Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը միջուկային ռումբի պատրաստումը «թարգել» է դեռեւս 2003-ին

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"ԱՄՆ-ին, սակայն, դա ամենեւին էլ չի հանգստացնում

Թվում էր, թե Արեւմուտքն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները պետք է հաճելիորեն զարմացած լինեին ԱՄՆ ազգային հետախուզական գործակալության՝ Իրանի միջուկային նկրտումներին վերաբերող օրերս ներկայացրած զեկույցից: Ըստ այդմ, Թեհրանը կասեցրել է միջուկային զենք պատրաստելու իր ծրագիրը դեռեւս 2003 թվականի աշնանը: Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հիշյալ զեկույցի հրապարակումից անմիջապես հետո հանդես եկավ Իրանին ուղղված նոր՝ առավել եռանդուն քննադատությամբ, ընդգծելով, որ Վաշինգթոնը տակավին չի բացառում Ահմադինեջադի ռեժիմի դեմ ուժային գործողություններ սկսելու հնարավորությունը: «Ես այդ զեկույցը գնահատում եմ իբրեւ տագնապի ազդանշան: Փաստորեն, իրանցիներն ունեցել են միջուկային ռումբ ստեղծելու ծրագիր, բայց կասեցրել են այն: Իսկ տագնապի պատճառն այն է, որ նրանք ցանկացած պահի կարող են վերսկսել այդ ծրագիրը»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանում վաղուց արդեն սկսել են ուրանի հարստացման աշխատանքները, ինչը դեպի միջուկային զենքի ստեղծումը տանող անհրաժեշտ փուլերից է: Իսկ վերջին՝ ռումբի ստացման փուլը, Ջորջ Բուշի կարծիքով, կարող է ընթանալ հույժ գաղտնիության պայմաններում: «Իրանը եղել է, կա եւ կմնա վտանգավոր երկիր, քանի դեռ տիրապետում է միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ գիտելիքներին ու տեխնոլոգիաներին»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

ԱՄՆ ազգային հետախուզական գործակալության զեկույցը ամենեւին չի հանգստացրել նաեւ Իրանի մյուս անհաշտ ընդդիմախոսին՝ Իսրայելին: Այս երկրի վարչապետ Էհուդ Օլմերթն ամբողջությամբ հավանություն է տվել Ջուրջ Բուշի գնահատականներին, իր կողմից հավելելով. «Լիովին կիսելով Իրանի միջուկային ծրագրի հարցում Սպիտակ տան դիրքորոշումը, մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել ջանքերի գործադրումը՝ այդ ծրագիրը կասեցնելու եւ Իրանին միջուկային ներուժից զրկելու համար»:

Որոշ դիտորդներ միանգամայն բացատրելի են համարում Սպիտակ տան վարչակազմի անհանգստությունը: Վաշինգթոնում ոչ առանց հիմքի մտահոգված են, որ վերը հիշատակված զեկույցը կարող է վատ ազդեցություն ունենալ, այսպես կոչված, հակաիրանական կոալիցիայի անդամ մյուս երկրների վրա, վերջիններիս հարկադրելով թուլացնել զգոնությունն ու վերանայել Թեհրանի նկատմամբ որդեգրած իրենց կոշտ դիրքորոշումը: «Դա մեծագույն սխալ կլիներ միջազգային հանրության կողմից: ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալները, իհարկե, ուրախացնող են, սակայն ես շարունակում եմ Իրանը համարել աշխարհին սպառնացող ամենավտանգավոր երկրներից մեկը»,- մեկնաբանելով Իրանի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտության մասին կարծիքները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Մինչդեռ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Մուհամմեդ էլ Բարադեին այլ կարծիքի է: Ըստ նրա, Թեհրանի՝ միջուկային զենքի ստեղծման ծրագրի դադարեցման մասին ամերիկյան հետախուզության զեկույցը կդյուրացնի Իրանի շուրջ առաջացած դիմակայության կարգավորումը եւ կլիցքաթափի իրավիճակը: «Մենք նախկինում էլ ասել ենք՝ գործակալությունը կոնկրետ ապացույցներ չունի, որ իրականացվում է միջուկային սպառազինությունների ծրագիր, կամ՝ որ Իրանում կան չհայտարարագրված միջուկային օբյեկտներ»,- վերահաստատել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Վերադառնանք ԱՄՆ պետքարտուղարին: Իր անմիջական ղեկավարի օրինակով, նա նույնպես նկատել է տվել, որ իրանցիները շարունակում են ակտիվորեն զբաղվել միջուկային տեխնոլոգիաների կատարելագործմամբ: «Հիմա կանգ առնելու ժամանակը չէ: Հարկ է շարունակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի՝ Իրանի նկատմամբ ի սկզբանե որդեգրած կոշտ գիծը»,- դիմելով «գործընկեր պետություններին», հայտարարել է Քոնդոլիզա Ռայսը:

Ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներում յուրովի են մեկնաբանում Սպիտակ տան վարչակազմի չթուլացող հակաիրանական դիրքորոշումը: Բանն այն է, որ ԱՄՆ ազգային հետախուզական գործակալության հրապարակած նոր տվյալների համատեքստում լրջորեն տուժում է Միացյալ Նահանգների արեւելաեվրոպական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ծրագրի քաղաքական պատճառաբանվածությունը: Եթե հենց իրենք՝ ամերիկացիներն են ընդունում, որ Իրանը միջուկային հրթիռ չի պատրաստում, ուրեմն ումի՞ց են նրանք պաշտպանվելու, տարակուսում են Ռուսաստանում, որտեղ վերջին շրջանում ավելի ու ավելի է արմատանում այն համոզմունքը, որ ԱՄՆ-ի արեւելաեվրոպական ՀՀՊ-ն երկարաժամկետ հեռանկարում նախատեսված է հենց ռուսների դեմ օգտագործելու համար:

Հարկ է արձանագրել. ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արեւմտյան վերլուծաբանները միակարծիք են այն հարցում, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի կոշտ վերաբերմունքը, անկախ ամեն տեսակ զեկույցներից, որեւէ փոփոխություն չի կրելու: Իսկ դա նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող միջազգային սուր դիմակայությունը շարունակվելու է առնվազն մինչեւ ԱՄՆ-ում կայանալիք նոր նախագահական ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել