Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ «ՈՒԶՈՒՄ»

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"Կրթական հաստատությունները կա՛մ լողավազան չունեն, կամ էլ ով ունի՝ չի գործում

Հին Հունաստանում անուս, անքաղաքավարի մարդկանց այսպես էին բնորոշում. «Ոչ կարդալ գիտի, ոչ լողալ»: Եթե հունական այս «բանաձեւը» կիրառվեր նաեւ այսօր, ապա հայ երիտասարդների մեծամասնությունը անուս կհամարվեր, քանի որ նրանցից շատերը լողալ չգիտեն: Պատճառն այն է, որ կրթական հաստատություններում ֆիզիկական դաստիարակություն առարկայի ծրագրում լողուսուցում ներառված չէ: Ավելին, միայն հազվագյուտ բուհեր ունեն լողավազաններ, դրանցից միայն ճարտարագիտականինն է գործում: Հանրակրթական դպրոցների մասին խոսելն ավելորդ է, քանի որ դրանցից շատերը նույնիսկ կարգին մարզադահլիճներ չունեն: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԿԳՆ-ում գիտեն այս մասին եւ ինչպե՞ս են պատրաստվում լուծել խնդիրը:

ԿԳՆ ռազմամարզական վարչության արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ Արման Այվազյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «3 տարի առաջ կառավարությանը մի ծրագիր ենք ներկայացրել, որտեղ նշված էր նաեւ հանրակրթական դպրոցներում հրաձգարաններ եւ լողավազաններ կառուցելու մասին: Սակայն կառավարությունը մերժեց ծրագիրը՝ պատճառաբանելով, թե դրա իրականացման համար ահռելի գումարներ կպահանջվեն: Բուհերի լողավազանների շինարարության հարցերով մենք չենք զբաղվում: Լավ կլիներ, որ ԿԳ նախարարությունը զբաղվեր այդ հարցով»:

Քանի որ բուհերն են տնօրինում իրենց լողավազանների ճակատագիրը, նույն հարցով դիմեցինք նաեւ դրանց պատասխանատուներին: Ինչպես վերը նշեցինք, պետական բուհերից այժմ գործող լողավազան ունի միայն Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը (ԵՊՃՀ): Ճարտարագիտականի՝ 25 մետր երկարությամբ լողավազանը ներկայումս սպասարկում է ոչ միայն պոլիտեխնիկցիներին, այլեւ մյուս բուհերի ուսանողներին եւ քաղաքացիներին: Այստեղ իրականացվում են նաեւ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա դասավանդող ուսուցիչների կազմակերպած լողի վճարովի պարապմունքները: Ինչպես տեղեկացրին ԵՊՃՀ մարզական ակումբից, 1988-ից գործող իրենց լողավազան օրական այցելում է շուրջ 1000 հոգի: ԵՊՀ-ն էլ ունի լողավազան, սակայն այն ստեղծման օրվանից՝ 1978-ից, չի շահագործվել: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց. «Լողավազանի ջրահեռացման համակարգը սխալ է նախագծված եղել: Այս լողավազանը բացօթյա է, եթե անգամ վերանորոգվի, միեւնույն է, իրեն չի արդարացնի: Մտադիր ենք փակ լողավազան կառուցել, սակայն քննարկումները դեռ ընթացքի մեջ են, որովհետեւ ծրագիրը մեծ ներդրումների հետ է կապված»: Քանի որ համալսարանականները դեռ սեփական լողավազան չունեն, լողի պարապմունքներն անցկացնում են Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում: Մանկավարժական համալսարանը ոչ միայն լողավազան չունի, այլեւ դրա համար բուհին հողատարածք էլ չի հատկացվել երբեւէ: Մանկավարժական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Համլետ Հովակիմյանն ասաց. «Ծրագրվում է Աղավնաձորի մեր բազայում կառուցել լողավազան»։ ԵՏԻ-ին էլ 3 տարի առաջ հույս են տվել, թե իրենց համար լողավազան կկառուցվի, սակայն հուսախաբ են արել։ Տնտեսագիտականի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Լեւոն Սամվելյանը նշեց. «3 տարի առաջ նույնիսկ կառուցվելիք լողավազանի հաշվարկներն էին արված, սակայն երբ տեսանք, որ կոմունիկացիաների հարցը մեծ գումարներից է կախված, նախագիծը հանվեց օրակարգից: Այժմ մեր բուհում ընթացքի մեջ են սպորտային մասնաշենքի կառուցման աշխատանքները»:

Բժշկական համալսարանի լողավազանն էլ, որը գտնվում էր Անատոմիկումի մասնաշենքին կից, անցյալ տարվանից չի գործում: Այս բուհի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի լաբորանտ Նվեր Նազարյանն ասաց, որ 1960-ականներից գործող իրենց 15 մ երկարութամբ փակ լողավազանն այժմ վերանորոգվում է:

Տեղեկացնենք, որ հանրակրթական դաշտում կատարված բարեփոխումների «շրջանակներում» մտցվել է նաեւ ֆիզիկական դաստիարակության նոր ծրագիր, ըստ որի՝ այդ առարկայի դասաժամերին պետք է ուսուցանվեն պարտադիր եւ ոչ պարտադիր մարզաձեւեր՝ լողը ոչ պարտադիրների շարքում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել