Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 08,2007 00:00

Քաղաքացու մտորումները՝ նախագահական ընտրություններից առաջ

Վերջերս «Վերնիսաժում» ակամա ունկնդիր դարձա վաճառականների կրքոտ երկխոսության. «Նրանք հիմա էլ Լեւոնին մեյդան գցեցին, որ կառավարեն իրավիճակը եւ ամեն ինչը մնա իրենց ձեռքում»,- վրդովված ասում էր մեկը, «Էդ բոլորը իրանց խաղերն են»,- համաձայնում էր մյուսը: Հայերին, իհարկե, դժվար է դասել դյուրահավատների շարքը, սակայն շատ ջանք պետք է թափեին մեր քաղաքական գործիչները՝ մարդկանց մեջ բացարձակ անվստահություն սերմանելու համար: Այսօր երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը չի հավատում քաղաքական ուժերի ոչ գործունեությանը, ոչ խոստումներին, պարզապես ինչ-ինչ նկատառումներով շատերը չեն արտահայտում այդ թերահավատությունը:

Այնուհանդերձ, վերջին ամիսներին քաղաքական կյանքը աշխուժացավ եւ ակնհայտ է, որ դա կապված է հասարակական բեմահարթակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնվելու հետ: Եթե չլիներ նրա վերադարձը, նախընտրական շրջանն ու բուն ընտրությունները գորշ ընթացք կստանային՝ ակնհայտ արդյունքով: Մնացած քաղաքական առաջնորդները, համոզված եմ, հստակ գիտակցում են, որ իրենցից ոչ մեկը գործող վարչապետի մրցակիցը լինել չի կարող: Իրենք պարզապես ստիպված են համարձակ ու տպավորիչ ելույթներ ունենալ, քանի որ հնարավոր չէ հավակնել երկրի նախագահի պաշտոնին եւ հաղթանակի հանդեպ կասկածներ ունենալ. «Եթե համոզված չես, ո՞ւր ես խցկվում»: Թեկնածուների մեծամասնության համար ընտրությունները սոսկ առիթ են (շատերի համար՝ միակը), որ հասարակությանը հիշեցնեն իրենց գոյության մասին:

Եվ ահա հայտնվեց հանրապետության առաջին նախագահը՝ իր վերադարձի մասին ազդարարելով վստահ ու համարձակ: Իշխանական շրջանակները նկատելիորեն անհանգստացան՝ հասկանալով, որ այդ թեկնածուն կարող է դառնալ իրական այլընտրանքային դեմք, եթե նրան հաջողվի իր շուրջը համախմբել ընդդիմության հիմնական ուժերը: Իշխանությունը իր քարոզչության մեջ հսկայական տեղ է հատկացնում Տեր-Պետրոսյանին՝ մոռանալով, որ ժամանակին Չերչիլը ասել է. «Քաղաքական առաջնորդի մասին օգտակար է ցանկացած հրապարակումն ու հիշատակումը, մահախոսականից բացի»:

Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը ստիպեց զանգվածային լրատվական միջոցներին ճշգրտել իրենց քաղաքական հակումները: Մինչ այդ շատ դեպքերում դժվար էր լինում որոշել, թե գաղափարական որ ուղղության կողմնակից է այս կամ այն թերթն ու հեռուստաալիքը՝ բոլորը փորձում էին թվալ շատ թե քիչ օբյեկտիվ եւ անաչառ: Այժմ արդեն նման սահմանային քաղաքականություն պահպանել անհնար է, եւ բոլոր ԶԼՄ-ները ստիպված են հստակեցնել իրենց քաղաքական կողմնորոշումները՝ իշխանամետ թերթերն ու հեռուստաընկերությունները գնալով ավելի թանձր շագանակագույն երանգ են ստանում, իսկ ընդդիմականները առավել աչքի են ընկնում իրենց դեղին գույնով: Եվ դա միայն սկիզբն է՝ քաղաքական պայքարը շարունակում է թեժանալ՝ չնայած Տեր-Պետրոսյանը առայժմ օգտվում է հիմնականում հանրահավաքներից, իսկ իշխանությունը՝ իր կողմից հսկվող հանրային ազդեցություն ունեցող բոլոր միջոցներից (դա մոտավորապես երկրի գործող ԶԼՄ-ների 80-90 %-ն է):

Ակնհայտ է, որ պայքարը ծավալվելու է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ 3-րդ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Ի՞նչ են, ըստ էության, առաջարկում ընտրողներին այդ այլընտրանքային քաղաքական ֆիգուրները:

Վարչապետը խոստանում է, որ հինգ տարի անց յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք հնարավորություն կունենա գնելու սեփական բնակարան եւ ավտոմեքենա: Հնչում է որպես անհավանական հեքիաթ, չնայած՝ գուցե թե կան դրան հասնելու անհրաժեշտ՝ առայժմ քողարկված, լծակներ ու մեխանիզմներ: Այնուամենայնիվ, ուսանողների շրջանում այսօր կեսկատակ որոշումներ են կայացվում՝ առաջին կուրսում շուտափույթ ամուսնանալ՝ հինգ տարի անց բնակարանի եւ մեքենայի սեփականատեր դառնալու համար: Լ. Տեր-Պետրոսյանը պնդում է, որ իրեն անհրաժեշտ է երեք տարի՝ գործող փտած ու կոռումպացված իշխանական համակարգի «ավգյան ախոռները» մաքրելու եւ երկիրը զարգացնելու նորմալ պայմաններ ստեղծելու համար: Պետք է խոստովանել, որ այդ «թվաբանական» կանխատեսումներից ոչ մեկը վստահություն չի ներշնչում:

Որպես մեղադրանք՝ իշխանությունը նախկին նախագահին հաճախ է հիշեցնում սովը եւ մութ գիշերները, ինչպես նաեւ այն փաստը, որ նա քանդել է ծաղկող երկիրը: Իմ համոզմամբ, արդեն շատ ժամանակ է անցել եւ այսօր նույնիսկ անպարկեշտություն է ներկայացնել նման մեղադրանքներ: Աշխարհում չկա այնպիսի երկիր, որը ծաղկեր պատերազմի ժամանակ եւ ետպատերազմյան տարիներին: Ուրիշ հարց է, եթե պետության ղեկին կանգնած լիներ ավելի խոհեմ եւ հեռատես առաջնորդ՝ գուցե հետեւանքները պակաս դաժան լինեին: Սակայն դա համապատասխան մասնագետների ուսումնասիրության խնդիրն է, որոնք եւ պետք է ուսումնասիրեին ու որակեին նշված ժամանակների իրավիճակը որպես հանցագործություն կամ սխալ՝ համապատասխան եզրակացություններով: Բայց դա չկատարվեց: Իսկ մեր ժողովուրդը գիտակցաբար գնաց սեփական անկախությունը նվաճելու եւ Ղարաբաղը ազատագրելու ճանապարհով ու պատրաստ էր զրկանքների: Այսպես օգտագործել բնականոն ընթացող երեւույթները որպես թերացում կամ՝ առավել եւս, հանցանք, մեղմ ասած, տգեղ է:

Առաջին նախագահի թիմին հաջողվեց որոշ առումով կարգավորել կյանքը երկրում, նույնիսկ նպաստել որոշ պետական ինստիտուտների կայացմանը՝ բանկային, դատական, առեւտրային համակարգերի: Կարելի՞ էր արդյոք անել ավելին: Հավանաբար, այո՝ սակայն այդ հարցին մոտ ապագայում ոչ մեկը չի կարողանա հստակ եւ օբյեկտիվ պատասխան տալ:

Գործող նախագահը հարցազրույցներում անընդհատ շեշտում է, որ «ժառանգել է քայքայված եւ քանդված երկիր»: Հայաստանը, իրոք, բարգավաճ չէր: Այնուամենայնիվ, ստանձնելով նախագահի պաշտոնը, Ռ. Քոչարյանը պարտավոր էր ուղղել թույլ տրված սխալները՝ դրան էր սպասում հասարակությունը: Նոր թիմը անցավ գործի: Նոր ղեկավարության նվաճումները լայնորեն ներկայացվում էին հանրությանը, իսկ անհաջողությունները բացատրվում էին արատավոր անցյալի ժառանգությամբ: Եվ ամենազարմանալին այն է, որ բացարձակ անհաղթահարելի եղավ «նախորդ իշխանությունների օրոք ձեւավորված համատարած կաշառակերությունը»: Այն այնքան էր արմատավորվել, որ նոր թիմին այլ բան չէր մնում, քան նախորդ կաշառակերներին տեղավորել նոր պաշտոններում՝ շարունակելով ամրապնդել նույն համակարգը՝ հասցնելով այն կատարյալ, առավել հստակ գործող կոռուպցիոն «ինստիտուտի»: Այսօր բոլորին է հայտնի, որ գործող բուրգի գագաթին է գտնվում 20-30 ընտանիք: Դա նման է հին անեկդոտի «թուրքի շան» մասին՝ մի շան վարժեցրել են խանութ գնալ փողի քսակը բերանին: Խանութպանը գումարը ստանալով, նրա վզին է կախում մթերքով լի պայուսակը եւ ուղարկում տուն: Մի անգամ, երբ շունը վզին կախված բուբլիկներով տուն էր վերադառնում, նրա վրա հարձակվում են թափառող շները եւ սկսում են լափել վզից կախված բուբլիկները: Երբ շունը հասկանում է, որ չի կարող փրկել տիրոջ մթերքը, ինքն էլ է միանում գողերին եւ սկսում հնարավորինս արագ ուտել օղաբլիթները:

Հայտնի է նաեւ Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքը այն մասին, որ նրա իշխանության օրոք կատարվել են պատվիրված սպանություններ, մասնավորապես՝ Հ. Գալստյանի, Մ. Յուզբաշյանի, Գ. Ղանդիլյանի: Մեղադրանքները կարող էին հիմնավոր հնչել, եթե չլիներ այն փաստը, որ այսօր էլ մեր երկիրը իրենից ներկայացնում է զինված «ռազբորկեքի» դաշտ, իսկ Ազգային ժողովում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության արդյունքում բոլորից շատ շահել է գործող նախագահ Ռ. Քոչարյանը (այլապես նա նախագահ չէր մնա):

Այսօր ընտրողները կանգնած են լուրջ այլընտրանքի առաջ:

Ընտրել առաջիկա տարիների հարաբերական կայունությունը, ընդունելով գործող համակարգը, որի էությունը երկրում ամեն ինչ որոշող մի քանի ընտանիքների իշխանությունն է՝ սկսած ապրանքի ներմուծումից, վերջացրած խանութի գներով, եւ հույս ունենալ, թե կհաջողվի գոնե մի փոքր մոտենալ իշխող շրջանակներին, դրանով իսկ ապահովելով սեփական բարգավաճանքը՝ այս պարագայում ձայնը պետք է տրվի Սերժ Սարգսյանին:

Կամ քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, համաձայնելով գալիք անհանգիստ մի քանի տարիներ անցկացնել, սպասելով, որ նրան կհաջողվի քանդել գոյություն ունեցող իշխանության բուրգը, ձեւավորել բնակչության համար հավասար պայմանների դաշտ, ստեղծել ոչ կոռումպացված դատական համակարգ եւ մշուշոտ հույս ունենալ, որ այսօրվա երեխաները ապրելու են նորմալ ժողովրդավարական երկրում:

Անչափ բարդ ընտրության առջեւ է կանգնած ընտրողը: Իհարկե, խոսքը նրանց մասին է, ովքեր ոչ թե պատրաստվում են 30 դահեկանով կամ ալյուրի պարկով վաճառել իրենց ձայնը, այլ լուրջ, սեփական երկրի ապագայով մտահոգված քաղաքացիների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել