Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՍՏԿԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 08,2007 00:00

Իսկ միջազգային փորձագետները պատերազմի վերսկսման կոնկրետ ժամկետներ են նշում

Ադրբեջանի տարբեր ռանգի ու ազդեցության պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի առաջին դեմքի կողմից մերթընդմերթ հնչեցվող ռազմաշունչ հայտարարությունները, ըստ ամենայնի, վաղուց արդեն ավելին են, քան պարզ քարոզչությունը: Ի մասնավորի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի վերջին հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման «100 տոկոսանոց հավանականության» մասին, ինչպես շեշտադրությամբ, այնպես էլ ասելիքի ձեւակերպման սրությամբ, էականորեն տարբերվում էր ագրեսիվ բանախոսությամբ հայտնի ադրբեջանցի այս գործչի նախկին հայտարարություններից: Պատահական չէ, որ դրան անմիջապես արձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Մադրիդում ունեցած իրենց հանդիպման ավարտին հակամարտ կողմերին հորդորելով ձեռնպահ մնալ պատերազմը հրապարակավ «իբրեւ հակամարտության լուծման միջոց» դիտարկելուց:

Ինչպես հայտնի է, վերջերս հայ-ադրբեջանական զինված առճակատման նոր ալիքի հավանականությունն են մատնանշել նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) փորձագետները: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, մի քանի օր առաջ կազմակերպության «սեղմ շրջանակներում» տեղի են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին նվիրված՝ «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի հնարավորության վտանգը» հերթական հաշվետվությանն առնչվող քննարկումներ: Դրանց ընթացքում Ադրբեջանի եւ Վրաստանի գծով ՄՃԽ-ի վերլուծաբան Կլեր Դելեսսարտը ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ հակամարտող երկրների իշխանությունները չեն համաձայնում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին ու իրենց ժողովուրդներին չեն նախապատրաստում խաղաղությանը. «Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում: Հայաստանը հույսեր է կապում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի՝ «դե-ֆակտոյից» «դե-յուրեի» աստիճանական անցման հետ, իսկ Ադրբեջանը հույս ունի, որ խնդիրը կլուծվի իր տնտեսական զարգացման արդյունքում»: Վերլուծաբանը ընդգծել է, որ կողմերի արագացված ռազմականացումը կարող է պատերազմը իրականություն դարձնել: «Պատերազմը կարող է վերսկսվել 2012 թվականին, երբ Ադրբեջանի էներգապաշարները սկսեն կրճատվել», կարծիք է հայտնել Դելեսսարտը՝ հավելելով, որ դրանով հանդերձ, երկու երկրների քաղաքացիական հասարակություններն ի վիճակի են կանխարգելել պատերազմը:

Իսկ մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը եւ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները հակամարտ կողմերին կոչ են անում իրենց հասարակություններին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, «Թրենդ» գործակալությունը փոխանցում է, որ Ադրբեջանի իշխանություններն առայժմ անհրաժեշտություն չեն տեսնում հանրությանը անգամ ծանոթացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Վերջերս Ադրբեջանի մի շարք քաղաքական ուժեր հանդես էին եկել իշխանություններին ուղղված կոչով՝ նրանց հորդորելով իրազեկել հասարակությանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին: «Այսօր մենք հասարակությանն ասելու ոչինչ չունենք, քանի որ վերջնական խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ դեռ լուրջ քայլեր ձեռնարկված չեն»,- այս կապակցությամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Ըստ նրա, միջնորդները երբեմն կողմերին ներկայացնում են տարբեր առաջարկություններ եւ ոչ ավելին. իսկ դա այն չէ, որի մասին հանրությունը պետք է տեղյակ լինի:

Իսկ մինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու այլ պաշտոնյաներ սաստկացնում են պատերազմական հռետորությունը, այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր գործընկերների ռազմաշունչ հայտարարությունների գործած տպավորությունը որոշակիորեն մեղմելու փորձեր է անում: Օրերս Նորվեգիայի արտաքին քաղաքական ինստիտուտում կայացած քննարկումների ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ԼՂ հակամարտության վրա ի՞նչ ազդեցություն կարող է գործել Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը եւ արդյո՞ք չի բացառվում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը, Մամեդյարովն ասել է. «Վստահ եմ, որ կգտնվեն ղարաբաղյան խնդրի լուծման խաղաղ տարբերակներ»:

Փորձը ցույց է տվել, սակայն, որ ադրբ եջանցի պաշտոնյաները նման վստահություն են արտահայտում միայն եվրոպական տարբեր ինստիտուտներում ու կազմակերպություններում ունեցած ելույթների ժամանակ, եւ այն էլ՝ ավելի ու ավելի հազվադեպ: Մինչդեռ՝ բուն Ադրբեջանում իշխանությունների ծավալած քարոզչությունը, շատ դիտորդների գնահատմամբ, արդեն սկսում է նմանվել իսկական պատերազմական նախապատրաստության: Իսկ դա, ինչպես նշեցինք հրապարակման սկզբում, այնքան էլ չի տեղավորվում զուտ «նախընտրական քարոզչություն» սխեմայի մեջ: Իլհամ Ալիեւի նախագահական դիրքերը բավականաչափ ամուր են՝ ղարաբաղյան հարցի շահարկմամբ դրանք էլ ավելի ամրապնդելու համար: Ակներեւ է, որ տնտեսական ներուժի մեծացմանը զուգահեռ, պատերազմի միջոցով Ղարաբաղը ետ բերելու հրապուրանքը Ադրբեջանում աճում է եւ գոնե տեսանելի ապագայում շարունակելու է աճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել