Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդիայի հայ չեմպիոնուհին

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"Հրանուշ-Անի Շահբազյանը 8 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց հեռավոր Հոլանդիա: Ծնվել է 1991-ին, Երեւանում եւ ուսումնառությունը սկսել Ավանի միջնակարգ դպրոցներից մեկում:

Օտար միջավայրում հայտնված հայ աղջնակը սկզբից եւեթ չմեկուսացավ շրջապատից: Ավելին՝ նոր ընկերների ու ուսուցիչների ուշադրության կենտրոնում հայտնվեց իր անմիջականության եւ կայտառության շնորհիվ: Հայրը՝ Մինաս Շահբազյանը, նկատելով կրտսեր դստեր ճկունությունը եւ սերն առ սպորտը, նրան ուղարկեց մարմնամարզության, նաեւ լողի: Ժամանակին ինքն էլ էր Երեւանում հաճախել Ալբերտ Ազարյանի մարմնամարզության դպրոց եւ որոշակի հաջողությունների հասել քաղաքային եւ հանրապետական մրցույթներում:

Հրանուշ-Անին շատ արագ արդարացրեց ծնողների սպասումները՝ սկզբում մցանակային տեղեր զբաղեցնելով համադպրոցական, նաեւ Զելանդ երկրամասի մարզական ստուգատեսներում, ապա 1-ին ու 2-րդ տեղեր շահելով Հոլանդիայի մանկապատանեկան առաջնություններում: Տարեցտարի հայ մարմնամարզուհին զարգացրեց իր մարզական հաջողությունները՝ նվաճելով ոսկյա ու արծաթյա մեդալներ եւ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի ու գավաթների: Վերջերս ավարտված Հոլանդիայի պատանեկան առաջնությունում մեր գեղանի հայրենակցուհին շահեց հերթական ոսկին՝ դառնալով Հոլանդիայի չեմպիոնուհի: Նա հրավեր ստացավ կատարելագործվելու եւ հետագա պարապմունքները շարունակելու Ռոտերդամ քաղաքում, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ կան աճի եւ զարգացման համար: Տեղացի մասնագետների հույսը հայ աղջնակի բնածին ֆիզիկական տվյալներն են եւ համառ աշխատասիրությունը:

Հրանուշը ցույց տալով ինձ իր համադասարանցիների լուսանկարը՝ ժպտալով պատմում էր, որ իրենց դասարանում ավելի շատ հայեր կան, քան հոլանդացիներ: Պարապմունքներից ազատ ժամերին նա ակնդետ հետեւում է հայկական Հանրային հեռուստատեսության հաղորդումներին եւ երազում Հայաստան վերադառնալու մասին: Նա ոչ միայն չի մոռացել հայոց տառերը եւ հրաշալի հայերեն է խոսում, այլ նաեւ երգում է: Ուզում է երգչուհի դառնալ եւ ուշադիր հետեւում է մեր երիտասարդ կատարողների միջազգային ելույթներին: Միաժամանակ անհամբերությամբ է սպասում Ռոտերդամում դեկտեմբերի 8-ին կայանալիք մանկական Եվրատեսիլին, որտեղ առաջին անգամ հանդես են գալու հայ փոքրիկները: Նա իր թե հայ, թե այլազգի ընկերներին հորդորել է քվեարկել «Արեւիկ» համույթի օգտին:

Հուսանք, որ կիրականանան Հոլանդիայի հայ չեմպիոնուհու բոլոր երազանքները եւ մարզահարթակից բեմահարթակ կատարելիք ցատկը եւս վարժ ու փափուկ կստացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել