Այսօր IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (մինչեւ 72,574 կգ) աշխարհի չեմպիոն 27-ամյա Արթուր Աբրահամը Բազելի (Շվեյցարիա) «Սենթ Յակոբ Հալլե» մարզասրահում չեմպիոնական գոտին է պաշտպանելու բրիտանացի Ուեյն Էքլոքի (33 տարեկան) հետ մենամարտում, որը IBF-ի վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Արթուրը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ, ընդ որում 19-ը՝ նոկաուտով: Իսկ Էքլոքի մարզական այցեքարտն այսպիսին է. 20 մենամարտ, 18 հաղթանակ (8-ը՝ նոկաուտով) եւ 2 պարտություն:
Երկու բռնցքամարտիկներն էլ արդեն քանի օր Շվեյցարիայում են եւ նախապատրաստվում են այսօր կայանալիք մենամարտին: Եթե մեր հայրենակիցը պարտության է մատնել ռինգի ճանաչված ներկայացուցիչների, ապա անգլիացու ամենանշանակալի հաջողությունը համաշխարհային տիտղոսների նախկին հավակնորդ Հովարդ Իսթմենի նկատմամբ միավորներով տարած հաղթանակն է: Ասենք, որ ժամանակին՝ 2005 թվականին, Արթուրը նույնպես նրան պարտության է մատնել:
Մասնագետների կարծիքով, Էքլոքն այն մրցակիցը չէ, որն ի վիճակի է պատշաճ ճակատամարտ տալ հայ չեմպիոնին: Եվ գուցե դա է պատճառը, որ այս մենամարտի շուրջ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ:
Օրերս Բազելում հրավիրված մամուլի ասուլիսում Արթուրի գործերը վարող «Sauerland Event» պրոումոթերական ընկերության ղեկավար Վիլֆրիդ Զաուերլանդը շատերի համար անսպասելի հայտարարել է, թե եկող տարի մտադիր է Արթուրի համար գոտիների միավորման մենամարտ կազմակերպել Պավլիկ-Թեյլոր զույգի հաղթողի հետ: Լրատվամիջոցները Զաուերլանդի այս հայտարարությունը գնահատում են որպես ներողամիտ լինելու առաջարկ, քանի որ Էքլոքը իր մակարդակով բացահայտ զիջում է Աբրահամին, ապա նաեւ որպես ամենասովորական PR՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ: Ինչո՞ւ տիտղոսների միավորում կազմակերպել, օրինակ, Ջերմեն Թեյլորի հետ, եթե նա վաղուց հայտարարել է հաջորդ քաշային կարգ տեղափոխվելու իր մտադրության մասին, եւ բացի դա, նա չի կարող վերադարձնել միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին անգամ Պավլիկին հաղթելու դեպքում, քանի որ այդ մենամարտը տիտղոսի համար չէ: