Լրահոս
Օրվա լրահոսը

Փնթի գործելակերպ

Դեկտեմբեր 08,2007 00:00

Քաղաքաշինական նոր մոտեցումների արդյունքում Երեւանը նմանվել է իր չափսերից փոքր հագուստ կրող մարդու:

Դեկտեմբերին փոխվելու է Երեւանի կարգավիճակը, այն մարզից վերածվելու է համայնքի: Հավանաբար այս փոփոխությունն է պատճառը, որ Երեւանը վերածվեց չմտածված շինարարական հրապարակի: Չխոսենք, թե դա ինչ արժեցավ երեւանցուն՝ քանի վթար տեղի ունեցավ, քանի մեքենա ջարդվեց, օրը քանի ժամ ենք մնում խցանումների մեջ, քանիսը մահացան տանը, մինչեւ խցանումից դուրս կգար շտապօգնության մեքենան: Աշխարհում շինարարությունը հայտնի է որպես փող լվանալու լավագույն միջոց, բնական է՝ մենք բացառություն չենք ու աշխարհում ոչ մի տեղ միանգամից չեն փակում բոլոր ճանապարհները: Արդեն ավանդույթ է կանաչ գոտիների ոչնչացումը, հարձակումը զբոսայգիների վրա, թռչող ափսեներ հիշեցնող բենզալցակայանների ու «էլիտար» հորջորջվող շենքերի հաղթարշավը: Երեւանի փողոցների խեղումը շարունակում է ավերել Երեւանի դեմքն ու պատմությունը: Ու մինչեւ ե՞րբ… դժվար է ասել:

Տարածքների գրավումը՝ շինարարության անվան տակ օրեցօր նորանոր բնույթ է ստանում: Արդեն պարզ է «բորդյուրաշինության» նպատակը: Դա հատուկ մտածված էր, որպեսզի «ձեռքի հետ» քաղաքի պողոտաների լայնքից քիչ-քիչ կսմթեն, լայնացած մայթի վրա նոր սպասարկման օբյեկտ դնեն ու գերշահույթ ստանան: Սա արդեն ձեռագիր է… Այսօր առանց սրտի ցավի չի կարելի անցնել Կոմիտասի, Կասյան ու շատ ուրիշ փողոցներով: Կոմիտաս-Գյուլբենկյան-Կասյան խաչմերուկում բավականին առաջ է դրված բորդյուրը՝ ի հաշիվ խաչմերուկի (նույն պատկերն է Կոմիտաս- Վաղարշյան, Կոմիտաս-Վրացական, Ազատության-Բանջարանոցային ու էլի շատ փողոցային հանգույցներում), ինչո՞ւ, ո՞ւր մնացին քաղաքաշինության նորմերը, ճարտարապետական անսամբլեա, քաղաքի շունչ, ոգի, ներդաշնակություն, համայնապատկեր հասկացությունները… Ախր պողոտաշինությունը, ինչպես քաղաքաշինությունը, նույնպես գիտություն է՝ հայտնի կանոններով: Այս լուծումներով առանձնանում են Երեւանի շատ փողոցներ (Կիեւյան, Ազատության, Թումանյան եւ այլ փողոցներ, կարծես մի շենքը «խոսում» է մյուսի հետ, լրացնում կամ կազմում է մյուսի տրամաբանական շարունակությունը): Ի՞նչ է արվում այսօր. աղավաղվում է շենքերի արտաքին տեսքը՝ կցակառույցներով, ինքնակամ բարձրանում է մի ժամանակակից այլանդակություն ու փակում արվեստի գործ հիշեցնող, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով հնի տեսադաշտը: Նախկինում Կոմիտասի պողոտայով ծայրեծայր զբոսնել կարելի էր՝ կրկնակի գազոնաշարի շնորհիվ (Մերգելյան ինստիտուտի առջեւի զբոսայգին պարզապես այլանդակվել է զուգարանային եւ այլ մանր բիզնեսի շնորհիվ). հիմա տեղ-տեղ այն ոչնչացվել է, ով ասես առաջին հարկում փոքր տարածք է գնում, հայտնի ճանապարհով թույլտվություն ստանում, մայթերի հաշվին շենքից առաջ գալիս ու գրանցվում է հերթական նվաճումը՝ ժամանակի փորձությունը տարած, կայացած փողոցի վրա՝ աղավաղելով ճարտարապետական հեղինակային միտքը:

Այսօր փորձ է արվում ճարտարապետական մտքի «թռիչքով» գտնել արագընթաց մեքենաների համար արագընթաց ճանապարհներ, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքի կենտրոնում: Բայց քաղաքաշինության նորմերը քաղաքակիրթ երկրներում նման ճանապարհները ենթադրում են քաղաքից դուրս, քաղաքը շրջանցելու համար կամ ստորգետնյա են անում՝ ինչպես Բրյուսելում: Մեզանում շուտափույթ որոշեցին փողոցների ծանրաբեռնվածությունը լուծել կամրջաշինությամբ: Սա էլ լուծում չէ… Բաղրամյան պողոտայով բարձրացող երկու կամուրջներն էլ միանշանակ ստվերում են տուֆակերտ, ճարտարապետական արժեք ներկայացնող շրջակա շենքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել