոնից հրաժարվում ես», եւ ես ասացի՝ «Թումանյանի թանգարանից հազիվ եմ պրծել», եւ Հրանտն ասաց՝ «տարբեր բաներ են», եւ ես ասացի՝ «պաշտոնը պաշտոն ա», եւ Հրանտը հարցրեց՝ «վախենո՞ւմ ես», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց եմ վախենում», եւ Հրանտն ասաց՝ «պատասխանատվությունից», եւ ես ասացի՝ «իրոք վախենալու բան ա», եւ Հրանտն ասաց՝ «բա մեր ջանը քար ա՞», եւ ես ասացի՝ «ընկել ես՝ պիտի քաշես», եւ Հրանտն ասաց՝ «Գրական թերթի» խմբագիր էլ առաջարկեցի՝ չհամաձայնվեցիր», եւ ես ասացի՝ «դու չհամաձայնվեցիր», եւ Հրանտն ասաց՝ «ասում էիր՝ օրաթերթ դարձնենք», եւ ես ասացի՝ «էլի եմ ասում», եւ Հրանտն ասաց՝ «ի՞նչ ես ասում», եւ ես ասացի՝ «ավել փող չեմ ուզում. նույն ծախսերով գրական օրաթերթ տպեմ», եւ Հրանտն ասաց՝ «անունն ի՞նչ դնենք», եւ ես ասացի՝ «անունն էլի թող «Գրական թերթ» մնա. չորս էջը գրականություն կտպենք, մնացածը՝ լուրեր ու արվեստի նորություններ», եւ Հրանտն ասաց՝ «էդ թեման արդեն փակել ենք», եւ ես ասացի՝ «դո՛ւ նորից բացեցիր», եւ Հրանտն ասաց՝ «արկածախնդրություն ա», եւ ես ասացի՝ «ինքը իրա ծախսերը կփակի», եւ Հրանտն ասաց՝ «մեկ ա՝ արկածախնդրություն ա», եւ ես ասացի՝ «էս էղածն ավելի արկածախնդրություն ա», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ասացի՝ «էդ թերթն արդեն մարդ չի կարդում. փողերը, փաստորեն, ջուրն եք թափում», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «տեղս նախագահ կաշխատես ու օրաթերթ կտպես», եւ ես ասացի՝ «շա՜տ շնորհակալ եմ», եւ Հրանտը ժպտաց ու հարցրեց՝ «այսինքն, համաձա՞յն ես», եւ ես ասացի՝ «որ ուզենայի՝ շուտվանից նախագահ դառած կըլնեի», եւ Հրանտը ժպտաց ու հարցրեց՝ «հանրապետությա՞ն», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «չէ՝ գրողների», եւ Հրանտն ասաց՝ «համա՜ թե մեծամիտն ես, հա՜», եւ ես ասացի՝ «վախենում եմ», եւ Հրանտը հարցրեց՝ «ինչի՞ց», եւ ես ասացի՝ «գրողների քծնանքից», եւ Հրանտը հարցրեց՝ «Թանգարանում չէին քծնո՞ւմ», եւ ես ասացի՝ «թանգարան ե՞րբ էի գնում՝ որ քծնեին» եւ ավելացրի՝ «գրողների քծնանքը շատ զզվելի ա», եւ Հրանտն ասաց՝ «գրածներդ էնքան են գովում, որ սկսում ես գրածներիցդ զզվել», եւ ես ասացի՝ «քո գրածները չքծնողներն էլ են գովում», եւ Հրանտն անսպասելի սկսեց ծիծաղել, եւ ես հարցրի՝ «ինչի՞ ես ծիծաղում», եւ Հրանտն ասաց՝ «առաջ մենակ գովում էին, բայց հիմա նահապետ են ասում», եւ ես ասացի՝ «քեզ մենակ Վանուշն ա նահապետ ասում», եւ Հրանտն ասաց՝ «Վանուշը սրտանց ա ասում. համ էլ՝ Վանուշը նախքան էս պաշտոնս էր նահապետ ասում», եւ ես հարցրի՝ «ուրիշ ասող էլ կա՞», եւ Հրանտը ծիծաղեց ու ասաց՝ «լիքը» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «չես էլ հասկանում՝ լո՞ւրջ են ասում, թե՞ ձեռ են առնում», եւ ես ասացի՝ «հետո էլ ասում ես՝ նախագահ աշխատեմ», եւ Հրանտը ծիծաղեց ու ասաց՝ «քեզ դժվար թե նահապետ ասեն», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «նահապետ չեն ասի, բայց կարող ա նավապետ ասեն», եւ Հրանտը ծիծաղեց ու ասաց՝ «նավապետն ավելի հասկանալի բառ ա», եւ ես ասացի՝ «բայց ծով չունենք», եւ Հրանտն ասաց՝ «որ տեղս նախագահ աշխատես՝ կունենանք», եւ ես միանգամայն լուրջ հարցրի՝ «չես հավատո՞ւմ, որ իսկականից չեմ ուզում», եւ Հրանտն ասաց՝ «հանաքով ասում-խոսում ենք, բայց որ լրջացնենք՝ երեւի կուզես», եւ ես ասացի՝ «փորձի՝ լրջացրու», եւ Հրանտը ծիծաղեց ու ասաց՝ «հնարավոր չի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը հնարավոր չի», եւ Հրանտն ասաց՝ «քեզ հետ հնարավոր չի լուրջ բանից խոսել», եւ ես ասացի՝ «մանավանդ որ՝ վիսկիս պրծել ա», եւ Հրանտն ասաց՝ «պրծել ա՝ լցրու. կարող ա՞ ձեր մատռվակն եմ», եւ ես վիսկին լցնելով ասացի՝ «չտեսնված վիսկի ա», եւ Հրանտն ասաց՝ «հիմա հասկացա՝ ինչից ես վախենում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց», եւ Հրանտն ասաց՝ «վախենում ես ձայն չտան՝ չընտրվես», եւ ես ասացի՝ «դժվար բան չկա. սրաննրան մրցանակ ես խոստանում ու ձայները հավաքում ես», եւ Հրանտն ասաց՝ «հա. մեր գրողները շատ դյուրահավատ են» եւ մի քիչ մտածեց, հարցրեց՝ «բա հետո ո՞նց ես խոստումներիդ տակից դուրս գալու», եւ ես ասացի՝ «դրա համար էլ չեմ ուզում նախագահ դառնամ», եւ Հրանտը ժպտաց ու նորից հարցրեց՝ «հանրապետությա՞ն», եւ ես նորից ասացի՝ «չէ՝ գրողների», եւ Հրանտն ասաց՝ «այսինքն, ճիշտ եմ ասում, որ պատասխանատվությունից խուսափող ես», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «հիմա ես ե՞մ պատասխանատվությունից խուսափում, թե՝ դու», եւ Հրանտը հոգոց հանեց ու ասաց՝ «գրելս գալիս ա», եւ ես ասացի՝ «իմ գրելն է՛լ ա գալիս», եւ Հրանտն ասաց՝ «մի նորմալ մարդ ճարեինք՝ էս պաշտոնս փաթաթեինք վզին», եւ ես հարցրի՝ «ինձ նորմալ ե՞ս համարում», եւ Հրանտն ասաց՝ «ո՛չ էնքան. որ գրում ես՝ էլ ի՞նչ նորմալ», եւ ես ասացի՝ «չգրող ճարենք», եւ Հրանտը հարցրեց՝ «չգրող կա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լիքը չե՞ն. մեր գրողների մեծ մասը չի գրում», եւ Հրանտը ժպտաց ու ասաց՝ «վախենամ՝ հենց էս աթոռին նստեն, սկսեն գրել», եւ ես հարցրի՝ «որ էս գործը թողես՝ կգրե՞ս», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի. մտքիս մեջ մի սյուժե կա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ սյուժե», եւ Հրանտն ասաց՝ «որ նախօրոք պատմում եմ, հետո դժվարությամբ ա գիր դառնում», եւ ես ասացի՝ «մինչեւ էդ հողը չունենաս՝ դժվար էլ գրես», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հող», եւ ես ասացի՝ «էդ հիսուն մետրը», եւ Հրանտը ժպտաց ու ճշտեց՝ «քառակուսի՛ մետր», եւ ես ասացի՝ «ուզո՞ւմ ես՝ էդ հողի հաշվով իրանց ասեմ», եւ Հրանտը հարցրեց՝ «իրանց՝ ո՞ւմ», եւ ես ասացի՝ «թեկուզ Վանոյին», եւ Հրանտը զայրացած ու նեղացած գոռաց՝ «մենակ դու էիր պակաս, որ իմ ու իրանց միջեւ միջնորդություն ստանձնեիր» եւ մի քիչ դադար տվեց ու ավելացրեց՝ «ասող ես՝ քեզ համար ասա», եւ ես ասացի՝ «դո՛ւ գիտես», եւ Հրանտը հոգոց հանեց ու ասաց՝ «ոչ մի բան էլ չգիտեմ»։

Ես Վանոյին չտեսա եւ իր ու Հրանտի միջեւ որեւէ միջնորդություն չստանձնեցի ո՛չ միայն էն պատճառով, որ Հրանտը կտրականապես էր դեմ, այլեւ էն պատճառով, որ շուտով իշխանափոխություն տեղի ունեցավ, ավելի ճշգրիտ՝ իշխանափոխությունն ու հեղաշրջումը տեղի ունեցան իմ ու Հրանտի խոսակցությունից մի քանի ամիս անց, եւ երբ իշխանափոխությունն արդեն եղել էր, ու ՀՀՇ-ն էլ տեղափոխվել էր Խանջյան, ես Վանոյին տեսա եւ երբ ՀՀՇ-ի բուֆետում ձեռի հետ նաեւ Հրանտի փափագած էդ հիսուն մետր հողակտորի մասին խոսք գցեցի, Վանոն ասաց՝ «ես իրա համար ավելի լավ տարբերակ էի մտածել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տարբերակ», եւ Վանոն ասաց՝ «մտածում էի՝ իրա վաթսունհինգ ամյակին մի հատ պատրաստի տուն կնվիրենք՝ հողով բանով», եւ ես ասացի՝ «լավ ես մտածել», եւ Վանոն ժպտաց ու ասաց՝ «բայց շաբաթն ուրբաթից շուտ էկավ», եւ ես ասացի՝ «ափսոս», եւ Վանոն ժպտաց ու հարցրեց՝ «Հրանտի՞ համար ես ափսոսում, թե՝ մեր իշխանության», եւ ես ասացի՝ «ի՛մ համար եմ ափսոսում», եւ Վանոն հարցրեց՝ «քո համա՞ր խի ես ափսոսում», եւ ես ասացի՝ «ես է՛լ ահագին ուզելիք ունեի», եւ Վանոն հարցրեց՝ «ի՞նչ էիր ուզելու», եւ ես ասացի՝ «նոր պիտի մտածեի», եւ Վանոն ժպտաց ու ասաց՝ «դու է՞լ ես մտածել՝ հավերժ ենք», եւ ես ասացի՝ «հա», եւ Վանոն ասաց՝ «ոչինչ. հիմի Վազգենից կուզեք», եւ ես հարցրի՝ «Վազգենից ի՞նչ կուզենք», եւ Վանոն ծիծաղեց ու ասաց՝ «ձեր հողերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել