Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտրակի եւ բլիթի» կենսագործումը՝ Պետդումայի ընտրություններում

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"ՌԴ խորհրդարանական ընտրություններին նախորդած եւ հաջորդած գործընթացներն այլ բան չէին, քան տեղական իշխանությունների ընտրական հնարամտության հետաքրքրաշարժ մրցություններ:

Քվեաթերթիկների լցոնումներ, ընտրազանգվածի կաշառում, ընտրատեղամասից ընտրատեղամաս տեղափոխվող եւ տարբեր փաստաթղթերով քվեարկող մարդկանց խմբեր, դիտորդների աշխատանքի խոչընդոտում, ընտրությունների խախտումներին վերաբերող բողոքների ընդունման զանգվածային մերժումներ, ընտրատեղամասերում ընթացող ակտիվ քարոզարշավ, քվեարկության գաղտնիության խախտում, ընտրացուցակներում մահացած կամ բնակավայրից մեկնած անձանց անունների գրանցումներ, զինծառայողների եւ ուսանողների բացահայտորեն հսկվող քվեարկություններ…

Ահա Ռուսաստանի Պետդումայի վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված չարաշահումների այն ոչ լրիվ ցանկը, որի մասին տեղեկություններ են հաղորդում ռուսաստանյան մի շարք էլեկտրոնային պարբերականներ: Առավել ուշագրավ են այդ աղբյուրների հաղորդած այն տեղեկությունները, որոնք վերաբերում են Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ծայր առած գործընթացներին:

ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով, ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների մոտ 64%-ը: Ռուսական ԶԼՄ-ները նկատել են տալիս, որ այդպիսով՝ երկրի հասուն բնակչության 36%-ը, փաստորեն, չանսաց Վլադիմիր Պուտինի «Մասնակցեք եւ քվեարկե՛ք «Եդինայա Ռոսիայի» օգտին» կոչին: Իսկ այժմ «անգիտակից» քաղաքացիներին կանչում են պատասխանատվության: Նրանց սպառնում են զանազան պատիժներով, հեռացնում են աշխատանքից եւ բուհերից: Պատիժներն առավել ուժգին են հատկապես այն ռեգիոններում, որտեղ իշխանական կուսակցության համար ձայների պահանջվող քանակը չի ապահովվել: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների խոսքերով, «շտրաֆնիկների» հետապնդումներն ահագնանում են. որոշ տեղական նշանակության ղեկավարներ արդեն պատասխան են տվել «խափանարարության» համար: Այսպես. ընտրություններից հետո հրաժարական է տվել Ուդմուրտիայի քաղաքապետը, «որին հաջողվել» է Պուտինի կուսակցության համար ապահովել ընդամենը ձայների 41%-ը:

Իսկ տեղական իշխանությունները, իրենց հերթին, բացատրություններ են պահանջում ընտրողներից՝ փորձելով պարզել, թե ով եւ ինչպես է քվեարկել: Բանավոր հավաստիացումներ չեն ընդունվում, միայն ապացույցներ: «Նովիե իզվեստիա» թերթի տվյալներով, Ուլյանովսկում, որտեղ ուսանողական հանրակացարանների բնակիչների մասնակցությունը 94%-էր, տեղական իշխանությունները, չբավարարվելով այդ փայլուն ցուցանիշով, արշավ են սկսել չներկայացած 6%-ի հանդեպ: Չինովնիկները բուհերի ղեկավարներից պահանջել են «դասալիքների» ցուցակները: Ուշագրավ է, որ մինչ այդ, Ուլյանովսկի համալսարանի ուսանողներից պահանջել էին բջջային հեռախոսներով նկարել իրենց քվեաթերթիկներն այնպես, որ երեւա «անհրաժեշտ կուսակցության» անվան դիմաց դրած իրենց նշումը: Ուլյանովսկի պետական ձեռնարկություններում հերթապահություններ են սահմանել: Ղեկավարները մինչեւ ուշ գիշեր չեն լքել աշխատատեղերն ու սպասել են աշխատակիցների զանգերին, որոնք on-line ռեժիմում զեկուցել են իրենց «կամքի ազատ արտահայտման մասին»: Այսպիսով՝ քաղաքի գրեթե յուրաքանչյուր ղեկավար, լինի դպրոցի թե գործարանի տնօրեն, տեղյակ է եղել իր ղեկավարած կոլեկտիվի «ընտրական վարքագծին»: Շատ բնակիչների խոսքերով, նույնիսկ խորհրդային իշխանությունների օրոք նրանք այսպիսի բան չէին տեսել:

Մուրմանսկի որոշ հիմնարկներում աշխատակիցներին ստիպել են ընտրատեղամասեր տանել «անհրաժեշտ կերպով քվեարկելու պատրաստ եւս 9 մարդու»: Առաջադրանքը ջանասիրաբար կատարողներին արտահերթ արձակուրդներ են խոստացել, իսկ զլացողներին սպառնացել են չեղյալ հայտարարել աշխատանքային պայմանագրերը: Ուֆայի ղեկավարներն ավելի հեռուն են գնացել. ընտրություններից խույս տվողներին ուղղված սպառնալիքները քաղաքացիները կարդացել են… հեռախոսային հաշիվների անդորրագրերի հակառակ երեսին:

Իսկ ահա Նովոռոսիյսկում նախընտրել են «պրյանիկի» տարբերակը: Ընտրատեղամասեր եկած բնակիչներին բաժանվել են հատուկ այդ օրվա համար նախատեսված զեղչի կտրոններ (10%-անոց՝ սննդի եւ 5%-անոց՝ տեխնիկայի համար), նաեւ զգուշացրել են, որ կտրոնների քանակը սահմանափակ է՝ 25 հազար, այնպես որ, բնակիչները տեղամասեր շտապելու լուրջ պատճառներ են ունեցել: Էլ ավելի օրիգինալ են գտնվել Կեմերովոյի ղեկավարները: Բոլոր նրանց, ովքեր ցուցաբերել են «բարձր գիտակցություն», խոստացվել է ցանկացած վարպետի անվճար ծառայություն: Ավելին՝ կին ընտրողներին առաջարկվել է մոդայիկ զգեստների ձեւում՝ ընտրատեղամասերի անմիջական հարեւանությամբ: Հիրավի, մարդկանց «քաղաքացիական» երեւակայությունը սահմաններ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել